Երեք հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրը: Առաջին հերթին ուշադրության կենտրոնում էին Եվրոգավաթների մասնակից «Բանանցի» եւ «Միկայի» հանդիպումները («Փյունիկի» խաղը «Շիրակի» հետ հետաձգվել էր), որոնք հուլիսի 19-ին մրցասպարեզ դուրս կգան ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:
«Բանանցի» խնդիրն ավելի դյուրին էր, քանի որ մրցակիցն առաջնության հետնապահներից մեկն էրՙ «Կիլիկիան»: Արդեն առաջին խաղակեսում փորձառու «Բանանցը» երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը, վճռեց խաղի ելքը: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Ուկրաինայի «Իլյիչեւեցից» հարազատ կոլեկտիվ վերադարձած Արա Հակոբյանը: Նա նախ 24-րդ րոպեին 11մ հարվածով բացեց հաշիվը, ապա 39-րդ րոպեին 2-րդ գոլը խփեց: Ընդմիջումից հետո էլ Արսեն Բալաբեկյանն ամրապնդեց «Բանանցի» հաղթանակը:
«Միկան» հանձին «Գանձասարի» ավելի լուրջ մրցակից ուներ: Վերջերս թիմը գլխավորած Սամվել Պետրոսյանի օրոք «Գանձասարը» զգալիորեն բարելավել է իր խաղը: Բացի այդ, Կապանում մրցակիցներին չափազանց դժվար է տանտերերին հաղթելը: Բայց հունգարական ՄՏԿ-ի հետ հանդիպումից առաջ «Միկան» հաջող հանձնեց վերջին քննությունը: Վճռորոշ եղան առաջին 12 րոպեները, որոնց ընթացքում Նիկիտա Ֆուրսինն ու Կլեբեր Սիլվա Նասիմենտոն երկու գոլ խփեցին: Մնացած ժամանակահատվածում «Միկային» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը:
Իր հաղթարշավն է շարունակում «Արարատը»: «Ուլիսի» հետ խաղում էլ արարատցիներն աչքի ընկան արդյունավետությամբ, թեեւ եթե գրոհների ավարտական փուլում մի փոքր ավելի հաշվենկատ ու դիպուկ գտնվեցին, ապա կարող էին հաղթել ավելի խոշոր հաշվով: Հաշիվը 16-րդ րոպեին բացեց բրազիլացի Մարկոսըՙ դիպուկ իրացնելով 11մ հարվածը: Ընդմիջումից հետո Վահագն Մինասյանն ու Նշան Էրզրումյանը եւս 2 գոլ խփեցին եւ «Արարատը» հաղթեց 3-0 հաշվով: Նշենք, որ այս խաղում Էրզրումյանն իր օգտին կարող էր 3 գոլ գրանցել, սակայն մի դեպքում մրցակցի պաշտպանը նրա հարվածից հետո գնդակը հանեց դարպասից, մյուս դրվագում մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, արարատցին չկարողացավ գրավել դարպասը:
Սուրեն Բարսեղյան («Ուլիս»)- «Արարատն» ուժեղ էր եւ արժանի հաղթանակ տոնեց անկախ այն բանից, թե գոլերն ինչպես խփվեցին: Իհարկե, ոմանց նման կարող եմ բողոքել մարզական բախտից եւ ասել, որ եթե խաղասկզբում գնդակը չդիպչեր հորիզոնական ձողին, այլ գոլ գրանցվեր, խաղն այլ կերպ կընթանար եւ այլն: Սակայն այդպիսի պատճառաբանություններ երբեք չեմ փնտրում: Իմ թիմի հնարավորություններն իրատեսորեն եմ գնահատում: Այս երկու ամսվա ընթացքում հաջողվեց բացահայտել բոլոր բացթողումները, թերություններըՙ թե տեխնիկատակտիկական, թե այսպես ասած հոգեբանական: Ուստի առաջնությունում հայտարարված առաջիկա ընդմիջումը պետք է օգտագործենք թիմի կազմում լուրջ փոփոխություններ կատարելու համար: Այնպիսի տպավորություն է, կարծես ֆուտբոլիստները գիտեն, թե ինչպես պետք է գործեն, սակայն դրա իրականացումը չի ստացվում: Խոսքը միայն գոլային պահերի իրացման մասին չէ, այլ նաեւ ճիշտ փոխանցումներ կատարելու, արագ մտածելու եւ գործելու: Այս ուղղությամբ դեռեւս աշխատել է պետք:
Գեւորգ Քամալյան («Արարատ»)- Իր դերը խաղաց տոթ եղանակը, որի պայմաններում դժվար էր բարձր տեմպով խաղալ: Ինչ-որ տեղ երեւի հոգեբանական պահ էլ կար, որ խաղը հանգիստ սկսեցին տղաները: Սակայն տեսաք, որ «Ուլիսը» բավական բարելավել է խաղը եւ ուժեղացել: 2-րդ խաղակեսում տղաներն ավելացրին արագությունը, թիմի գործողություններում տակտիկական փոփոխություններ կատարվեցին եւ դա իր ցանկալի արդյունքը տվեց: Փաստորեն ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստները գերազանց խաղացին, ամբողջությամբ վերահսկում էին հանդիպման ընթացքը, զգալի առավելություն ունեինք: Գոհ ենք ֆուտբոլիստների գործողություններից:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 13 | 10 | 1 | 2 | 30-10 | 31 |
2. Արարատ | 13 | 9 | 2 | 2 | 25-7 | 29 |
3. Միկա | 14 | 7 | 3 | 4 | 25-15 | 24 |
4. Բանանց | 13 | 7 | 3 | 3 | 22-14 | 24 |
5. Շիրակ | 13 | 5 | 3 | 5 | 13-12 | 18 |
6. Գանձասար | 14 | 4 | 4 | 6 | 10-11 | 16 |
7. Ուլիս | 14 | 1 | 2 | 11 | 6-32 | 5 |
8. Կիլիկիա | 14 | 1 | 2 | 11 | 4-34 | 5 |
Ռմբարկուները
Մարկոս | «Արարատ» | 13 |
Գեւորգ Ղազարյան | «Փյունիկ» | 5 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 5 |
Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 5 |
Արտյոմ Բեռնեցյան | «Շիրակ» | 5 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ