«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2007-07-14 | #133, 2007-07-17 | #134, 2007-07-18


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈԽՈՒՄ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԴՐԵԱՍ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԾՆՆԴՅԱՆ 160-ԱՄՅԱԿԸ

Գերմանիայի Բոխում քաղաքի Պետրի եկեղեցու հանդիսությունների դահլիճում Հայ ակադեմիկոսների միության նախաձեռնությամբ, «Օրեր» համաեվրոպական ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի առաջարկով վերջերս կազմակերպվել էր հայ մեծանուն գիտնական Անդրեաս Արծրունու ծննդյան 160-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: «Անդրեաս Արծրունի. հայ-գերմանական բարեկամության խորհրդանիշ» խորագիրը կրող մշակութային երեկոյի հիմնական նպատակը համարյա լրիվ մոռացության մատնված գիտական հսկայի կերպարը վերականգնելն էր, ինչպես նաեւ նրան Գերմանիայում հասակ առնող երիտասարդների ինքնության ձեւավորման եւ հայակերտման ազդու խորհրդանիշ դարձնելը:

«Գերմանիայի հայ համայնքը, չլինելով պատմական շարունակական ավանդական համայնք, իր վերջնական ձեւավորման ներկա վիճակին հասավ վերջին 30-40 տարիների ընթացքում, ուստի եւ խիստ կարիք ունի այդպիսի հզոր խորհրդանիշների: Արծրունու նման օրինակները դաստիարակիչ եւ ուղղություն տվող ազդեցիկ ուժ են ներառում իրենց մեջ ու Գերմանիայում այսօր մեծացող եւ ինքնության ձեւավորման բարդ ճանապարհ անցնող հայ երիտասարդ սերունդը նրանցից կարող է ազգային հպարտության զգացական մղումներ ստանալ, իսկ հայ երիտասարդ գիտնականներին նրանք այստեղ հայկական արժեքների վերարժեվորման ու գիտական ուսումնասիրությունների հարուստ նյութ են մատակարարում: Արծրունիական պատմական այդպիսի օրինակները կարեւոր գործոններ են նաեւ ամրապնդելու համար հայ-գերմանական ակադեմիական եւ առհասարակ բարեկամական կապերը», «Ազգին» ուղարկած հաղորդման մեջ նշում է Ազատ Օրդուխանյանը:

Ծրագրի երկրորդ մասում կազմակերպվել է համերգ, որից հետո նույն եկեղեցու երկու սրահներից մեկում գումարվել է գերմանահայկական ընկերության ընդհանուր տարեկան ժողովը, իսկ մյուսումՙ «Հայերը Եվրոպայում. հին խնդիրներ ու նոր մարտահրավերներ» կլոր սեղանը, որը վարել է Պրահայից ժամանած «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4