«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2007-07-17 | #134, 2007-07-18 | #135, 2007-07-19


«ՖԻՐԴՈՒՍՆՈՑԻ» ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ՄԻՊ-ԻՆ

Իրացման գոտու բնակիչներն աջակցություն են ակնկալում բոլոր ատյաններից

Թիվ 33-րդ թաղամասիՙ «Ֆիրդուսնոցի» բնակիչները երեկ հավաքվել էին հանրապետության նախագահի նստավայրի առջեւ, սակայն ոչ թե բողոքի ցույց կազմակերպելու, այլ իրենց 241 ստորագրությամբ դիմումը նախագահին հանձնելու համար: 33-րդ թաղամասի բնակիչ Մարինե Հովհաննիսյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ բնակիչների դիմումն ընդգրկում է այն բոլոր հարցերը, որոնք մինչեւ այսօր լուծում չեն ստացել: «Նախ մենք համարում ենք, որ մեր տարածքում բացառիկ գերակա շահ չկա եւ տարածքի 71 սեփականատերեր այժմ դատարանում վիճարկում են այդ հարցը: Մենք կարծում էինք, որ իրացման գործընթացը մինչ դատական նիստի ավարտը կկասեցվի, բայց դա չեղավ: Մենք երկար տարիներ զրկված ենք եղել մեր սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունից, եւ հույս ունենք, որ այդ իրավունքները կվերականգնվեն: Նաեւ մեծ խնդիր ունենք կապված սեփականության օտարման մասին օրենքի հետ, քանի որ այն շատ կամայականությունների առիթ է տալիս եւ սահմանափակում սեփականատիրոջ իրավունքները:

Օգտագործելով մեր իրավունքը, մենք դիմում ենք նախագահին եւ համապատասխան ատյաններին, որպեսզի այդ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցվեն, քանի որ այս վիճակով օրենքը հղի է ծանր հետեւանքներով», ասաց բնակչուհին:

Նա ընդգծեց, որ երբ վարչապետն ընդունել է իրենց, խոստացել է քննարկել եւ տալ համապատասխան հանձնարարականներ: Սակայն այդ հանձնարարականները մինչ այսօր չի կատարել քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ իրացման գոտու բնակիչներին վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել էր ապրիլի 13-ին եւ խոստացել ողջամտության սահմաններում լուծել բնակիչների սեփականաշնորհման խնդիրները: Վերջերս ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողովՙ քաղաքապետարանի ղեկավարների ասելով, 33-րդ թաղամասի բնակիչների սեփականության իրավունքի ճանաչման հարցերը լուծելու համար:

Բնակիչները հույս ունեն, որ քաղաքապետարանը այս անգամ «իր տեղում կգտնվի»: 33-րդ թաղամասի բնակիչների լավատեսության հիմքն այն է, որ կարծես քաղաքապետարանը սկսել է ինչ-որ քայլեր ձեռնարկել սեփականաշնորհման ուղղությամբ:

33-րդ թաղամասի բնակիչները նախագահի աշխատակազմից բացի երեկ նույնաբովանդակ դիմումներ են հանձնել վարչապետին, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին, մարդու իրավունքների պաշտպանին:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում է «Ֆիրդուսնոցի» 71 սեփականատերերի հայցն ընդդեմ կառավարության որոշման, որով իրենց սեփականությունը համարվել է հանրային բացառիկ գերակա շահ: Դատական երկու նիստերի ժամանակ կառավարության փոխարեն ներկայացել էին քաղաքապետարանիՙ ԾԻԳ-ի աշխատակիցներՙ վստահեցնելով, որ իրենք ունեն վարչապետի լիազորագիրըՙ դատական հիշյալ գործում որպես կողմ ներկայանալու համար: Բնակիչների փաստաբան Վահե Գրիգորյանը պնդել էր, որ ցանկանում է տեսնել վարչապետի լիազորագիրը, ինչը դատարան ներկայացնելու համար էլ դատավարությունն անժամկետ հետաձգվել է: Հունիսի 26-ից մինչ այսօր քաղաքապետարանի աշխատակիցները չեն կարողացել դատարանին ներկայացնել վարչապետի տված լիազորագիրը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4