«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2007-07-17 | #134, 2007-07-18 | #135, 2007-07-19


ԴԻՎԱՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԲՈՒՌՆ ՁԳՏՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է

Այս տարի մոդեռն են օտար լեզուները, իրավագիտությունն ու բժշկությունը

«Իրենց երեխաներին դիվանագիտության ու հարակից ոլորտներում տեսնող ծնողներն այսօրվանից նրանց գործազրկության են դատապարտում», անցած տարվա ընդունելության քննությունները ամփոփելիս նախազգուշացրեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը («Ազգ», 08 2006):

Դատելով իրավագիտություն ու միջազգային հարաբերություններ մասնագիտությունների գծով այս տարվա դիմորդների քանակի նվազումից, կարելի է ասել, որ նրա խոսքը տեղ է հասել, կամ գուցե պատճառն այդ մասնագիտությունների գծով աշխատանք գտնելու դժվարությունը մեզանում արդեն իսկ ակնբախ է: Երեւանաբնակ դիմորդների համար այս տարի խիստ մոդեռն են օտար լեզուները, իրավագիտությունն ու բժշկությունը: Հայոց լեզու եւ գրականություն մասնագիտության հանդեպ առանձնահատուկ ձգտում է նկատվել Գեղարքունիքի ու Արմավիրի մարզերից: Այս տարվա ընդունելության քննություններից առաջ երեկ հրավիրած ասուլիսում նախարարը փաստեց, որ հայոց լեզվի միասնական քննության անցկացումն իր հետ բերել է 2 կարեւոր փոփոխությունՙ նախ կրճատվել է ընդունելության քննությունների ժամկետը, այս տարի դրանք կավարտվեն օգոստոսի 10-ին, բացի այդ նկատելիորեն ավելացել է դիմորդների թիվը մարզերից: Թեստային համակարգին անցնելը, պարզվում է լուսավոր ազդակ է դարձել հիմնականում Լոռու, Շիրակի, Արմավիրի մարզերից դիմորդների համար: Քիչ են դիմորդները հատկապես Վայոց ձորից, ինչն անհանգստացնող է այն առումով, որ անցած տարվա դիմորդները գրեթե բոլոր առարկաներից դրսեւորել էին թույլ գիտելիքներ:

Եվ այսպես, նախորդ տարվա համեմատ Երեւանի պետական բուհերում ավելացել է դիմորդների թիվըՙ 8171-ից դառնալով 8483: Ընդունելության հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի տվյալներով, հայտերի թիվն ավելացել է հետեւյալ բուհերումՙ պետական ճարտարապետաշինարարական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում, նվազել է Երեւանի պետական համալսարանում եւ պետական ճարտարագիտական համալսարանում: Թեպետ անցած տարվա ընդունելության քննությունների արդյունքում հուսահատեցնող էր մաթեմատիկական փայլուն գիտելիքներ ունեցողների թիվը, ինչն, ըստ նախարարի, վկայում է աշակերտների ինքնուրույն մտածողության պակասի մասին, այս տարի ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի մասնագիտությունների գծով դիմորդների թիվը նախկինի պես մեծ է: Ինչպես այս, այնպես էլ մանկավարժություն մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը կարելի է բացատրել առաջինի դեպքումՙ բարձր աշխատավարձի, երկրորդի դեպքումՙ աշխատանքի պահանջարկի հետ: Նախարարը տեղեկացրեց, որ ուսանողական վարկային քաղաքականությամբ բուհ ընդունվող ուսանողները հնարավորություն կստանան ուսման վարձը մարելու 10 տարվա ընթացքում: Զոհված ազատամարտիկների զավակները կունենան հետեւյալ արտոնությունըՙ ընդունելության քննություններից անցողիկ նվազագույն միավոր չստանալու դեպքում կանցնեն վճարովի համակարգ: Ինչպես արդեն քանիցս նշվել է, քննական բոլոր սրահներում կտեղադրվեն տեսախցիկներ, ինչպես նաեւ ձայնային սարքավորումներՙ ծնողների համար քննությունների թափանցիկությունը ապահովելու նկատառումով:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4