ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախորդ մասերի տպագրության օրերըՙ մայիսի 4, 11, 18, 25, հունիսի 1, 8, 15, 22, 29, հուլիսի 5, 13
...35
Հիվանդասենյակի դռան մոտ միլիցիոներ էր կանգնած, պատիվ տվեց:
Վրացին աչքերը փակ անշարժ պառկած էր, մի հոգի, դիմագծերով նրան նման, նստել էր մահճակալի մոտ դրված աթոռին:
Վրացին աչքերը բացեց:
- Միայն մի բառ,- ասաց մայորը,- այո կամ ոչ, կամ գլխով կանես,- եւ մատը ահեղ դատավորի պես կրծքիս դնելով հարցրեց,- նա՞ է...
Իսկ եթե վրացին ասի «այո» կամ գլխով հաստատի ու մեռնի՞...
Վրացին երկու անգամ գլուխն օրորեց:
Լսեցի Ինայի հոգոցը:
- Վերջ, գնացինք,- ասաց մայորը:
Դրսում մի պահ կանգնեցինք: Բելովը պիտի վերադառնար վրացու մոտ, ներողություն խնդրեց Բելիկովից եւ... գովեց ինձ:
- Զարմանալի ինքնատիրապետում է,- ասաց,- այդ տարիքում... Մեկ ուրիշը լացուկոծ կգցեր: Մինչդեռ մարդասպանության մեջ էր մեղադրվելու:
- Շախմատի՜ստ է,- ձգեց Բելիկովը:
- Միայն վերջում թուլացավ... Թեեւ դա ուրիշ հողի վրա էր... կարծես:
- Այդ դեպքում չես կարող ասելՙ թուլացա՞վ, թե՞...
Նրանք ծիծաղեցին, մենք էլ: Անցավ սարսափելի լարվածությունը, այդպես անընդհատ կքրքջայիՙ մայորի կարծիքը փոխելու վտանգին ենթարկվելով:
- Մենք դեռ շախմատ կխաղանք,- ասաց նա:
Պիտի ասեի. «Խորհուրդ չեմ տա, որովհետեւ ես Ձեզ ոչ թե կհաղթեմ, այլ կջախջախեմ պարզապես», բայց բերկրանքն այնքան ուժգին էր, որ ժպտացի միայն: Չհնչեց նաեւ մեղադրանքը, որ ամբողջ օրը խմորվում էր, թե ինչպե՞ս կարելի է անմեղ, անտեղյակ մարդուն հանկարծակի բերել միլիցիա, ժամերով պահել, հոգեբանական խաղերով ճնշել, հասցնել հուսահատության: Եթե մի քանի օր շարունակվեր, գուցե նաեւ ծեծեր...
Բելիկովն էլ հեռացավ: Իհարկե, խորին շնորհակալություն հայտնեցի:
Մնացինք երկուսով, լուռ:
Մոռացել էի, որ ծխախոտ ունեի: Երբ վառեցի ու ծուխը ներս քաշեցի, ասացՙ նախանձում եմ:
- Խնդրեմ, կարող եմ հյուրասիրել:
- Ոչ, երեխաներ կան,- ապա հարցրեց,- կթողնե՞ս, որ ծխեմ:
- Ինչո՞ւ ոչ:
- Մի ժամանակ արգելում էիր եւ... փոխարինում...
- Դա մի ժամանակ էր:
- Ընդամենը երեկ: Ի՞նչ փոխվեց:
- Գիշերը ագռավները կռկռում էինՙ Իռռռա եւ Կիռռռա, Իռռռա եւ Կիռռռա,... կիռ, կիռ...
- Ուրեմն նրա համա՞ր ես վերադարձել այգի... վերադարձել ես, որ սպանե՞ս...
Այս աղջիկն ինձ չհասկացավ:
- Երբ Բելովը հարցրեց, թե երաշխավորո՞ւմ եմ քո անմեղությունը, չկարողացա խոսել...
- Որովհետեւ տատանվում էիր:
- Ես շշմեցի իմանալով, որ գիշերը նորից այգի ես գնացել: Եվ այդ պահին հիշեցի դեմքիդ արտահայտությունը, երբ վրացին Նինային էր նայում:
- Ի՞նչ արտահայտություն էր:
- Ճիշտ գետափի օրվա պես էր, երբ դանակով նետվում էիր կռվելու, կատաղի...
- Դու ինձ չես ճանաչում:
- Այո, չեմ ճանաչում: Եթե ճանաչեի, անմիջապես կասեի, որ դու չես կարող սպանել... Չեմ ճանաչել, բայց սիրել եմ...
- Առանց ճանաչելո՞ւ:
- Մի՞թե ճանաչելով են սիրում: Ճանաչելով հիասթափվում են,- կարճ ծիծաղեց Ինան:- Չէ՞ որ դու էլ ինձ ես սիրել առանց ճանաչելու:
- Սիրե՞լ եմ:
- Այո, սիրել ես, այլեւս չե՞ս սիրում:
- Ագռավներին հարցրու: Նրանք ամեն ինչ տեսնում են վերեւից:
Հենց այդ պահին ծառի վրա մեկը կռկռաց:
- Ի՞նչ ասաց,- ծիծաղեց Ինան,- թարգմանիր:
- Չլսեցի՞ր, կիռ, կիռ, կիռ...
- Վերջացրու, խնդրում եմ: Այստեղից կարճ ճանապարհով կարող ենք դուրս գալ տատի տան մոտ, արի գնանք, կհանգստանաս...
- Ոչ, մերոնք հիմա ամեն ինչ կմտածեն, գնամ, հասնեմ:
- Նինան էլ էր անհանգստանում, շա՜տ անհանգիստ էր... Երեկոյան կգա՞ս տատի տուն:
- Ինչի՞ համար:
- Ի՞նչ է պատահել, Արամ,- նա սկսում էր բարկանալ:
Վրացիների խումբը գալիս էր հիվանդանոց, ինչպես միշտՙ ձայները շատ բարձր էին:
- Քայլենք,- ասացի:
Երբ անցնում էինք վրացիների կողքով, չերեւաց, թե նրանից որեւէ մեկը կասկածանքով է նայում ինձ: Ընդհանրապես բոլոր դրսեկներըՙ հայերը, վրացիները, ադրբեջանցիները, չեչենները եւ ուրիշներ, թեեւ միմյանց հետ շփվելու հակում չէին ցուցաբերում, բարեւում էին եւ մի երկու բառ փոխանակում, ջանում էին միջադեպի առիթ չտալ, հանդուրժողականություն կար: Մինչդեռ տեղացիների հանդեպ ագրեսիվ էին, ամբարտավան, հատկապես վրացիներն ու չեչենները: Վերեւից նայելու, սեփական գերազանցության զգացողություն կար: Ադրբեջանցիները նկատելի զգուշավոր էին, տափուկ մի ձեւի:
Այս խումբն էլ եկավ, անցավ նեղ փողոցը բռնած, նույնիսկ ավտոներին ճամփա չէին տալիս: Գուցե ընկերոջ հետ կատարվածից էին կատաղել:
- Դրանց բոլորին հարկավոր է քշել այստեղից,- Ինայի բարկությունը շեղվեց ինձնից,- ճիշտ է անում Պետրոն, որ...
Նա խոսքը կտրեցՙ աչքի ծայրով ինձ նայելով:
Երկրորդ տատանումը, զգուշության, անվստահության երկրորդ դրսեւորումը: Բելովի մոտ զգուշացավ ինձ երաշխավորելուց, փաստորեն չբացառեց իմ մեղավորությունը, ուրեմն կարող էր եւ դատարանում ցուցմունք տալ իմ դեմ: Այստեղ խոսքը կտրեց, չվստահեց:
Վատ նշան էր, սկսել էի մտքիս մեջ պատասխանել նրան: Կարծես նորից դառնում էի ինքնամփոփ ու լռակյաց, ինչպես մինչեւ նրան ճանաչելն էի: Մինչդեռ սիրային բռնկումների օրերին շաղակրատում էի, բլբլացնում, հրճվում ակնթարթորեն պատասխանելու հնարամտությամբ, թեկուզ հենց երեկ: Ընդամենը մի օր առաջ միասին էինք եւ երջանիկ:
- Որտե՞ղ ես, չե՞ս լսում,- ականջիս հասավ նրա ձայնը, կանգնել էր:
- Իհարկե լսում եմ... Դու ասացիրՙ դրանց հարկավոր է քշել այստեղից: Մինչդեռ պետք է ասեիրՙ ձեզ հարկավոր է քշել այստեղից...
- Ես այդպիսի բան չեմ ասի քեզ, չեմ կարող,- մոտեցավ, մի քիչ, էլի մոտեցավ,- ուզում եմ թեքվել այստեղից, գնամ տատի տուն... հետո կբարձրանամ... Ձերոնք մեր փողոցում են աշխատում... Միգուցե գաս... Ամբողջ օրը ոչինչ չես կերել, տառապալի վիճակի մեջ,- արդեն հպվում էր ինձ, փողոցի մեջ, օրը ցերեկով:
Եթե գնայի տատի տուն, կորած էի, նորից կդառնայի նրա գերին: Բռնեցի ուսերը, կարծեց, թե գրկում եմ, ժպտաց գլուխը կախ եւ հակվեց առաջ, բայց ես հեռացրի նրան:
- Հետո կխոսենք... Հիմա անպայման պետք է գնամ մերոնց մոտ:
Եվ արագորեն հեռացա, փախա:
Մոտ քսան րոպեից «Բելուխայի» կանգառում իջա ավտոբուսից: Ընթրիքի ժամ էր, մերոնք ճաշարանում կլինեին, բայց Նինան այսօր էր գնալու: Չէի ուզում զրկվել նրան վերջին անգամ տեսնելու հնարավորությունից, ամենավերջին անգամ: Ճիշտը ճաշարան գնալն էր, մինչեւ քրոջ գալը դժվար թե մեկներ, բայց ուղղվեցի դեպի Անտառային:
Հոր «Վիլիսը» կանգնած էր փողոցում, իրենց տան դիմաց, բակում մարդ չէր երեւում: Մերոնք չկային, քսանվեց համարի տունն էին դրսից սվաղում, այստեղ էին գործիքները, կալի կեսը տեղն էր: Խառնեցի ցեխը, լցրեցի տաշտակը եւ շարունակեցի պատի կիսատ սվաղը: Տենդագին արագությամբ էի աշխատում, հաճույքով էի ծեփում, լիցքաթափում էր եւ լիցքավորում միաժամանակ: Ցեխի կեսը ծեփեցի, անցա կոկելուն, ապա մնացածը վերջացրի: Վերջում կոկում էի դանդաղ, ծխելով:
Մերոնք եկան, Սաքոն չկար, գնացել էր միլիցիա, անհանգստացել էր ինձ համար: Բրիգադիրի հոգատարությունն ստիպեց, որ ներեմ նրա խարդախությունները:
- Ինչի՞ էիր գիշերով գնում նորից,- նախատեց Փայլակը, երբ պատմեցի գլխիս եկածը:
- Վրացին չասա՞ց ով է խփել,- հարցրեց Դավիթը:
- Մայորը մտավ մոտը, երեւի կիմանա:
- Հիմի արդեն տնից դուրս գալը շատ մեծ վտանգ է,- հայտարարեց Փայլակը:
Նա աչքի էր ընկնում վտանգի բացառիկ զգացողությամբ: Ասենք, աղյուսները գրկած գալիս էր, հանկարծ դրանք գցում էր ու դեմքի սարսափահար արտահայտությամբ ձեռքը խփում գրպանին: Իր ամբողջ փողը միշտ մոտն էր պահում:
- Ի՞նչ ենք անում,- Փայլակը դիմեց Ռազմիկին,- կալ չսարքե՞նք:
- Եկանք, որ ցեխը վերջացնենք, գնանք,- առարկեց Դավիթը,- Արամն արդեն վերջացրել է:
- Հա, գնանք, Արամն էլ կհանգստանա...
Փայլակը հավաքեց գործիքները, ներս մտավ: Սաքոն եկավ, ուրախացած: Միլիցիայում էր իմացել, որ ինձ բաց են թողել:
- Բախտդ բերեց,- ասաց,- վախենում էի, որ քո վրա շուռ կտան:
- Հա, բա,- հաստատեց Փայլակը,- ի՞նչ կանեիր, ի՞նչ պիտի անեինք, օտար տեղ, օտար մարդիկ...
- Բելովին գովում են,- ասաց Սաքոն,- ասում ենՙ շատ խորամանկ է, բայց արդար է:
Երբ հեռանում էինք, իրենց բակից քույրերը դուրս եկան: Վերջապես, հույսս կտրել էի:
- Ես կգամ,- ասացի կանգնելով:
- Խելքի չի գալիս,- փնթփնթաց Փայլակը,-գոնե մի սիրուն աղջիկ լիներ... Երկու բահի պոչի համար խելքը թռցրել է...
Վերադարձա քսանվեց համարի մոտ: Եթե ինձ համար էին դուրս եկել, կմոտենային: Եկան իմ կողմը: Եվս մի պատկեր ալբոմի համար: Գեղեցիկ տեսարան էր, գեղեցիկ էին քույրերը հատկապես միասին, երեկոյան մեղմ արեւաշողերի մեջ, համաչափ ու ներդաշնակ: Փայլակն ի՞նչ էր հասկանում գեղեցկությունից, որ ասածին ուշադրություն դարձնեի, թեեւ նրա հանկարծակի դիտողությունը հիշեցրել էր առաջին օրերի մտածմունքներից մեկը, թե գուցե Ինան իմ աչքին է այդպես գեղեցիկ երեւում: Նինայի ձեռքին նեղ փաթեթ կար: Հավանաբար իրենց խոստացած նվերն էր: Նվերը տվել էր քրոջ ձեռքը, վախենո՞ւմ էր, որ իրենից չեմ ընդունի:
- Ես ամեն ինչ իմացա Ինայից,- մոտենալով ասաց Նինան,- ինչ ահավոր բան է եղել: Շատ ուրախ եմ, որ այդ անհեթեթությունը պարզվեց: Ինչպե՞ս կարելի է մարդուն այդպիսի փորձության ենթարկել...
- Լավ, ճառդ ավարտիր,- ընդհատեց Ինան,- ժամանակ չկա:
Նինան նեղսրտած նայեց նրան: Քույրերը շատ էին սիրում միմյանց, բայց հակաճառությունն ու հանդիմանանքը նկատելի էին նրանց խոսակցություններում: Իմ ու Ինայի միջեւ նույնպես գժտության ու սիրո բռնկումներն իրար էին հաջորդում:
- Սիրելի Արամ,- կարծես ի հեճուկս քրոջ ասաց Նինան:
Ինայի աչքերը, բնականաբար, չռվեցին, ես զմայլված էի:
- Սիրելի Արամ,- ակնհայտորեն գոհ կրկնեց Նինան,- շնորհավորում ենք քեզ նորից, ինչպես նաեւ եղբորդ: Իսկ անձամբ ես շատ եմ ցանկանում, որ դու երջանիկ լինես:
Նինան կիսաբաց փաթեթը տվեց ինձ, չինուհու արձանիկ էր, սեւ, փայլուն մազերով, ողորկ դեմքով:
- Շնորհավորում եմ,- միացավ Ինան,- անձամբ ես նույնպես շատ եմ ցանկանում, որ դու երջանիկ լինես:
Քույրերը հեգնում էին միմյանց:
- Դե, հրաժեշտ տուր նրան,- շարունակեց Ինան,- հայրիկը սպասում է:
Նինան կարկամեց, ժպտաց ու ասաց.
- Ինձ թվում է, սա մեր վերջին հանդիպումը չէ:
- Իհարկե,- անմիջապես արձագանքեցի,- դու ինձ խոստացել ես ամենավերջին պարը, չմոռանաս:
- Ինչո՞ւ ամենավերջին, վերջինը ե՞րբ եք պարել,- կասկածամտորեն հարցրեց Ինան:
- Դա քո գործը չէ,- ծիծաղեց Նինան դեղձան մազերը ցնցելով: Իրոք լույսի շող էր նա:
Քույրերը գնացին: Փոքրիկն այդպես էլ չհամբուրեց ինձ:
Չէի ուզում հեռանալ, թեեւ նախաճաշից հետո բերանս բան չէի դրել սիգարետից բացի: Խոպանիստին չի կարելի այդքան սոված մնալ: Մտա ներս, լուսամուտից նրանց բակի մի մասն ու «Վիլիսը» երեւում էին: Տեսա հրաժեշտի արարողությունը: Տատն ու մայրը բաց չէին թողնում Նինային, փոխնիփոխ համբուրելով, երկու կողմից գրկած պահելով ուղեկցեցին նրան մինչեւ մեքենա: Փոքրիկին շատ էին սիրում: Դժվար թե Ինային երբեւէ այդպես հրաժեշտ տված լինեին: Խղճացի նրան: Ես էլ տան առաջնահերթ սիրված երեխաներից չէի եւ փոքր տարիքում հաճախ էի զգացել մանկական խանդի ցավերը:
Գնաց Նինան, Դիվինոն մթնեց:
Միջանցքի հատակի մի մասը չէինք խփել, տանտերերն այդտեղ գործ ունեին անելու: Նստեցի ոտքերս կախած, հարմար էր ծխելու համար, կարծես թոնիր կախված լինեի:
- Ծխո՞ւմ ես...
Դռան բացվածքի մեջ Ինան էր կանգնած:
Չպատասխանեցի, ինչպես ասում ենՙ մութ չէր, տեսնում էր, որ ծխում եմ:
- Ինձ էլ տուր:
Հանեցի տուփը:
Նստելու տեղը փոքր էր, քսվեց ինձ: Եթե խոսելու համար էր եկել, հեռու պիտի մնար:
- Գլուխս պտտվեց,- գցեց սիգարետը: Ուրեմն վաղուց չէր ծխել:
Ես շարունակում էի ծխել:
- Ինչո՞ւ չես խոսում,- հարցրեց:
Ինքն էր եկել, ինքը պիտի խոսեր:
Սկիզբը չէր ստացվում, բայց վերջը շատ լավ էի պատկերացնում, անխուսափելի էր: Եթե այսպես նստած մի քիչ էլ մնայինք, հետզհետե իրար մոտենալով, ոչ մի սկիզբ պետք չէր լինի, ոչ էլ շարունակություն: Բավական էր ձեռքս կիսածալ մեկնել, որ գրկեմ մեջքը, բավական էր թեթեւակի քաշել նրան, որ իսկույն կիսապառկի գրկիս մեջ, բավական էր հպվել մաշկին, որ խորասուզվեի ու խեղդվեի, ինչպես մի անգամ արդեն խեղդվել էի գետում... եւ բավական էր հիշել հանկարծ Կիռա կոչվածի դաջվածապատ թեւերը, որ ցնցվեի ու թողնեի նրան...
- Չեմ կարող,- ասացի հուսահատ,- այդ տղային տեսնելուց հետո չեմ կարող քեզ ձեռք տալ:
Ինան ճկվելով, գրեթե ոլորված, դեմքը շրջեց վերեւ:
- Բայց ես քեզ եմ սիրում,- շշնջաց չորացած շուրթերով,- հասկանո՞ւմ ես, ես քեզ սիրում եմ: Երբեք չեմ ասել այդ բառերը,- նա շուրթերը սեղմեց բերանիս, բայց ուշքի չբերեց, փայտացած նստել էի,- դու խանդում ես անցյալի համա՞ր:
Անցյալ թե ներկա, կարեւոր չէր, երբ նրան գրկում էի, աչքերիս առաջ այդ տղան էր:
- Սա ինչ-որ հիվանդություն է,- հետ քաշվեց Ինան,- դու ոչ միայն սիրո հիվանդ ես, այլեւՙ խանդի... բայց դա ծիծաղելի է...
Կարող էր բերանը բացել ու հռհռալ:
- Ո՞ւր էիր,- շարունակեց Ինան,- ծնվեիր Ալթայում, ինձ չորս տարեկանից հսկողության տակ առնեիր, որ ոչ մեկի հետ չշփվեմ... Ես ի՞նչ իմանայի, որ որտեղից որտեղ, հեռավոր երկրից գալու ես դու...
Ամեն ինչ ճիշտ էր:
- ՉԷ՞ որ դու գիտեիր, չէիր կարող չիմանալ: Ինչո՞ւ մինչեւ հիմա ծպտուն չէիր հանում, հենց նրան տեսար, գժվեցիր...
Ծպտուն հանել էի, չէր հիշում: Իսկ գժվելու մասին ճիշտ էր ասում: Մինչ այդ վանել էի նման մտքերը, ենթադրությունները: Գիտեի, որ եղել է ինչ-որ մեկը... կամ եղել են: Բայց դա ուրիշ աշխարհ էր, իրական չէր, ես չէի տեսնում, իսկ այս Կիռան հայտնվեց իմ աշխարհում:
Նա նորից պառկեց գրկիս մեջ, փաթաթվեց, սեղմվեց կրծքով, լիովին նախահարձակ, իսկ ես արձանացած էի:
- Ես քեզ սիրում եմ,- կրկնում էր շուրթերով վիզս շոյելով, ինչպես ես էի նրան անում,- դու իմ սեւուկ մանչուկն ես: Դու ինձ սեր տվեցիր, ստիպեցիր, որ ես էլ սիրեմ, զգամ սերը...
Բանվորական շորերս հանելը հեշտ էր: Վերնաշապիկս երկու տեղով էր կոճկված ընդամենը, արձակելու նեղություն չտվեց իրեն, քաշեց պոկեց, կարծես ինքն էր կարելու կոճակները: Նա արդեն վարարել էր, ես զսպում էի ինձ: Տեսնենք, թե ինչ ես անելու առանց ինձ, մտածում էի չարախնդալով, սեր չսպասես ինձնից այս անգամ...
Պառկեցրեց ինձ թարմ, նոր խփված հատակին, տաշեղներ ընկան մեջքիս տակ: Արձակեց գոտիս, լարված շարունակությանն էի սպասում, բայց միանգամից քաշեց տարավ շորերս... Ամեն ինչ պատրաստ էր նրա համար,... Համաձայն չէի այդ հնազանդ ու ստորակա դիրքին, կամակատար էի դառնում, մասամբ դիտորդ: Կտրուկ նստեցի ու կանգնեցի, նրան գրկած բարձրացնելով:
- Լուսամուտներից կերեւանք,- շշնջաց:
- Գնանք տատի տուն...
Ինքս չտարբերեցի բառերը, բայց նա հասկացավ:
- Ուշ է,- խեղդված ծիծաղեց,- չենք հասցնի...
Անհատակ մասը արկղի պես տեղ էր, փափուկ հողը թումբ էր դարձել: Իջանք այդտեղ, ես ծնկի եկա, նա հայտնվեց գոգիս մեջ: Միայն կոնքերի վերին մասով էր հենվել հողին, կարծես բազմոցի վրա լիներ, միայն թե առանց թիկնակի: Ձիգ էր եւ ճկուն, կարող էր ուսերն ու գլուխը պահել, մեջքը բռնել էի ամուր, մնացածն էլ ապահով տեղում էր...
Կիսամութ էր, երբ հագնվեցինք: Ոչ մի անգամ այսպես թուլացած չէի եղել: Ահավոր օրը ջլատել էր ինձ, սոված, որը պակաս կարեւոր չէր, եւ սա սոսկ մերձեցում չէր, բախում էր, գուցե հանգուցալուծում... Հանկարծակի հարվածների տարափից ուշքի չեկած...
- Այդ զգեստը քեզ շատ է սազում, միլիցիայում նկատեցի,- բառերը դանդաղորեն էի ասում, ծնոտներիս թեթեւ շարժումից ականջներիս մեջ ղռռոց կամ կրճտոց էր լսվում:
- Առաջին անգամ ինձ նման բան ասացիր,- ժպտաց,- ես էլ եմ սիրում սա, առաջին կուրսում եմ հագել: Քանի տարի անցել է, բայց նույն ձեւի է նստում, չեմ փոխվել բացարձակապես:
Նորից տեղավորվեցինք հատակի վրա, ոտքերս կախած: Նստեց ու սեղմվեց ինձ:
- Փոքր երեխա էի, տատիս հարցրեցի. «Ի վերջո սեր գոյություն ունի՞»: «Իհարկե ունի,- անմիջապես պատասխանեց նա, մի վայրկյան չտատանվեց, հետո ավելացրեց,- բայց պիտի անձամբ զգաս, որ հավատաս»:
- Հավատացե՞լ ես, թե՞ ստուգում ես:
- Մի՞թե կասկածում ես,- Ինան թեւս բռնեց, կուրծքը սեղմեց ուսիս,- միլիցիայում կատարվա՞ծը նկատի ունես...Երբեք չեմ ների ինձ այդ պահի համար:
- Կարող եմ ուրիշ օրինակներ բերել:
- Դե,- ուղղվեց նա աչքերն ինձ հառելով:
- Պետրոյի մասին խոսքդ կիսատ թողեցիր, կարծես բերանից թռցրել էիր, չվստահեցիր:
- Ուրի՞շ...
Հիշեցրի «ի հեճուկս»-ին նախորդող նրա եւ Նինայի արտահայտությունները:
- Ինչպես երեւում է, շախմատ խաղալ պիտի սովորեմ,- ընկճված ծիծաղեց նա:
- Շախմատ խաղալ սովորելով գուցե կարողանաս չասել նման բաներ, թաքցնես...
- Դու թաքցնո՞ւմ ես:
- Ոչ, բայց ջանում եմ ցավ չպատճառել:
- Հաճախ պատճառում ես:
- Ես գրոսմայստեր չեմ:
- Իսկ հենց նոր...
- Ի՞նչ եմ արել,- չհասկացա:
- Ինչո՞ւ էիր այդպես չարացած, կարծես ուզում էիր ոչնչացնել ինձ:
- Մի՞թե կոպիտ եմ եղել,- քրթմնջացի ամոթահար, ուսը գրկելով,- կներես... խնդրում եմ, դու ինձ զգուշացրու...
- Երեւի ամեն ինչի մեղավոր ինձ էիր համարում:
Գուցե ճիշտ էր ասում, ե՛ւ չարություն էի զգացել, միայն թե ոչ ցավ պատճառելու կամ պատժելու մտադրությամբ, ե՛ւ ինքնագոհություն, որ կարողացա ճնշել ու ենթարկել նրան... Ամենեւին էլ մեր սիրաքնքուշ մերձեցումներից չէր, դրանք յուրովի տարբեր էին լինում, բայց քնքշությունն ու հոգատարությունն անպակաս էին, երկուստեք...
Ազատ ձեռքով սիգարետ հանեցի:
- Կթողնե՞ս ծխեմ,- հարցրեց:
- Փորձո՞ւմ ես ինձ:
- Այո, գլխի ընկար:
- Խոստացել ես չծխել:
- Դու էլ էիր խոստացել:
- Ես միլիցիայում չդիմացա, հուսահատության մեջ էի ընկել:
- Մայորը գովում էր քեզ:
- Գուցե թվացել է: Խցում անցկացրած ժամերն ահավոր էին, երբ հանկարծ մտածեցի, որ միլիցիային պարզապես ձեռնտու է ինձ մեղավոր հանելը: Ամենասարսափելի պահը հիվանդանոցում էր: Ի՞նչ էր լինելու, եթե վրացին մայորի հարցին ի պատասխան գլխով աներ, որ ես եմ խփել, եւ մեռներ:
- Դե ոչ, անմեղ մարդու բանտ չեն գցի:
- Ոչ ոք չի տեսել խփողին, ես այդ ժամին այգում եմ եղել, բայց որեւէ տեղում չեմ երեւացել: Ինչպե՞ս ապացուցեի անմեղությունս: Եթե դու էիր կասկածում, մայորը չէ՞ր կասկածի:
- Նորից...
- Այդ պահին, անկեղծ ասած, հուսահատությունը խեղդեց ինձ: Տպավորի՞չ էր «խոստովանությունը»:
- Հիմա է տպավորիչ թվում, այն ժամանակ սարսափելի էր, շունչս կտրվեց:
- Հավատացի՞ր:
- Ժամանակ չեղավ մտածելու: Ինձ Բելովի ծիծաղը սթափեցրեց: Զգացի, որ նա չհավատաց քո ասածին:
- Երեւի նա հենց սկզբից էր համոզված, որ ես մեղավոր չեմ:
- Բայց ամբողջ օրը պահեց, քննեց...
- Նման հոգեբան քննիչները սիրում են մարդկանց տնտղել: Մեկ էլ տեսարՙ մի ուրիշ հանցանք հայտնաբերվեց:
- Չհարցրե՞ց, թե ինչու ես գիշերը նորից գնացել այգի:
- Պատասխանեցի նույնըՙ ուղղակի ուզում էի դուրս գալ:
- Իսկ ինձ կասե՞ս, թե ինչու գնացիր:
- Կարծում էի, թե Նինային տուն հասցնելուց հետո վերադարձել ես այգի:
- Լո՞ւրջ ես ասում:
- Գրեթե համոզված էի:
- Ատո՞ւմ ես ինձ:
- Եթե ատեի, ինչո՞ւ պիտի գնայի այգի:
- Իսկ ես իրոք ուզում էի վերադառնալ:
Զգացել էի:
- Ուզում էի վերադառնալ ու ասել նրան, որ սիրում եմ քեզ:
- Եվ ինչո՞ւ չգնացիր:
- Նինան չթողեց: Գուցե քույրս փրկեց ինձ ու Կիռային: Պատկերացնում եմ, միասին այգում նստած ենք, հայտնվում ես ծառերի միջից...
Ծաղրո՞ւմ էր:
- Հիմա դեմքիդ նույն արտահայտությունն է: Այդպիսի պահերին քեզնից վախենում եմ, լրիվ ուրիշ մարդ ես դառնում, չեմ ճանաչում քեզ: Քիչ առաջ էլ էր կարծես նույն արտահայտությունը, երբ ուղիղ նայում էիր աչքերիս: Հիմա եմ հիշում զարմանքի զգացումը, որ պատեց ինձ այդ պահին: Փոխված էիր, միանգամայն ուրիշ մարդ: Դրանից առաջ միշտ հոգատար ես եղել, ուշադիր: Զարմանում էի, թե որտեղից այս անփորձ տղային այդպիսի ասպետական վերաբերմունք, երեւի բնազդաբար էր ստացվում... կամ քո էությունից էր բխում... Իսկ այս անգամ չար էիր եւ ծանր...
- Կներես,- կրկնեցի հուսահատ,- մտքովս չի անցել, երեւի ահավոր օրն է եղել պատճառը...
- Հավատում եմ, ի վերջո սարսափելի պահեր հաղթահարեցիր: Խոստովանում եմ, նույնիսկ ուրախացա, որ կարողանում եմ այդ չարությունդ թե բարկությունդ թափելու հնարավորություն տալ քեզ:
Ըստ երեւույթին նա ավելի շատ էր սիրում ինձ, քան եսՙ իրեն, եւ ամաչեցնում էր:
- Չգիտեմ,- ասացի դեմքս մազերին սեղմելով,- չարություն, բարկություն, ուրիշ ինչ... Եղել են, թե ոչ, այդ ամենն անցավ... Սա է ամենալավ բուժումը, սրբում է ամեն ինչ... Ափսոս, եթե գետում լողանայինք, կատարյալ կլիներ...
- Իմացա ոնց բուժեմ քեզ, հենց վատ տրամադրության մեջ լինես,- ծիծաղեց Ինան:
- Այո, ես ասել եմ, դու ինձ կործանելու ձեւը գիտես, հիմա փրկելունն էլ իմացար, այնպես որ կյանքս փաստորեն քո ձեռքերում է...
Սովորական կատակախառը խոսակցության էր վերածվել, բայց եթե ծիծաղը, շշնջոցներն ու համբույրները չլինեին, այդ բառերը լսեի առանց որեւէ շեշտադրության եւ երանգի կամ կարդայի անշունչ թղթի վրա, միանգամայն լուրջ կընդունեի:
- Իսկ ի՞նչ էիք խոսում,- հարցրեցի:
- Կիռայի հե՞տ:
Այնպես էլ մտերմաբար էր ասում անունը:
- Այո, ի՞նչ էին խոսում Իռռան ու Կիռռան:
Հեգնանքս չզգաց կամ չզգալու տվեց, ռ-ները քիչ էի ասել ըստ երեւույթին:
- Հարցրեց, ոնց եմ, ի՞նչ եմ արել այս տարիներին...
- Նա որտե՞ղ է եղել:
- Բանտում,- զգուշաբար նայեց Ինան,- կռիվ էր արել: Քո մասին հարցրեց, ասացՙ ո՞վ է այդ տղան: Պատասխանեցիՙ ընկերս է:
- Հենց այդպե՞ս:
- Այո: Ծիծաղեց, ասում էՙ այդ երեխա՞ն:
Գրկեցի նրան, բարակ շորի տակից ջերմությունը վաղուց էր ինձ փոխանցվում:
- Ահա եւ քեզ երեխա,- ծիծաղեց Ինան ավելի մոտենալով,- ճի՞շտ հասկացա:
Թիկունքով սեղմվեց կրծքիս, թեւերիս մեջ ամփոփված:
- Հետո՞:
- Կարեւոր բան չենք ասել: Չխոսենք դրա մասին...
Նորից լավ էր, նորից միասին էինք եւ անկարող բաժանվելու: Անվերջ կմնայինք իրար գրկի մեջ: Իզուր չգնացինք տատի տուն, տանջալից օրն ավարտեինք անկողնում միասին քնելով: Մենակ մնալով էլի պիտի ընկնեի մտատանջության մեջ, այսպես արբեցնում էր, ընդարմացնում...
Եկավ բաժանողը կամ տուն կանչողըՙ հանգիստ, համբերատար ու զուսպ, բայց համառ ու պահանջկոտ Գամբիտը:
- Եկավ իմ հետեւից,- Ինան ծիծաղելով ձեռքը դրեց շան գլխին, քորեց ականջների հետեւը, ուժգին տրորելով մռութն աջ ու ձախ էր տանում,- տխրել է Նինայի գնալուց հետո, առաջ ինձ մոտ չէր գա, նրա հետ էր խաղում միշտ:
-Երրորդը,- ասացի,- եւ ամենաբարյացակամը... Գետափին եղբայրդ հայտնվեց, ամենակարեւոր պահին, տատի տանըՙ քույրդ, երկու անգամ: Ահա եւ Գամբիտը, բարեբախտաբար ուշ եկավ կամ այնքան բարեկիրթ էր, որ սպասում էր պատուհանի տակ, թեեւ ինձ չի սիրում:
- Փորձիր ձեռք տալ:
Փորձեցի, շունը լուռ հետ-հետ գնաց: Չվստահեց... տիրուհու պես:
Նրանք գնացին: Մի քանի րոպեից ես էլ դուրս եկա, արձանիկը գրկած, սոված, հոգնած, ուժասպառ եւ անորոշության մեջՙ ի՞նչ է լինելու վերջը: Շարունակությունը տեսնում էի, վերջը չէի գտնում:
36
Գիշերը չգտա վերջը, պառկելուն պես քնել էի մինչեւ վերկացը: Սաքոն վաղուց պադյոմ չէր տալիս, յոթից բոլորս արթուն էինք: Եթե ձայն չտային, շատ կքնեի, բայց այդքանով էլ բավարար չափով կազդուրված էի:
Ամեն առավոտ մի նորություն լսում էինք, այս անգամվանը ավելի խառնեց մեզ: Չուլկինին հանել էին: Սաքոն հանգիստ տարավ, կարծես անսպասելի չէր նրա համար:
- Հանեցին վերջը,- ասաց,- ընկել էին հետեւից... Քեֆի օրվա մի ավտո արաղը չներեցին: Շրջկոմում ասել էինՙ Բուխարայի Էմիրի տե՞ղն ես դրել քեզ...
- Բա հիմի ո՞նց պիտի լինի,- Փայլակը տագնապի մեջ էր,- մեր փողը կտա՞ն:
Սաքոն ձայն չհանեց:
- Իմանանք, թե բան է, չաշխատենք...
Դավիթն սկսեց անհանգիստ շարժումները:
- Ո՞նց չեն տա,- Սաքոյի փոխարեն պատասխանեց Ռազմիկը,- աշխատել ենք, ո՞նց չեն տա:
- Մի երկու օրից կպարզվի,- վերջապես խոսեց Սաքոն մեր տագնապը խորացնելով:
Գնացինք ճաշարան, անկախ ամեն ինչիցՙ ուտելը պետք էր, հատկապես ինձ:
Քսանվեց համարի սվաղն էինք շարունակում: Ձանձրալի աշխատանք գեղեցիկ հարեւանուհիների բացակայությամբ: Ինան դպրոց գնաց, ընդհանուր բարեւեց ու անցավ: Միանգամայն տարբեր էին դպրոց շտապող ուսուցչուհին եւ գիշերվա աղջիկը: Թե կտեսնեին աշակերտները համեստ ուսուցչուհուն գիշերը գրկիս մեջ... կամ առաջ, ինչքա՜ն անզգույշ էինք, գետափին, ժամերով, մերկ գրկված պառկած, այգո՜ւմ...
Չուլկինին հանելու լուրը բրիգադին մոռանալ էր տվել իմ պատմությունը: Խոսակցության եւ մտահոգության միակ թեման էր: Սաքոն չկար, Դավիթն ու Փայլակն էին հիմնականում քննարկում:
Ես էլ էի անհանգստացել, բայց Չուլկինի պաշտոնանկությունը չէր կարող շեղել իմ հիմնական մտածմունքից: Վաղուց վերլուծությամբ չէի զբաղվել, եւ վերլուծելու չափազանց շատ նյութ էր հավաքվել: Դա էլ չէր ստացվում, Կիռա կոչվածն էր խանգարում: Ինչքան մտածում էի, այնքան խառնվում էր ամեն ինչ... Այդքանից հետո անհամբերությամբ սպասում էի Ինայի գալուն, նրան տեսնելու պահանջն անպակաս էր դարձել:
Գամբիտն էլ էր ձանձրանում առանց քույրերի, հայտնվեց մոտս: Բարյացակամության նշաններ էր ցույց տալիս: Թեթեւակի զննեց աշխատանքս, բայց արժանապատվությունից ցածր համարեց գնահատելը, ինչպես որ հավերի կչկչոցին ուշադրություն չէր դարձնում: Մի երկու անգամ անցավ-դարձավ ու հեռացավ: Համենայն դեպս առաջին անգամ պատվեց իր այցելությամբ:
Երեկվա ծոմապահությունից հետո ինչ որ պակաս էր մնացել նախաճաշին, ճաշը լրացրեց: Կարծես թե կարգավորվում էի: Մի հաճույք էլ ավելացավ, ներքին եւ արտաքին բոլոր տատանումները հարթվել էին, լիարժեք ծխող էի դարձել:
Չգիտեի, թե Ինան քանիսին է գալու դպրոցից, ճաշից հետո արդեն սպասում էի: Դաս չկար, առանձնապես չպետք է ուշանար: Այդ օրը չտեսա նրան, երեւի մեր ընթրիքի ժամին էր եկել եւ տանը փակվել կամ գուցե տատի տուն էր գնացել... առանց ինձ: Մինչդեռ արդեն վերջացնում էինք քսանվեցի սվաղը, մի օրվա գործ էր մնացել, տեղափոխվելու էինք Անտառայինից: Քսանութի սվաղը, հատկապես ներսինը, թողնելու էինք անձրեւային օրերի համար: Քսանութում նույնպես տանտերերը պիտի խողովակներ քաշեին եւ վառարան շարեին:
Հաջորդ օրը, ճաշից հետո նոր տեսա նրան: Եթե իմանայի, թե ինչ լուր է բերել, այդպիսի անհամբերությամբ չէի սպասի: Վրացին մահացել էր: Փաստորեն վիրահատությունը հաջող էր անցել, բայց այս գիշեր վեր կացել, ջուր էր խմել, որը կործանել էր նրան:
Ինայի մոտենալը չէի տեսել, տան հակառակ կողմում էի, որտեղից փողոցը չէր երեւում: Հեռանալու պահին էլ չհաջողվեց հիանալ նրանով, նորությունը շշմեցրել էր, բայց ամենակարեւորը չէի մոռացել:
- Երեկոյան կսպասեմ,- ասացի:
- Կգամ, բայց խոսելու համար,- ասաց հետ նայելով:
- Ուրիշ ինչի՞ համար,- համակ զարմանքով արձագանքեցի անհապաղ: Թող համոզվի, որ մայորն անտեղի չէր գովում, ամենավատ լուրն էլ չի խորտակի ինձ, երբ նրա հետ եմ:
Ծիծաղեց ու գնաց խոտերի միջով: Փողոց դուրս չեկավ, անցավ քսանութ համարի մոտով, պայուսակը բռնած ձեռքով հենվեց իրենց ցանկապատին, հաշվի չառնելով ոչ այդպիսի գործողությանն անհամապատասխան շորերը, ոչ էլ ծնկները քերծելու կամ շրջազգեստը ճղելու վտանգը, ոտքը դրեց ճաղերը կապող հորիզոնական տախտակին ու անցավ ճարպկորեն: Երեւի դպրոցում շատ էր մնացել կաղապարի մեջ: Սա դեռ այս օրերին, խեղճ աղջիկս ինչ պիտի անի, երբ դասերը սկսվեն:
- Այ քեզ աղջիկ,- հիացավ Փայլակը, հենց այդ պահին ցեխով լի դույլերով պտտվեց անկյունից, կարծես իր կոպիտ խոսքերի մեղքն էր քավում,- ոնց անցավ... Դասատուն ըսենց կլինի... Ֆիզկուլտի դասատո՞ւ է, Արամ:
- Չէ,- պատասխանեցի նրա դատարկած ցեխը շպրտանով խառնելով,- ռուսերենի:
Վրացու մահը ցնցել էր: Խեղճ մարդը գոնե հասցրեց փրկել ինձ: Մայորը նրանից ինչ-որ բան իմացե՞լ էր, կամ մի՞թե ընկերներին չէր ասել: Ուրեմն հիվանդանոցում նրան հետեւող չի եղել, ոչ բուժքույր, ոչ հերթապահ, ոչ մոտը մնացող...
Ենթադրություններս ուղղվում էին Պետրոյի ջահելների կողմը, կասկածելի էին նրանց գիշերային պարեկությունները: Նրանցից ամեն ինչ սպասելի էր: Ցիգի ու բանտից նոր ազատված Կիռայի հայտնվելն էլ էր կասկածելի: Գյուղի երիտասարդությանը լավ չէի ճանաչում, հաճախ դեմքեր էի տեսնում առաջին անգամ, բայց պարզվում էր, որ տեղացիներ էին: Կամ գետափի երեք տղաներից ոչ մեկին չէի տեսել հետո:
Սաքոն գիտեր վրացու մեռնելը, ընթրիքին եկել էր ճաշարան:
- Չի ասել, թե ով է խփել: Եղբորն ասել էՙ ես դուրս գամ, ինքս կգտնեմ... Ամեն տարի մի դագաղ գնում էր Դիվինոյից,- դժգոհ շարունակեց Սաքոն,- էս տարի արդեն երկրորդն է, սեզոնը չի պրծել...
Բելովի սպիտակ «Ժիգուլին» էր կանգնած փողոցում, Ինայի հետ զրուցելով մեր գործն էր դիտում: Գուցե տուն ուներ սարքելու, եկել էր ստուգելու, թե ինչ վարպետներ ենք: Մոտեցա ջանալով հանգիստ երեւալ, այդ մարդը հենց այնպես չէր հայտնվի:
Բելովն այս անգամ դես ու դեն չընկավ:
- Ամենակարեւորը չհարցրեցի քեզ: Դու սպանության պահին այգում ես եղել, ոչ մի ձայն չե՞ս լսել:
Ես մտածեցի ու գլուխս օրորեցի:
- Լավ, տես ինչ եմ խնդրում: Նախ համոզված եղիր, քեզ բացարձակապես չեմ կասկածում:
Սա ասում եմ, որովհետեւ դու կարող ես օգնել ինձ եւ պետք է կենտրոնանաս, հանգիստ մտածես: Հիշիր քո անցած ճանապարհը, ամեն մի քայլը, ամեն ինչ տեղը բեր, ում ես տեսել, որտեղ: Միասին այգում գնանք քո հետքերով: Դա շատ կարեւոր է...
- Աշխատանքից հետո կգամ:
- Լավ կլինիՙ լույսով... Ո՞վ է ձեր ավագը:
Բելովը մոտեցավ Փայլակին, որն անմիջապես սկսեց գովել ինձ, ապա ձեռքը տնկած կարգադրեց.
- Գնա, Արամ, գնա, շորերդ փոխի, գնա...
- Մի ժամից կսպասեմ այգու մուտքի մոտ,- Բելովը նստեց մեքենան եւ շարունակեց,- հիմա կասեսՙ ի՞նչ քննիչ է... Եթե այսքան կարեւոր է համարում, ինչո՞ւ միանգամից չարեց...
- Չեմ ասի, որովհետեւ վրացին ուշքի էր եկել, եւ Դուք համոզված էիք, որ արդեն կբացահայտվի: Ի՞նչ իմանայիք, որ վրացին չի հայտնելու:
- Որտեղի՞ց գիտես:
- Հենց նոր մեր բրիգադիրն ասաց, ուրեմն ամբողջ գյուղը գիտի:
- Ես ու վրացին ներսում երկուսով էինք, ո՞ւմ է հայտնի, թե նա ինչ է ասել ինձ:
- Չի ասել, եթե ես եմ մնացել Ձեր վերջին հույսը:
- Այո, հույսը, բայց ոչ վերջին: Իսկ դու ինձ կօգնես միայն մի դեպքում, եթե ճշգրտությամբ նկարագրես եւ անկեղծորեն ասես ամեն ինչ:
- Ես վախենում եմ,- նրա գնալուց հետո ասաց Ինան,- այս մարդը վնաս չտա՞ քեզ:
- Ես կվախենայի որեւէ հիմար միլիցիոներից,- նաեւ ինքս ինձ հանգստացրի,- իսկ այս մարդը մտածող է, նա վնաս չի տա:
- Մտածելո՞վ քեզ խուցը գցեց:
- Այո, հավանաբար:
Ինան գնաց իրենց տան կողմը: Փայլակը նայում էր նրա հետեւից, երեւի կարծում էր, թե էլի կցատկի ցանկապատի վրայից: Ինան դանդաղ քայլում էր փողոցով, բացեց բակի դռնակը, մտավ: Սովորական դրվագ, ինչո՞ւ ինձ թվաց, որ այդ պահը միշտ կհիշեմ, տպավորվեց:
Մի ժամը ինձ համար հսկայական ժամանակ էր: Արագորեն հասա գյուղտեխնիկա, ջուր տաքացրի, գլուխս լվացի, սափրվեցի... Կինո չէի գնում, ոչ էլ պարելու, բայց վերջում հավանաբար հանգրվանելու էի մեր նորակառույցում:
Երբ անցնում էի միլիցիայի մոտով, Բելովը դուրս եկավ, չէր կանգնի այգու մուտքի մոտ: Այնտեղ Ինան էր սպասում: Չէի կասկածում, իհարկե կգար, դրա համար չպայմանավորվեց, թե երբ եւ որտեղ հանդիպենք:
- Չեմ խանգարի, չէ՞,- սիրալիր ժպիտով դիմեց մայորին:
- Ամենեւին,- պատասխանեց մայորը: Այդպիսի ժպիտին ո՞վ ուրիշ պատասխան կտար:- Ավելի լավ:
Նույնիսկ: Բելովն անցավ գործի:
- Ուրեմն այստեղ հայտնվել ես տասներկուսից հետո, ճի՞շտ է: Հնարավո՞ր է, որ, ասենք, տասը րոպեում գյուղտեխնիկայից հասնե՞ս այստեղ:
- Հնարավոր է:
- Այսինքն, բացառված չէ, որ մինչեւ տասներկուսը լինեիր այստեղ:
- Դուք շատ լավ գիտեք, որ ժամը տասներկուսին աղջիկները տուն են մտել, իսկ ես այդ ժամին եմ նրանցից բաժանվել:
- Ես գիտե՞մ...
- Այո, երեկ Ինան ասաց:
- Մոռացել էի: Տասներկուսը ընդունե՞նք ելակետ:
- Այո: Եթե Ինան չի սխալվում:
- Ես տուն մտնելիս նայեցի ժամացույցին,- Ինան ցույց տվեց իմ նվերը:
- Նրանց տնից մինչեւ գյուղտեխնիկա ինչքա՞ն ժամանակում կհասնեիր:
- Յոթ-ութ րոպեում:
- Այդքան որոշակի՞:
Ինան թեթեւակի կարմրեց:
- Մենք այդ փողոցում չորս օբյեկտ ունենք:
- Գյուղտեխնիկայից այգի՞...
- Տասներկուսից տասնհինգ րոպեում:
- Այսինքնՙ դու մինչեւ տասներկուսն անց քսան-քսանհինգ չէիր կարող լինել այգում:
- Այո:
- Ենթադրենքՙ տասներկուսն անց կես այստեղ ես եղել: Առաջ անցիր եւ աշխատիր քայլել նույն արագությամբ:
Դանդաղորեն ուղղվեցի դեպի պարի տաղավար: Եթե Բելովն ուզում էր պարզել այդ գիշերվա ողջ անցուդարձը, Նինայի ընկերուհիներին պիտի հարցներ: Նրանք ամեն ինչ կիմանային:
Ենթարկվելով Բելովին եւ ավելի շատՙ իմ հիշողությանը, ես իրականում մտա այդ գիշերվա մեջ: Քայլում էի ծառուղու եզրով, ծառերի տակով, դանդաղ:
Տաղավարում սարքավորումներ էին տեղադրում, ձայնն էին փորձում, մի քանի հոգի էին ներսում, իսկ այն ժամանակ պարում էին, եւ դրսում էին հավաքված: Չհասա մուտքին, զննեցի ներսը, ինչպես այն ժամանակ: Մեկ-երկու րոպե, ոչ շատ: Ապա թեքվեցի ձախ եւ մտա ծառերի արանքը, որտեղ նստարանն էր: Անցա առաջ: Դժվար չէր ուղին վերականգնելը, որովհետեւ գնացել էի իմ եւ Ինայի անցած ճանապարհով: Արդեն Ինային էի ցույց տալիս ուղիս: Ահա եւ նրա համբարձման վայրը: Պտտվեցի ծառի շուրջը, որպեսզի տեսնեմ նրա դեմքը: Ժպտաց: Վերջապես հասա գետափ, նստեցի պառկած ծառի վրա, արմունկներով ծնկներիս հենված, գլուխս կախ:
- Այստեղ երկու ժամ նստել եմ,- ասացի Բելովին,- նստե՞մ այդքան:
- Ո՜չ,- ծիծաղեց,- ամբողջ ժամանակ շախմա՞տ էիր խաղում:
- Մի պարտիա փորձեցի խաղալ, չստացվեց:
- Ի՞նչ էիր անում, ինչի՞ մասին էիր մտածում:
- Խառը... կամՙ չէի մտածում, հենց այնպես նստել էի:
- Միշտ այստե՞ղ, ծառի վրա՞, գլուխդ կա՞խ...
- Այո:
- Եթե մոտ քսան մետր հեռու մեկը գոռար, կլսեի՞ր:
- Անկասկած:
- Իսկ ինչպե՞ս կգոռար այն մարդը, ում փորը մետաղալար են մտցրել:
Մետաղալա՞ր, մենք մեխ էինք լսել:
- Հավանաբար շատ բարձր:
- Այդ դեպքում ինչպե՞ս չես լսել:
- Մոտերքո՞ւմ է եղել.
- Այն թփերի հետեւում: Նավակից իջնող ձկնորսներն են գտել նրան, ճիշտ ժամը երկուսին:
- Հեռանալիս լսել եմ շարժիչի ձայն:
- Ուրեմն նրան խփել են քո հեռանալու եւ ձկնորսների իջնելու արանքո՞ւմ, իսկ որտեղի՞ց հայտնվեցին, ո՞ւր անհետացան... Հանելուկները շատ են: Նախ եւ առաջ, ձկնորսների իջնելու պահինՙ ժամը երկուսին դու այստեղ չես եղել: Դա հաստատ է: Հաստատ է նաեւ ժամը երկուսը: Նրանք ստուգել են: Ուրեմն դու շուտ ես հեռացել այստեղից կամ ուրիշ տեղում ես եղել:
Ինան անհանգստացած ինձ էր նայում:
- Ես այստեղից ուրիշ ոչ մի տեղ չեմ գնացել: Իսկ երբ հեռացա, տաղավարից նվագ չէր լսվում, լռություն էր այնտեղ...
- Դրա համար ես կարծում, որ շատ ես մնացել: Մեկն անց քսան տաղավարի հոսանքն անջատվել է, բոլորը հեռացել են: Մոտ կես ժամ հետո դու ես գնացել: Քո գնալուց մի քանի րոպե հետո ձկնորսներն ափ են իջել եւ հայտնաբերել վրացուն: Ո՞վ սպանեց նրան:
- Ե՞ս...
- Տարբերակ առաջին:
Ինան սարսափահար շուրթերն էր կծոտում, նստել էր կողքս, իսկ Բելովը կանգնել էր մեր դիմաց:
- Ես գիտեմ, որ Դուք միայն ապացույցներին եք հավատում:
- Այո, միայն ապացույցներին:
- Վրացու ասածին չե՞ք հավատում:
- Նա ասել է, որ ինքը վրեժ է լուծելու, դրա համար անուն չի տալիս:
- Իսկ եթե երկրորդ տարբերակ առաջարկե՞մ:
- Լսում եմ:
- Վրացին այստեղ ընկած է եղել մինչեւ իմ գալը:
- Հնարավոր է եւ ավելի հավանական: Սակայն հարցը մնում է:
- Դուք հայտարարեցիք, որ բացարձակապես չեք կասկածում ինձ:
- Եվ չեմ էլ կասկածում... Բայց քո վերադարձը շա՜տ կասկածելի է... Բացատրությունը չեմ գտնում: Ասա՛ եւ սրբենք կասկածները:
- Ես կասեմ,- պոռթկաց Ինան եւ ինձ հենվելով հայացքն ուղղեց Բելովին,- նա իմ պատճառով է վերադարձել:
- Քեզ տուն ուղեկցելուց հետո՞:
- Այո, կարծել է, թե ես վերադարձել եմ այգի:
- Ինչո՞ւ պիտի վերադառնայիր:
- Դե... մենք մի թեթեւ գժտվեցինք, ավելի ճիշտՙ վիճեցինք:
- Լավ, մնացածն ինձ չի հետաքրքրում,- ժամանակին կանգ առավ Բելովը,- գետափին այդպես խորասուզված միայն սիրահարվածը կնստեր, ենթադրում էի: Այգուց դուրս գալիս ոչ ոքի չտեսա՞ր:
- Գետափով գնացի, Անտառային փողոցովՙ գյուղտեխնիկա:
- Ոչ ոք չհանդիպե՞ց:
- Միայն Գամբիտը:
- Ո՞վ:
- Մեր շունը,- Ինան քրքջաց, թոթափում էր լարվածությունը:
- Դե լավ, կարծես թե դու քո բաժինը կատարեցիր, եթե վստահ ես, որ որեւէ բան բաց չես թողել: Մնացածը մենք պիտի անենք:
- Ուրեմն հակվում եք երկրո՞րդ տարբերակին:
- Ոչ, դա հենց առաջինն է, քո տարբերակն ընդհանրապես չի եղել: Վրացին եղբորն ասել է, որ տեղացիներն են խփել իրեն:
- Այդ դեպքում ինչո՞ւ եք նրան տանջում արդեն երկրորդ անգամ,- չդիմացավ Ինան,- իսկ եթե նա թույլ լիներ կամ հիվա՞նդ...
Դրանից մեծ փոխհատուցո՞ւմ. Ինան համոզված էր, որ ես ուժեղ եմ:
- Իրինա, ի՞նչ տանջել,- կարծես անկեղծորեն զարմացավ Բելովը,- պարզապես հաճելի զրույց գետափին: Ես վստահ եմ, որ մեր երիտասարդը գոհ մնաց այս փոքրիկ շրջագայությունից:
Գլխով արեցի: Այո, երեկոն Ինայի հետ շարունակելու հեռանկարով արժեր այդ ինկվիզիտորի հարցաքննությանը ենթարկվել:
- Բացի դրանից,- շարունակեց Բելովը,- նա ինձ անգնահատելի օգնություն մատուցեց: Փաստորեն նրա շնորհիվ ճշտեցի հանցագործության ժամը: Մինչ այդ տասներկուսից երկուսն էր, հիմա արդեն պարզ է, տասներկուսից մինչեւ անց քսանհինգ-երեսուն հատվածում է եղել, նույնիսկ ենթադրում եմ, որ տասներկուսն անց տասից տասներկուսն անց քսանհինգ: Մի՞թե հանուն դրա չարժեր մի քիչ նեղվել:
- Արժեր,- համաձայն էի,- բայց ես հանգիստ կզգամ միայն այն ժամանակ, երբ հանցագործին բռնեք:
- Ես էլ,- Բելովը ծիծաղեց եւ նստեց: Տեղավորվում էր, չվերջացրե՞ց:- Իրոք, այստեղ այնքան հաճելի է, որ ձեր գնալուց հետո էլ կմնամ:
Սա արդեն հասկացա, կարելի էր հեռանալ: Կանգնեցի սիգարետի տուփը հանելով:
- Ծխո՞ւմ ես:
- Այո... Միլիցիա ընկնելուց հետո նորից սկսեցի ծխել,- մի մեղադրական էլ ես ասեի, ամեն ինչին համակերպվելը մի բան չէ:
- Լավ, լավ,- Բելովը ձեռքը մեկնեց,- անկեղծորեն, շատ հաճելի էր ծանոթությունը... Հասկանում եմ, նույնը չես կարող ասել: Գետափո՞վ եք բարձրանում:
- Ոչ, գետափով իջնում ենք,- Ինային պատասխանելու ժամանակ չթողեցի, թե չէ նա սիրում էր առաջ ընկնել:
Բելովը սիգարետ վառեց, նա իր վերլուծությունն ուներ:
- Եվ ո՞ւր ենք գնում,- հարցրեց Ինան, երբ առաջացել էինք:
- Տատի տուն, ես պետք է տեսնեմ բետոնը:
- Ես տախտակները հանել եմ եւ ջրել եմ, ինչպես ասել էիր: Շատ լավ է ստացվել:
- Ինձնից բաժանվելուց հետո՞:
- Դու չեկար, ստիպված ես պետք է անեի,- ծիծաղեց նա, բայց լրջացավ անմիջապես,- մայորը քեզնից ձեռ չի քաշում, Արամ, դու ամեն ի՞նչ ասացիր, ինչպես եղել է, չթաքցրեցի՞ր ոչինչ:
- Դո՞ւ էլ չես հավատում, նորի՞ց չես հավատում:
- Հավատում եմ, հավատում... Սարսափելի է, ուրեմն ամբողջ ժամանակ, որ դու նստել ես գետափին, վրացին մի քանի մետր հեռու ուշագնաց ընկած է եղել: Գուցե մարդասպանը քեզ տեսել է...
- Կամ մարդասպանները:
- Հա, մայորն ասացՙ տեղացիներն են խփել: Դա՞ նկատի ունես:
Ես նրան չասացի իմ կասկածների մասին: Նրա եւ Պետրոյի միջեւ մտերմություն կար, եթե Պետրոն հանուն նրա հրահանգել էր ձեռք չտալ ինձ: Բացի դրանից, Ինան անկանխատեսելի էր, բարկության կամ հուզմունքի պահին կարող էր ամեն ինչ ասել: Փաստորեն չվստահեցի նրան, ես էլ չվստահեցի:
- Իմ կարծիքով,- ձայնս ցածրացրի, միգուցե մայորը լսողության հատուկ, հեռազգաց սարք ունի,- Նինայի ընկերուհիները տեսած կլինեն որեւէ մեկին: Նրանք ամեն տեղ լինում են, հետեւում են կարծես, թե ինչ է կատարվում խորքերում: Եթե, իհարկե, ցանկանան հայտնել: Երեւի այս գործը կփակվի: Օտար մի մարդ սպանվել է այստեղ: Միլիցիան ինչո՞ւ պետք է ջանք ու եռանդ թափի հանցագործին հայտնաբերելու համար:
- Դու Բելովին ասե՞լ ես աղջիկների մասին,- անհանգստացավ Ինան:
- Ոչ, իհարկե... Նա երեւի բոլորին քննել է, ով այդ գիշեր այգում է եղել... Եվ Պետրոյի տղաներին, նրանք էլ են, չէ՞, շրջում այգում:
- Դու որեւէ մեկին կասկածո՞ւմ ես:
- Ես ո՞ւմ եմ ճանաչում այս գյուղում, որ կասկածեմ... Ես միայն մի գեղեցիկ աղջկա եմ ճանաչում...
- Միայն տեսնեիր ինքդ քեզ, երբ նստեցիր ծառին: Այնպիսի վշտալի տեսք ունեիր, ե՛ւ ծիծաղս էր գալիս, ե՛ւ ցավ էի զգում: Հետո էլ մեր փողոցով ես անցել... Ուրեմն սիրում ես, հա՞, ինձ...
Ինան կանգնեց, կողքով ինձ սեղմված, ժպտուն դեմքը մոտեցրեց, որ աչքերիս մեջ նայի: Աջ կողմում գետն էր, այս մասում զառիթափ չկար, ձախ կողմումՙ տնամերձ հողամասերի ցանկապատերը: Տները խորքում էին, բակերում մարդիկ երեւում էին, բայց ամեն մեկն իր գործով էր զբաղված...
Ամեն անգամ նրան գրկում էի կարծես առաջին անգամ...
- Պատկերացնո՞ւմ ես,- շշնջացի ականջի մեջ,- եթե Նինան ու ընկերուհիները մեզ տեսած լինեն... այն ծառի մոտ, երբ պարաշյուտիստի պես կախվել էիր օդի մեջ...
- Օ՛յ,- սարսափեց Ինան:
- Կամ աշակերտուհիներդ...
Բավական էր տանջել նրան: Գլուխը հետ էր գցել, որ ինձ նայի: Եթե ուզում էր ինձ տեսնել, պետք է անընդհատ գլուխը հետ տաներ, որովհետեւ ես համառորեն ձգվում էի առաջ: Չէր կարող անվերջ ընկրկել, նրա ճկուն մարմնի հնարավորություններն անսահման չէին... Արդեն միացյալ ուղղվեցինք...
- Ի՜նչ լավ էր շուրթերիդ... ծխախոտի համը,- կարճ ծիծաղեց նա:
- Մի՞թե պահանջ ես զգում:
- Երբեմն, բայց ոչ ուժգին, քո օգնությամբ հեշտությամբ կհաղթահարեմ:
- Չծխե՞մ քո ներկայությամբ:
- Ծխիր, քեզ սազում է:
- Իսկ դու չե՞ս ուզում... Ծխե՞նք մի-մի հատ:
- Տալի՞ս ես... ո՞ւր է,- նայեց դատարկ ձեռքերիս, որոնք նորից գրկեցին նրան,- դե լավ, ոնց որ սա էլ է հանգստացնում...
Դա վերջին համբույրն էր մինչեւ տուն հասնելը, արդեն փողոց էինք մտնում:
Փոխվել էր բակի տեսքը, եւ քայլելն էր հարմար ու հաճելի բետոնի վրա:
- Ապրես,- գովեց Ինան,- ոնց անցավ մտքովդ... Իսկ խոսակցություն չի՞ գա:
- Ինչի՞ համար:
- Այսքան շինանյութ ես ձրի բերել:
- Ինչո՞ւ ձրի, քո մի համբույրը մի տոննա ցեմենտ չարժե՞:
- Մի տոննա ցեմե՞նտ,- ծիծաղեց Ինան,- ուրեմն դու ինձ վագոններով ցեմենտ ես պարտք:
Ջինսի գրպանից հանեց բանալին: Դպրոցից գալուց հետո փոխել էր շորերը, ջինսով, իհարկե, դպրոց չէր գնա, թեկուզ դասերը դեռ չէին սկսվել:
Մտանք միջանցք:
- Ուրիշ ի՞նչ է պետք սիրահարներին,- հետեւից գրկեցի ուսերը,- առանձին տուն... Սա նույնիսկ ամայի գետափից է լավ, ախր սա շքեղություն է... Առանց վախենալու եւ ամաչելու ինչքան ասես կարող եմ համբուրել քեզ... գտա, սա էի փնտրում...
Ինան թեթեւակի շարժում էր գլուխը, կարծես փոքր շրջան էր գծում, որպեսզի շուրթերս նույն տեղում երկար չմնան:
- Ափսոս չէ՞ մարմինդ, այս կոշտ կտորի մեջ ես պահում:
- Ամբողջ գյուղը նախանձով է նայում... ինձ չի՞ սազում:
- Մի քիչ լայնացնում է կոնքերդ:
- Լո՞ւրջ:
- Այո, բայց դա ի՞նչ վատ է, մի օր ջինսով, մի օր առանց ջինսի... Հիմա նույնպես առանց ջինսի եւ... վերջին հույսի...
Շատ արագ էի սկսել, Ինան ճողոպրեց:
- Նստիր,- ասաց,- կարոտ եմ մնում, որ նստենք, մի քիչ խոսենք...
Մնում էր սիգարետ հանել:
- Հույս չունենաս, թե քեզ էլ կտամ,- քինախնդիր էի դարձել: Աթոռը դրեցի բաց լուսամուտի մոտ եւ նստեցի:- Լսում եմ Ձեզ, Իրինա Գրիգորեւնա, խոսենք: Պատմե՞մ մեր ֆիզիկայի ուսուցչուհու մասին, նա ամենագեղեցիկն էր, կամՙ գերմաներենի ուսուցչուհու: Պրակտիկանտուհի էր, ութերորդ դասարանում հիմնական մասնագետ չունեինք: Հենց գրատախտակին գրում էր, բոլոր տղաների գլուխները հետեւից ձգվում էին...
- Ինչո՞ւ,- միամտորեն հարցրեց Ինան:
- Որովհետեւ ծնկածալերը բացվում էին:
- Ընդամե՞նը,- քրքջաց նա:
- Ուսուցչուհու մասին չուզեցի անհամեստորեն արտահայտվել: Կարմրում էր, կավիճը դնում եւ հեռանում:
- Ձեզ մոտ աղջիկները կարճ չե՞ն հագնում:
- Գյուղումՙ ոչ, Երեւանումՙ այն էլ ինչպես...
- Հարեւաններիդ պատմությունները վերջացրիր, այսօր հերթը ուսուցչուհիներինն է երեւի: Իսկ ձերոնց մասին չե՞ս ուզում պատմել: Քանի՞ երեխա եք:
Ինան տեղավորվեց թախտի վրա, արմունկով հենվեց բարձին:
- Վեց:
- Օ՜... ուժգին սեր է եղել: Թե՞ առհասարակ շատ երեխաներ են ունենում:
- Ոչ, միջինըՙ երկուսից չորս: Քաղաքում չորսն արդեն շատ է համարվում, նույնիսկ երեքը:
Չվառած սիգարետը դրեցի տուփի մեջ:
- Ինչո՞ւ չծխեցիր:
- Չեմ ուզում գայթակղել քեզ:
Ուզում էի պառկել կողքին: Երբ մոտեցա, անհանգստացավ:
- Հանգիստ,- պահեցի ձեռքս,- ես ասել եմՙ միշտ քո ուզածով, միայն քո ուզածով: Պարզապես պառկեմ մոտդ, որ իրար լավ լսենք:
Հենց պառկեցի, գլուխը դրեց թեւիս, ձեռքն էլՙ կրծքիս, ջինսերը միախառնվեցին:
- Շարունակիր,- շշնջաց,- պատմիր...
Այգում կամ գետափին չէ՞ի կարող պատմել, ինչո՞ւ եկանք այստեղ:
- Երեք քույր, երեք եղբայր ենք: Ծնողներս ուսուցիչ են, հայրսՙ աշխարհագրության, դպրոցի տնօրեն էր, թոշակի անցնելուց հետո միայն դասեր է տալիս: Մայրս վաստակավոր ուսուցչուհի է, մաթեմատիկա է դասավանդում: Եղբայրսՙ քիմիայի, մեծ քույրս մինչեւ ամուսնանալը դպրոցում էր, հիմա Երեւանում է, մանկապարտեզի դաստիարակչուհի է:
- Փաստորեն դպրոցական ծրագիրը տանը կարող եք ապահովել: Ծնողներդ քեզ դաս տվե՞լ են:
-Ոչ, հարեւան գյուղում են աշխատում:
- Սկզբում կարծում էի, թե դու ամենափոքրը կլինես:
- Ինչո՞ւ:
- Երեսառած ես:
- Ինձ սիրել են, բայց երես չեն տվել: Մայրս ասում էրՙ Արամիս համար ապահով եմ, ուր էլ գնա, բոլորը կսիրեն նրան:
Մոտեցրի գլուխը, սկսվեց մազ- ականջ- վիզ շրջագայությունը:
- Մայրդ քե՞զ էր սիրում ամենից շատ:
- Չեմ կարծում, ամեն մեկինՙ առանձնահատուկ սիրով: Մեծ քույրս առաջինն էր եւ մորս ընկերը պատերազմի տարիներին: Հայրս գնացել է պատերազմ, նա ծնվել է քառասունմեկ թվականին: Երեւի ամենից շատ նրան է սիրում: Երկու աղջիկներից հետո եղբայրս առաջին տղան էր, տան արտոնյալը եւ հույսը: Տանը ամեն ինչ հարմարեցված էր նրան: Նրանից հինգ տարի հետո ես եմ ծնվել: Բոլորը հասցրել էին մեծանալ, եւ ես դարձա նրանց սիրելին, մինչեւ փոքրերը ծնվեցին: Այնպես որ իմ իշխանությունը երկար չտեւեց: Իսկ հիմա կարծես մնացել եմ խաղից դուրս վիճակում: Մեծերըՙ իրենց ընտանիքներով, փոքրերըՙ իրար հետ: Երկու կողմից տարիքային տարբերությունը շատ է, կարծես կղզի լինեմ... Գիտե՞ս ինչու հիշեցի այս ամենը: Երբ Նինային ճանապարհում էիք, մայրդ ու տատդ հատուկ գուրգուրանքով հանեցին նրան բակից: Եվ սիրտս ճմլվեց այն մտքից, որ դժվար թե քեզ երբեւէ նման ձեւով ճանապարհած կամ դիմավորած լինեին:
- Սիրտդ ճմլվե՞ց...
Ինայի ձայնը փոխվեց, էլի էի զգացել, նման պահերին դառնում էր քնքշալի եւ զգուշավոր... կարծես դեռ չհավատալով, չհամարձակվելով հավատալ, վախովՙ մի՞թե ճիշտ է ասում...
- Նինային բոլորը պաշտում են, բայց ես չեմ նախանձում, ինքս նույնպես նրան շատ եմ սիրում: Իսկ դու ամենից շատ ո՞ւմ ես սիրում:
- Փոքր եղբորս... Հավանաբար ինձ եմ տեսնում նրա մեջ, բայց ավելի լավ... Նա մաքուր է... եւ անպաշտպան կարծես: Վախենում եմ, որ չկարողանա կյանք մտնել:
- Անունն ի՞նչ է:
- Կորյուն:
- Դժվար է, քո անունը հեշտ է ասվում: Քանի՞ տարեկան է:
- Նինայի հասակակիցն է, այս տարի պիտի դպրոցն ավարտեր:
- Ի՞նչ է նշանակում «պիտի ավարտեր»:
- Մաթեմատիկայից վերաքննություն էր հանձնելու, դեռ տեղեկություն չունեմ:
- Ավարտական քննությունի՞ց, մորդ առարկայի՞ց... Արտառոց դեպք է: Ծո՞ւյլ է...
- Չէի ասի, թե շատ եռանդուն է կամ պարտաճանաչ, բայց խելացի է, ընդունակ: Դասատուի մոտ ասել է, թե չի սիրում այդ առարկան, նա էլ իր պարտքն է համարել պատժել սկզբունքորեն, ինչպես բացատրել է ծնողներիս:
- Հավանաբար քեզ պես կամակոր է, արտաքնապես նմա՞ն եք:
- Տեսնողները կռահում են, որ եղբայրներ ենք:
- Ինչպես ես ու Նինան, մենք նմա՞ն ենք:
- Դուք շատ նման եք: Գուցե նույնը ասեմ, ինչ եղբորս մասին:
- Նինան ավելի՞ մաքուր է... Նա մաքո՞ւր է...
- Դա չէի ուզում ասել: Նա լրացնում է քեզ: Հետո գուցե ավելի ինքնուրույն դառնա, առանձնանա:
- Բայց ասում են, որ բնավորությամբ շատ տարբեր ենք, նույնիսկ զարմանում են, թե այսպիսի տարբերությո՞ւն քույրերի միջեւ:
- Տարբերություններ կան եւ գուցե շատ են ու նկատելի: Բայց ներքին ընդհանրություն կա, որը ես զգում եմ, չհաշված արտաքին նմանություններըՙ կողքանց նայելու ձեւը, քո հանկարծակի ու կարճ ծիծաղը եւ նրա կարճ ու զսպված ծիծաղը, հասակը, կազմվածքը, ավելի ճիշտ` մարմնի ձեւը, որը մայրական է, ինչքան նկատել եմ...
- Օ՜... լավ ուսումնասիրել ես մեր տոհմը:
- Ես պետք է ուսումնասիրեի մորդ, որպեսզի պատկերացնեի քեզ այդ տարիքում:
- Այդ տարիքում դու ինձ չես տեսնի: Դու ինձ հաջորդ տարի էլ չես տեսնի: Մի քանի շաբաթից կգնաս, մյուս տարի չես գա, գիտեմ: Դու պատահական մարդ ես այդ բրիգադների մեջ, քեզ ուրիշ կյանք է սպասում...
Ինքն էր ինձ գգվում, մինչդեռ ուզում էր, որ հանգիստ թողնեմ իրեն: Իսկ եթե հասա վզին, ուրեմն վերջ ամեն ինչին, էլ ոչ մի խնդրանք ու խուսափում...
Հիշում էի, որ դուռը չէինք փակել, նետվեցի միջանցք:
- Ո՞ւր,- կանչեց զարմացած, վերադարձիս ասաց,- իզուր անհանգստացար, Նինայից բացի ո՞վ պիտի գա, նա էլ այստեղ չէ... Դա ինչու ես բերում,- այս անգամ ծածկոցն էր զարմանքի պատճառը, որ քաշեցի մահճակալի վրայից ու գցեցի թախտին:
- Հետո կիմանաս:
Վերջապես բոլոր նախապատրաստական գործողություններն ավարտվեցին, այժմ մենք պիտի նախապատրաստվեինք, ավելի ճիշտՙ ինքը....
Ինչքան որ սիրում էի հաջորդող հանդարտ ու մեղմ գգվանքը, երբ թուլացած պառկում էինք իրար գրկած, այնքան էլ այս նախապատրաստությունն էի սիրում... քանի դեռ կարողանում էի կառավարել գործողություններս: Հետո սիրելը վերանում էր, արինան էր սկսվում:
Հասանք հանդարտությանը: Կարծես գետի ձայնն էի լսում: Ձեռքս գցեցի ու ծածկեցի մեզ:
- Այդքան զզվո՞ւմ ես,- շշնջաց նա:
- Ծածկված ավելի ենք առանձնանում, միայն ես ու դու...
Նա շրջվեց, ձեռքերս գրավեցին իրենց տեղերը:
- Մի հոգեբանի հոդվածում կարդացել եմ, որ եթե կինը պառկում է այս դիրքով, ուրեմն լիովին վստահում է տղամարդուն:
- Անշուշտ,- ասացի շուրթերս ծոծրակին պահած,- հեղինակը կի՞ն էր:
- Այո:
- Ուրեմն ճիշտ է ասել:
- Ես քեզ հենց սկզբից եմ վստահել: Գիտե՞ս որ պահերին ես ինձ ավելի դուր եկել:
- Գիտեմ. երբ քիթս տնկած հեռացել եմ քեզնից:
Նա ծիծաղեց եւ խփեց կրունկով: Ստիպված էի ոտքով օղակել նրան, որ հանգիստ մնա:
- Այդ քիթը տնկած պահերն ընդհանրապես լավ են, բայց ուրիշ էլ կա:
- Օրինակ:
- Երբ այն հարբած ծերուկին ներս տարար: Երբ խստորեն հետեւում էիր, որ թաց բետոնի վրա չքայլենք... Ամենալավը միլիցիայում էր, հանկարծ հայտարարեցիր. «Եթե նա չի հավատում ինձ, ուրեմն ես եմ սպանել վրացուն»: Այդ պահին ահավոր էր, բայց հետո, հենց հիշում էի, սիրտս ուռչում էր, հիմա էլ...
Ձախ ձեռքս կրծքի վրա էր, կարող էի անմիջապես ստուգել:
- Զարմանալի է,- շարունակեց նա,- ինչպես կարող է միանգամայն օտար, աշխարհի ծայրից եկած մարդը, որի գոյությանը բացարձակապես տեղյակ չես եղել քառորդ դար ապրելով, դառնալ հարազատ... Նինան ասում էր` բաժակդ տվեցիր նրան եւ հետո խմեցիր, իսկ իմ բաժակով ջուր չես խմում: Ասում էրՙ միգուցե բերանի ուտելիքն է՞լ ուտես... Չե՞մ կերել, չե՞ս տեսել, ասացի: Դու ի՞նչ ես մտածում:
- Ցավալի եւ տխուր մի միտք ինձ հանգիստ չի տալիս: Ստիպված եմ այսօր տուն գնալ, մերոնք կմտածեն, որ ինձ էլի բանտարկել են:
- Իսկ ես առավոտյան դպրոց եմ գնալու... Սեպտեմբերի մեկն է, աստված իմ... Տանն էլ այնքան գործ ունեմ անելու... Բեր վերջին անգամ ծխենք եւ գնանք, թե չէ որ նորից կպար այդ տեղին, դասից կուշանամ... Դրանից այսօր շատ-շատ եմ ծխել,- ծիծաղով ասաց նա, երբ վզից հասա շուրթերին,- ես իսկական ծխելը նկատի ունեի...
- Դա կտրականապես արգելվում է:
- Դու էլ չծխես ուրեմն:
- Չեմ ծխի... Բայց ես չեմ հղիացողը:
- Ի՞նչ...
Այդ բառը Ինան շատ էր արտասանել, բայց դեռ այսպես չէի զարմացրել:
- Ի՞նչ ես աչքերդ չռել,- ասացի,- հնարավոր չէ՞, որ հղիանաս:
Պոռթկուն եւ կարճ ծիծաղը հնչեց:
- Քեզ ի՞նչ եղավ,- հարցրեց նա արմունկին հենվելով ու ինձ նայելով,- ինչո՞ւ հանկարծ մտքովդ անցավ:
- Մտքովս միշտ է անցել, չէի հարցնում:
- Չհասկացա, երեխա՞... եւ ալիմե՞նտ վճարես... մեզ:
- Ինչո՞ւ ալիմենտ, ամեն ինչ կտամ: Գրքերիս հոնորարները կփոխանցեմ ձեզ, միայն մի փոքր տոկոս կորոշեք, որ մնա ինձ:
- Այսինքն ալիմենտ քեզ նշանակեն... քո աշխատավարձից... Այսինքն արդեն որոշված է, որ ալիմենտ ես տալու: Իհարկե, դու իջնելու ես պատահական կայարանում եւ գնալու ես պատահական ուղղությամբ: Դու ազատ քամի ես, անվախ եւ խենթ: Երբեմն չար քամի ես, որ թուխպեր է բերում: Ես քեզ չեմ ճանաչում, ճիշտ է, բայց կարդում եմ հոգիդ, որովհետեւ սիրում եմ քեզ: Դու ինձնից ոչինչ չես կարող թաքցնել, կզգամ անմիջապես: Ահավոր է, կարծես իրոք մի մարմին ու հոգի լինենք, այնքան լավ եմ քեզ տեսնում: Ես ամեն ինչ զգում եմ եւ գիտեմ: Սա հեքիաթ է, իսկ հեքիաթի վերջը միշտ հանկարծակի է լինում: Եվ քանի որ իրական հեքիաթ է, ոչ թե հրաշքով կավարտվի, այլ իրական գործողությամբ: Մենք պիտի հասկանանք, որ իրար համար չենք, եւ լավ էլ հասկանում ենք: Իրար համար ենք այժմ, մի քանի ամիս, եւ վերջ: Այս ամիսների համար անսահման շնորհակալ եմ... Իսկ քո կյանքը նոր է սկսվում...
Վարակվել էր աղջիկը ինձնից խոսելու հիվանդությամբ: Լուռ գգվում էի նրան եւ լսում: Խաղը վաղուց էր ավարտվել, սա կյանք էր:
- Երեխան ծնվում է այն ժամանակ, երբ պետք է,- նա նստեց, չմնաց թախտի վրա, զգուշանալով, շորերը գրկելով հեռացավ մի քանի քայլ,- հագնվիր, լույսը կվառեմ:
Ինչքան էլ մեծամտանայի, թե մեր հարաբերություններում ես եմ դարձել նախաձեռնող եւ իշխող, վերջին խոսքը նրան էր մնում: Այդտեղ էլ էինք հավասար բաժանել, նախաձեռնությունըՙ ինձ, վերջին խոսքըՙ նրան:
- Քեզ էր պետք ձայնագրել,- սկսեցի հագնվել,- կարծես դաս էիր բացատրում: Արդեն պատկերացնում եմ քեզ դասարանում... Դուք լսեցի՞ք այն օրվա ձայնագրությունը:
- Ժամանակ եղա՞վ, այնպես սրընթաց անցան օրերը, փոթորկալի իրադարձություններ էին, աստված իմ, ինչ լավ է, փրկվեցիր:
- Էլ ոչ մի անգամ գիշերը չե՞նք մնալու այստեղ,- հարցրեցի հապաղելով:
- Քեզնից է կախված,- ծիծաղեց նա,- կարողացար պահել, կմնանք:
Իսկույն նետվեցի նրա կողմը: Չէր կարող խուսափել, բայց հանգստացնելու ձեւը գիտեր:
- Խնդրում եմ,- ասաց ձեռքերը կրծքիս դնելով,- կատակ արեցի, գնանք... Խոստանում եմ, կմնանք մի օր...
- Այս շաբա՞թ...
- Երեւի, կասեմ: Ինքս քեզնից շատ եմ ուզում,- ավելացրեց խնդմնդալով:
Դրսում թեւանցուկ քայլեցինք նորընծա մայթի վրա:
- Ափսոս, կարճ է,- ասաց Ինան,- կարելի էր զբոսնել... Տասը տարի կդիմանա՞ այս բետոնը:
- Հարգիր մասնագիտությունս, քառասո՛ւն տարի, հիսո՛ւն տարի...
- Օ՜, ուրեմն ցմահ, մինչեւ կյանքիս վերջը կմնա... Ես այստեղ կապրեմ, նոր տուն կսարքեմ, բայց սա կպահեմ... այդ օրվա հիշատակ...
Ձեռքիցս զգաց, թե ինչ կատարվեց, նայեց դեմքիս, հավանաբար գունատվել էի...
- Ներիր,- ասաց համբուրելով:
- Ինչի՞ համար:
- Ինչի համար ներե՞ս,- փորձում էր կատակի տալ:
- Ինչի՞ համար ես ներողություն խնդրում:
- Որ այսօր չմնացինք:
- Ուշ չէ,- բավական էր մի թեթեւ ակնարկ...
- Արդեն խոստացել եմ,- նորից զվարթացավ:
Երկմտանքը միշտ կարՙ գետափո՞վ, թե՞ փողոցով:
- Գետափով գնանք,- առաջարկեցի,- կլողանանք:
- Հիմա՞...
- Ամենալավ ժամն է, կարող ենք առանց լողազգեստի մտնել գետը, այդպես լողացել եմ:
- Գետն արդեն բարի ու տաք չէ, տղաս:
- Այլեւս չե՞նք լողանալու:
- Դժվար թե:
- Անցա՞վ մեր սիրո ամառը,- ասացի բանաստեղծավարի:
- Ամառն անցավ, աշունն էլ կանցնի,- Ինան նորից ինձ վերադարձրեց իրականություն,- գետափով կրկին այն տեղով պիտի անցնենք, գնանք փողոցով,- վճռեց նա:
Վերջին խոսքը նրան էի թողնում: Ես արդեն սպասում էի շաբաթվա վերջին:
***
Սեպտեմբերի մեկը մեծ իրադարձություն էր Ինայի կյանքում, ուրեմն նաեւ` իմ: Առավոտյան, ճաշարան գնալիս տեսա նրան: Տանյայի հետ դուրս եկավ իրենց փողոցից, երկուսն էլ սպիտակ վերնաշապիկներով, զվարթ եւ ժպտուն: Տանյան վզկապով էր, Ինայի կրծքին, ուսից քիչ ներքեւ կարմիր ծաղիկ էր:
- Բարի լույս,- ձայն տվեցի ցնծագին,- շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի կապակցությամբ:
Պատասխանեցին միաժամանակ, ծիծաղկուն:
- Կներեք, մենք ուշանում ենք,- ցուցադրաբար ժամացույցին նայեց Ինան:
- Ուշանո՞ւմ ենք,- զարմացավ Տանյան,- ավտոբուսը դեռ չի երեւում:
Տանյայի տեսքը հուզել էր Դավթին:
- Աղջիկս էլ է հիմի դպրոցի ճամփին,- աչքերը լցվել էին:
- Նա քնած է,- հանգստացրի նրան,- Երեւանում հիմա ժամը հինգն է:
- Հա, մոռացել էի,- Դավիթը սրբեց աչքերը,- թող քնի քաղցրս...
Անհամբերությամբ սպասում էի, որ պատմեր, թե ինչպես է անցել դասը, բայց մինչեւ շաբաթ երեկո հանդիպելու հույս չունեի:
Ես շաբաթ երեկոյին էի սպասում, ընկերներս` աշխատավարձին: Սովորաբար մինչեւ ամսի հինգը տալիս էին փողը: Հույս չկար շուտ ստանալու: Ուշացումը չէր անհանգստացնողը, միայն թե վճարեին: Կասկածները հանգիստ չէին տալիս, Սաքոն էլ առանձնապես չէր խոսում: Չուլկինը չէր երեւում հիմնարկում, նրա ոտքը միանգամից կտրվեց:
Փողի թեման հաճախ էր մեջտեղ գալիս: Սեզոնի հիմնական մասն անցել էր, հանրագումարի էինք բերում արածն ու առածը: Խոպանիստների վաստակի չափանիշը վեց հազար ռուբլին էր: Առնվազն այդքան էր պետք հանգիստ խղճով տուն վերադառնալու համար: Այդ թիվն էր շեշտվում հենց առաջին օրերի եւ հետագա խոսակցություններում կամ ուրիշների մասին լսելիս: Արսենը ամեն հանդիպմանը առիթը բաց չէր թողնում հայտնելու, որ իրենց գործերը շատ լավ են, ամսական մինչեւ հազար հինգ հարյուր ստացել են տղերքը: Դժվար թե սուտ ասեր: Նրանց բրիգադում կարծես վիճաբանություն չկար: Սովխոզի բրիգադն էր ցրվել, կռիվ էր եղել իրար միջեւ: Քյավառցիներն իրենց ամսական հազարի տերն էին: Մարտունեցիների մեջ էլ խժդժություն կար, նրանց քիչ էինք տեսնում:
Մենք պարծենալու բան չունեինք: Մայիսին վեց հարյուր ռուբլի էինք ստացել, հունիսին` 870, հուլիսին` 1000: Նաեւ առանձին մասնավոր գործերի համարՙ առձեռն: Ամսական 120-150 ռուբլի էր յուրաքանչյուրիս ծախսը, դրանից բացի գնումներ էի արել, մոտս մնացել էր 1700 ռուբլի: Ինձ համար մեծ գումար էր:
Փայլակը սեզոնի կեսից էր եկել, Դավիթն ինձ պես առաջին տարեցի էր, Ռազմիկը սովորաբար չէր արտահայտվում, բայց դժգոհությունը զգացվում էր: Անփորձներիս համար էլ պարզ էր, որ սեզոնն անհաջող է: Գումարվում էր Չուլկինի պաշտոնանկության պատճառած վախը: Ինժեներն էր առայժմ փոխարինում նրան, իսկ նրա եւ Սաքոյի հարաբերությունները լավ չէին: Խելոք, համեստ մարդ էր, չէր խառնվել մեր գործերին, թեեւ մի քանի անգամ դիտողություն էր արել Սաքոյին: Չուլկինի պես թիկունք ունենալով Սաքոն բանի տեղ չէր դնում նրա ասածները: Հիմա ամեն ինչ փոխվել էր:
Շարունակությունըՙ հուլիսի 27-ին