Մնում է կյանքի կոչել «Միասին հանուն Արցախի» կարգախոսը
Մասիս Մայիլյանը արդյունքները «օրինական իրողություն է» համարում
Երեկ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը հրապարակեց հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Թեպետ Ս. Նասիբյանը դրանք խիստ նախնական բնութագրեց, սակայն արդյունքների վերջնական ամփոփումից հետո հազիվ թե էական փոփոխություն լինի, քանզի ընտրություններում անվերապահորեն հաղթող ճանաչված Բակո Սահակյանի եւ նրա մրցակիցների ստացած քվեների տարբերությունը հսկայական է:
Ըստ պաշտոնապես ներկայացված տվյալների` Բակո Սահակյանին կողմ է քվեարկել 57.828 ընտրող: Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 85.42 տոկոսը: Մասիս Մայիլյանը հավաքել է 8270 ձայն` շուրջ 13 տոկոս: ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը ստացել է 1.26 տոկոս ձայն, իսկ ահա մյուս երկու թեկնածուները` կոմկուսի առաջնորդ Հրանտ Մելքումյանը եւ ԱրՊՀ պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը նույնիսկ չեն կարողացել մեկական տոկոս ապահովել:
Դեռեւս քարոզարշավից առաջ «Ազգը» գրել էր, որ ԼՂՀ-ում լրատվամիջոցների դերը քարոզչության ժամանակ այնքան էլ նշանակալից չի լինի. ընտրություններում կշահի նա, ով ավելի շատ հանդիպումներ կունենա հանրության հետ: Այս առումով նորընտիր նախագահ Բակո Սահակյանն անմրցելի էր նաեւ բնակչության հետ հանդիպումների թվով: Քարոզարշավի ընթացքում նա եղել է հանրապետության համարյա բոլոր բնակավայրերում, հանդիպել ԼՂՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու համեմատաբար մեծ թվակազմ ունեցող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների հետ:
Արդարացել է նաեւ մեր այն կանխատեսումը, որ կուսակցությունների ազդեցությունը ընտրողների կողմնորոշումների վրա նույնպես շոշափելի չի լինելու: Ավելի քան 3000 անդամ ունեցող կոմկուսակցության առաջադրած թեկնածուն, օրինակ, ընդամենը 0.80 տոկոս ձայն է հավաքել:
Ինչեւէ, ընտրություններն արդեն հետեւում են մնացել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի համաժողովրդական քվեարկությամբ ընտրված նոր նախագահ, եւ շատ կարեւոր է, որ ժողովրդի հավանությանն արժանացած նախընտրական ծրագիրը լիարժեք կյանքի կոչվի: Նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Բակո Սահակյանին, գիտեն նրա սկզբունքային եւ հետեւողական լինելու մասին, եւ այս տեսանկյունից լավատեսությունն առկա է: Հաղթած թեկնածուի նախընտրական կարգախոսը` «Միասին հանուն Արցախի», պետք է դառնա նաեւ հետընտրական կարգախոս, որովհետեւ հանրապետության նախագահը բոլոր ընտրողների նախագահն է: Նախընտրական սառնությունները, ոչ հազվադեպ տեղ գտած փոխադարձ վիրավորանքները պետք է մոռացության մատնվեն, եւ իրոք համատեղվի բոլորի ներուժը հանուն Արցախի բարգավաճման:
Ընտրությունների ավարտից հետո միջազգային դիտորդներն իրենց գրավոր եւ բանավոր հայտարարություններով փաստել են ԼՂՀ նախագահական ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխանությունը, որը ծանրակշիռ հիմք է միջազգային կառույցների, առանձնապես` միջնորդների կողմից ղարաբաղյան կարգավորման ըմբռնումներում ճիշտ մոտեցումներ դրսեւորելու համար: Բարձր օրինականությանը զուգադիր` ընդունված չափանիշների կարեւոր բաղադրիչ է նաեւ Արցախում արմատավորվող ընտրական կուլտուրան, ինչը շատ չէ տիպական հետխորհրդային մյուս երկրների համար: Այս առումով եւս արժենշելի բան կա` պարտված թեկնածու Մասիս Մայիլյանի, որը Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն էր համարվում ընտրություններում, երեկ հնչեցրած հայտարարությունը, որում ընտրությունների ներկա արդյունքը գնահատվում է իբրեւ օրինական իրողություն:
Հերթական ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ Ղարաբաղն ապացուցեց աշխարհին իր նախընտրած ուղուն հավատարիմ մնալը: Թերեւս չկասկածենք նաեւ ժողովրդավարության հետագա ընթացքին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ