«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2007-07-19 | #136, 2007-07-20 | #137, 2007-07-21


ՇԱԽՄԱ՞Տ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հազիվ թե որեւէ մեկը ժխտի, որ Գարիկ Կասպարովը մեր ժամանակների մեծագույն շախմատիստն է: Սակայն մեզ համար անհայտ պատճառներով այդ հիրավի տաղանդավոր անձը, թողնելով իր մարզաձեւը, վերջին մի քանի տարում զբաղվում է մի գործունեությամբ, որտեղ նա.. ձի էլ չէ:

Նրան թվում է, եւ այդ մասին նա հաճախ է հայտարարություններ անում, որ ինքը համենայն դեպս կարողանում է ճիշտ քայլեր կատարել, հաշվարկել, կանխատեսել եւ այլն: Ասել է թե` ուժեղ քաղաքական հոտառություն ունի որպես շախմատիստ: Իրականում բնավ էլ այդպես չէ:

Առ այսօր ինչի՜ է հասել Կասպարովը քաղաքականության մեջ: Իր հերթական ելույթներից մեկում նա հպարտորեն հայտարարում է, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում ունեցած «անհամաձայնների երթերով» արդեն «բրենդ» է ստեղծել, որ իր «Ուրիշ Ռուսաստան» կազմակերպությունն արդեն ճանաչված է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտասահմանում: Ճիշտ է, ճանաչված է, բայց որպես սկանդալային, որից լրջության հոտ չի փչում: Կասպարովը շատ հեռու է նույնիսկ Վլադիմիր Ժիրինովսկուց, որը կիրառում է նույն մարտավարությունը, սակայն բավական արդյունավետորեն:

Պուտինի ժողովրդականությունն այստեղ այնքան բարձր է, որ նրան փնովելով ու նրա «ռեժիմը» դատապարտելով ոչնչի չես հասնի: Եվ գլխավորը, դիմացն ի՞նչ ես առաջարկում, դեմոկրատիա՞: Հավատացեք, եթե Ռուսաստանում այսօր որեւէ քաղաքագետ, նույնիսկ Պուտինը, խոսում է դեմոկրատիայի մասին, ապա միայն Արեւմուտքին գոհացնելու նպատակով: Ելցինյան ավերիչ ու այլասերիչ «դեմոկրատիայից» հետո այդ բառն անգամ մարդկանց նյարդայնացնում է: Իսկ Կասպարովն ուզում է վերջ տալ «չեկիստների» տիրակալությանը եւ կառուցել իսկական դեմոկրատիա:

Աստված Կասպարովի հետ, կասեն Հայաստանում, եւ ճիշտ կասեն: Սակայն այստեղ առաջ է գալիս մի նոր հանգամանք: Եթե հիշում եք, Կասպարովի շախմատային կարիերայի զարթոնքին Հայաստանում գրեթե երախտագիտությամբ էին հիշատակում այն փաստը, որ Գարրի Կիմովիչ Կասպարովը իր անձնագրում ազգությունը սյունակի դիմաց գրել է հայ: Միայն միամիտ մարդը կարող է հավատալ դրա ներքին բովանդակությանը: Նույնիսկ քառորդ հրեան երբեք իրեն այլազգի չի համարի, ինչ ազգանուն էլ որ կրի: Դա այդ ազգի յուրահատկություններից մեկն է: Մոսկվայում լույս է տեսել մի գիրք «Աշխարհի 100 ամենանշանավոր հրեաները» վերտառությամբ: Եթե նկատի ունենանք, որ հրեաները ազգությունը որոշում են մոր կողմով, ապա Կասպարովը այդ ցուցակում չպիտի լինի, քանզի մայրը հայ է: Բայց շախմատիստը աշխարհահռչակ մարդ է, հետեւաբար նա միայն Վայնշտեյն կարող է լինել եւ պարտադիր պիտի մտնի գերագույնների շարքի մեջ: Ճիշտ է, այդ հոդվածում «ներողամտաբար» բացատրված է, որ նա սոսկ վերցրել է մոր ազգանունը:

Ինչի համար է արվում այս ամենը: Իր աղմկոտ, իսկապես սկանդալային քաղաքական գործունեությամբ, բազմաթիվ հրապարակային ագրեսիվ հակապուտինական ելույթներով նա արդեն շատերին է, թող կոպիտ չհնչի, զզվեցրել: Եվ այս պարագան առիթ է տալիս նրա հակառակորդներին ու հատկապես ռուս նացիոնալիստական խավին հաճախ անդրադառնալու նրա «ծագումնաբանությանը»: Եվ երբեմն բանը հասնում է նաեւ գռեհկությունների` «ջհուդի ու հայի վիժվածք», «ջհուդի ու հայի խառնուրդ» եւ այլն: Այսինքն, մարդու մեջ գրամ ռուսի արյուն չկա, իսկ նա լկտիաբար հավակնում է երկրի բարձրագույն պաշտոնին եւ այդ «ճանապարհին» ավել-պակաս շաղակրատում է ժողովրդի կողմից իսկապես հարգված ներկա ռուս ղեկավարի հասցեին:

Դժվար է ասել, մեղավո՞ր ենք հայերս ժամանակին նրան զոռով հայացնելու մեջ: Համենայն դեպս ներկա ժամանակներում մենք բնավ էլ կարիք չունենք մեր ազգության հիշատակմանը նրա նկատմամբ բացահայտ արգահատանքի դրսեւորումով:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4