Բազմաչարչար Լեւոն Չախմախչյանի անունը նորից չի իջնում ռուսաստանյան մամուլի էջերից: Հիմա էլ գործին «կոլորիտ» է հաղորդում այն, որ նրա փաստաբան Բորիս Կուզնեցովի դեմ փորձում են քրեական գործ հարուցել որոշ գաղտնի հանգամանքներ հրապարակելու համար, ինչի հետեւանքով Կուզնեցովը դիմել է փախուստի:
Չախմախչյանի գործը քննվելու է Մոսկվայի քաղաքային դատարանում: Մամուլը հատուկ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սա առաջին դեպքն է, երբ ՌԴ Դաշնային խորհրդի (պառլամենտի վերին պալատի) գործող անդամի դեմ հարուցված քրեական գործը հասել է դատարան: Մեղադրանքը բավականին ծանր էՙ խաբեբայության միջոցով ստանալ 300 հազար դոլար: Հանցագործությանը մասնակցել են վեց հոգի, այդ թվում Չախմախչյանի փեսանՙ Հաշվիչ պալատի աուդիտորի նախկին օգնական Արմեն Հովհաննիսյանը եւ Չախմախչյանի կողմից ղեկավարվող Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովը:
Գործին խիստ «գաղտնիություն» է հաղորդված, եւ դատական նիստերն անցնելու են դռնփակ: Տակավին սենատոր եղած ժամանակ ՌԴ Գերագույն դատարանի դատավորներից մեկի որոշումով գաղտնի լսվել են Չախմախչյանի բոլոր հեռախոսային խոսակցությունները գործակիցների հետ, ինչը փաստաբան Կուզնեցովը համարել է անօրինական: Բնականաբար, գործին խառնվում է նաեւ Անվտանգության դաշնային ծառայությունը, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել չհրապարակել որոշ «պետական գաղտնիքներ»:
Զգացվում է, որ Չախմախչյանի գլխին իրոք սեւ ամպեր են կուտակվել: Բայց թե ինչու հենց նրա գլխին, մնում է անհայտ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա