Էդվարդ Էնիֆիաջյանը 80-ականներից Հայաստանում պոպարտով առաջին զբաղվողներից էր, եւ իր աշխատանքներում արեւմտյան արվեստի ժամանակակից մոտեցումներ էր կիրառում: «Ժամանակակից արվեստը չունի լավի կամ վատի խնդիր: Խնդիրը ժամանակակից լինելն է», ասում է նա: Իսկ ժամանակի ռիթմն էլ խորապես կարող է միայն տաղանդավոր անհատը զգալ:
90-ականներից նա ապրում եւ աշխատում է Նյու Յորքում: Այժմ Հայաստանում է եւ ՆՓԱԿ-ում նրա ցուցադրությունները նյույորքյան տպավորություններն են, արդի արվեստին բնորոշ արտահայտչաձեւերով: Ինքն ասում է, որ կյանքի հանդեպ պոզիտիվ կեցվածք ունի, նկարաշարերում սակայն ագրեսիվ տոնայնություն կա: Սա բացատրվում է անցումային հոգեվիճակներովՙ տարիքային փոփոխություններով: Այս ուղղության հետեւորդներն ուշադրության կենտրոնում պահում են ոչ թե գեղանկարչական տարրերը, այլ առարկաների արվեստը, ուրբանիստական շեշտադրումներով: Նրա քաղաքային պատկերներն ուղեկցվում են անգլերեն գրություններով, որոնք, ըստ Էդվարդի, քնարականություն են հաղորդում (ինձ համարՙ ճիշտ հակառակն էր): Գրություններն ուշադրության կենտրոնում էին, պատկերները փորձում ես դրանց շարունակությունը համարել, կամՙ ֆոնը: Իր այս շարքում ամենակարեւոր աշխատանքը, ամենագեղեցիկը 9-ամյա երեխայի հագուստներով պատկերն էր, որով նա շնորհակալություն է հայտնում իր զավակի գոյության համար:
Ըստ կարծիքներից մեկի, նա արգելված էլեմենտներ է բերում: Արա Հայթայանը գրում է, որ «արտիստն ինչ-որ ձեւով նրանց տանում է դեպի իմաստազրկում, փաստը եւ խոսքը շեղում դեպի բացարձակ պատկերը, ձեւը. օրինակ, նարինջն անցնում է իր հնարավոր իմաստափոխումըՙ անիվ, orange, թիրախ, պտույտ, ընթացք...»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ