«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2007-07-24 | #139, 2007-07-25 | #140, 2007-07-26


«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»` ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԵԹԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել Հայաստանի հանրային ռադիոյի հետ` «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հետագա վերահեռարձակման շուրջ: Հուլիսի 24-ի ուշ երեկոյան «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը եւ այն վերահսկող գործակալությունը` Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը Վաշինգտոնում տարածել են հաղորդագրություն` մտահոգություն արտահայտելով, որ Հայաստանի Հանրային ռադիոն հրաժարվել է երկարաձգել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերի հեռարձակումը շարունակելու պայմանագիրը:

Ըստ «Ազատության», հաղորդագրության մեջ նշվում է, որ ուսումնասիրությունների տվյալները վկայում են, որ Հայաստանի մեծահասակ բնակչության 15 տոկոսը ամեն շաբաթ լսում է «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը: «Մեր պատվիրակությանը խնդրեցին մեկնել Երեւան` շտկելու որոշ աննշան տեխնիկական հարցեր եւ կնքելու այս հաջող գործընկերությունը երկարաձգելու պայմանագիր», ասել է Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Գլասսմանը: «Բոլոր այդ հարցերը լուծվեցին: Մեր պատվիրակությանն ասացին, որ վերջնաժամկետներ չկան եւ որեւէ սպառնալիք չկա, որ «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը դուրս կմնան Հանրային ռադիոյի եթերից: Պայմանագիրը, այդուհանդերձ, մնաց չստորագրված, իսկ վճարումները կատարելու մեր առաջարկությունը մերժվեց: Ակնհայտ է, որ այն, ինչը խոչընդոտում է պայմանագրի ստորագրմանը, կապ չունի իրավական, պայմանագրային կամ տեխնիկական հարցերի հետ»:

Ուշ երեկոյան «Հայլուրը» հրապարակեց Հանրային հեռուստառադիոխորհրդի պատասխան հայտարարությունը, որի մասինՙ մեր վաղվա համարում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4