«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2007-07-24 | #139, 2007-07-25 | #140, 2007-07-26


ԲՈՄԺԵՐԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ, ԹԵ՞ ԲԻԶՆԵՍԻ ՇԱՀՆ Է ԳԵՐԱԿԱ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ

Օտարման գոտիներից վտարվածները նշեցին իրենց վտարման չորրորդ տարին

«Մի՞թե ադրբեջանցիներից ազատագրված տարածքները հոգածության կարիք չունեն: Ինչո՞ւ դրանք չեն օգտագործում պետական կարիքների համար: Մի՞թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չէ այս երկրի համար թիվ մեկ հոգածության առարկան, նա չէ՞ պետական կարիքներից ամենակարեւորը»: Այս եւ նման հարցեր էին երեկ հնչեցնում «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի եւ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահները, մի խումբ իրավապաշտպաններ, որոնք եկել էին ամփոփելու պետական կարիքների անվան տակ իրականացրած գործունեության արդյունքում «բոմժ»-ի վերածված քաղաքացիներին սեփական բնակարաններից վտարման չորրորդ տարելիցը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսավորմամբ տեղի ունեցած սեմինարին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել ավելի քան 29 կազմակերպությունների ու պետական կառույցների ներկայացուցիչների, այդ թվումՙ կուսակցություններին եւ Երեւանի քաղաքապետարանին: Սակայն հրավերին արձագանքել եւ «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում ներկա էին մոտ երեք տասնյակ մարդիկ, որոնց 70 տոկոսը լրագրողներ էին:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը ներկայացրեց իր հուզումնալից զեկուցումը, որտեղ ամփոփիչ եւ ուշագրավ հարցերից բացի մի ուտոպիական լավատեսություն էլ հայտնեց, թե ինքը հավատում է վարչապետին եւ, որ «նման պաշտոն զբաղեցնողը չի կարող խոստանալ եւ չանել»: Իսկ վարչապետը նախընտրական քարոզարշավի օրերին, ավելի ստույգ` այս տարվա ապրիլի 13-ին խոստացել էր, որ հարցը կուսումնասիրվի եւ արդար լուծում կտրվի, վտարվածներն էլ իրենց հերթին խոստացել են միտինգներ, երթեր եւ հրապարակային միջոցառումներ չիրականացնել: Բայց այստեղ են ասել, թե մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա: «Մենք այսօր կանգնած ենք այն իրավիճակում, ինչպիսին էինք մինչ այս շարժումն սկսելը», հայտարարեց Ս. Բաղդասարյանը: Թերեւս դա է պատճառը, որ սեմինարն, այնուամենայնիվ կայացավ, որպես բողոքի նշան, եւս մեկ անգամ բարձրաձայնելով բազմաթիվ այն քաղաքացիների շահերի ոտնահարման մասին, որոնք անտուն եւ կոտրված ճակատագրերով այստեղ-այնտեղ` ծանոթ-բարեկամի աչք-ունքին նայելով, պատսպարվում են փողոցի «պարտադրված ձգողականությունից»: Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հիմքով ստեղծված ՀԿ-ների նախագահները հավաստիացնում են, որ իրենք չեն լռելու եւ դիմելու են առավել գործուն եւ ազդեցիկ միջոցառումների: «Ազգի» հարցին ի պատասխան, թե որո՞նք են այդ քայլերը, «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը պատասխանեց` հացադուլ, նստացույց նախագահի նստավայրի առջեւ եւ այլն:

Սեմինարի կազմակերպիչ Սեդրակ Բաղդասարյանի խոսքով, Երեւանի կենտրոնի տարածքների իրացման հետեւանքով ավելացել է սոցիալապես խոցելի եւ անապահով անձանց թիվը, իսկ սա նշանակում է, որ այս քաղաքաշինական ծրագրերը հակասում են եւ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին: Պետական կարիքներից տուժածների շահերը Հայաստանում եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանն էլ նշեց, թե հարցը դարձել է ազգային պրոբլեմ, որովհետեւ առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ: «ԾԻԳ-երը նախ չեն համապատասխանում ոչ առեւտրային կազմակերպության իրենց անվանը, ավելի ճիշտ, նրանք միջնորդ առեւտրային գործունեություն են ծավալում եւ դարձել են տանիք ներդնողների համար: Պատասխանատվությունը ԾԻԳ-ի վրա է, եւ դրանից օգտվում են ներդնողները», նշեց նա:

«Մեզ վտարեցին, բայց ո՞ւր` Ֆրանսիա, Իտալիա, հարցնում է Վաչագան Հակոբյանը մեզ հետ առանձնազրույցի ժամանակ: Իսկ մենք մոտ հազար հոգի ենք, ասում է «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահը, պատմելով իրենց կազմակերպության անդամների մասին: Նա ասում է, որ պետական գերակա շահի անվան տակ իրականացված բռնի եւ անմարդկային տարհանման եւ դրանից սթրեսի հետեւանքով 7 մահեր են գրանցվել:», ասաց զրուցակիցս:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4