«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2007-07-24 | #139, 2007-07-25 | #140, 2007-07-26


ՋԵՅՄՍ ԹՈՒՖԵՆԿՅԱՆԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Վանաձորում շահագործման հանձնվեց «Զանգակատուն» կրթադաստիարակչական կենտրոնի շենքը

Հուլիսի 21-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հարեւանությամբ, Մ. Հերացու 53 հասցեում տեղի ունեցավ «Զանգակատուն» կրթադաստիարակչական կենտրոնի շինարարական աշխատանքներին ավարտելու եւ շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը: Երկհարկանի շենքի ամրացման եւ վերակառուցման համար ծախսվել է 51,32 մլն դրամ, որը տրամադրել է ազգային բարերար Ջեյմս Թուֆենկյանը: Շինարարության պատվիրատուն է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը (տնօրեն` Մարգարիտա Հովհաննիսյան), ճարտարապետըՙ Գեւորգ Ավետիսյանը: Կառույցն ունի ինքնատիպ ճարտարապետական տեսք, իսկ շինարարությունն իրականացրել է «Կանակա» ԲԲԸ-ն:

- Շատերը գիտեն, որ Վանաձորում արդեն 3 տարի գործում է «Զանգակատուն» կենտրոնը,- հանդիսության բացման խոսքում ասաց Մ. Հովհաննիսյանը: - Կենտրոնը մինչ այժմ տեղակայված է եղել թիվ 22 դպրոցում: Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ մենք ձեռք բերեցինք այս շենքը, որի վերակառուցումն սկսվեց անցած տարի: «Կանակա» ընկերության նախագահ Հայկ Հովիվյանին հայտնում եմ իմ եւ «Թուֆենկյան» հիմնադրամի երախտագիտությունը: Այս շենքը, հուսով եմ, երկար ժամանակ կծառայի մարզկենտրոնի բնակչությանը:

- «Զանգակատունը» հրաշալի կազմակերպություն է եւ ունի հրաշալի բարերար, շինարարն էլ մեր քաղաքում լավագույններից մեկն է,- ասաց փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը: - Այս փողոցը, ուր գործում են «Հովարդ Կարագյոզյան» մանկական բարեգործական ատամնաբուժարանը, մարզադպրոց եւ կրթօջախ, հարստացավ եւս մեկ կարեւոր շինությամբ` «Զանգակատուն» կենտրոնով: Քաղաքապետարանը պարտավորվել է, որ այս փողոցը բարեկարգ լինի եւ ներկայանալի տեսք ունենա:

Բարեմաղթանքի խոսք ասաց եւ օրհնության ու օծման արարողություն կատարեց Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Մեսրոպ արք. Գրիգորյանը: Կրթադաստիարակչական կենտրոնի շահագործման առթիվ բարեմաղթանքի խոսք ասաց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

- Գիտեմ, որ «Զանգակատուն» կենտրոնն արդեն երեք տարի գործում է թիվ 22 դպրոցում, ուր մի քանի դասասենյակներ են հատկացվել,- ասաց նա: - Այսօր շահագործման է հանձնվում այս գեղեցիկ կառույցը, ուր ավելի արդյունավետ եւ բովանդակալից կկազմակերպվեն աշխատանքները: Շինաշխատանքներն իրականացվել են բարձր որակով եւ մեկ անգամ եւս համոզվեցինք, որ «Կանական» կառուցում է ժամանակակից պահանջներին համապատասխան: «Թուֆենկյան» հիմնադրամը լուրջ կազմակերպություն է եւ մտահոգվում է կրթական համակարգի խնդիրներով: Սա վկայում է նաեւ, որ պետությունը, ի դեմս նման կազմակերպությունների, ունի գործընկերՙ կրթական համակարգի զարգացմանն աջակցող: Համոզված եմ, որ այստեղ կհաճախի 100-ից ավելի երեխա: Կենտրոնը կնպաստի նրանց դաստիարակությանը, հետեւաբար նաեւ առողջ հասարակության կերտմանը: Շնորհավորում եմ բոլորիդ եւ շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս նախաձեռնության իրականացմանը:

Կարմիր ժապավենը կտրելու պատիվն ընձեռվեց մարզպետ Արամ Քոչարյանին եւ Մեսրոպ արք. Գրիգորյանին: Արարողության մասնակիցները ծանոթացան կենտրոնին, ուր ամեն ինչ կառուցված էր ճաշակով եւ համապատասխանում է երեխաների հետ լիարժեք աշխատելու չափորոշիչներին: Ճաշարանը, սանհանգույցները, դասասենյակները, համակարգչային դասարանը, գրադարանը, նախասրահը, որտեղ ցուցադրված են երեխաների ձեռքի աշխատանքները, գոհունակության խոսքերի արժանացան ե՛ւ հյուրերի, ե՛ւ տեղական իշխանությունների, ե՛ւ կենտրոնի սաների ծնողների կողմից:

- Կենտրոնը Վանաձորում գործում է 2003-ի նոյեմբերից եւ ավելի քան 3 տարվա պատմություն ունի, - ասաց տնօրեն Նարինե Քերոբյանը: - Հաստատությունը կրթականից բացի ունի սոցիալական ուղղվածություն: Այժմ աշխատում ենք 60 ընտանիքի շուրջ 120 երեխայի հետ: Մեզ մոտ սնվելուց հետո երեխաները մասնակցում են համակարգչային, խեցեգործական, նկարչության, հայոց լեզվի դասընթացների: Առաջնայինը, սակայն, քրիստոնեական դաստիարակությունն է: Մենք ունենք աշխատողներ, ովքեր պարբերաբար այցելում են ընտանիքներ, հնարավորինս լուծվում են նրանց հիմնախնդիրները: Ունենք պարի, տիկնիկային թատրոնի խմբակներ, պարբերաբար կազմակերպում ենք շնորհանդեսներ: Տեւական ժամանակ կենտրոն հաճախելուց հետո երեխաների մեջ զգալի փոփոխություններ են կատարվում ե՛ւ շփման, ե՛ւ վարքագծի առումով: Օրերս նախատեսվել է ուխտագնացություն Սանահին եւ Հաղպատ: Ի դեպ, իրականացվում է նաեւ հաճելի մի նախաձեռնություն. կենտրոնում շինարարության սկզբից գործում է «Կանակա» ԲԲԸ-ի մասնագետների կողմից դասավանդվող շինարարական խմբակ:

- Այն երեխաները, ովքեր կտիրապետեն շինարարության սկզբունքներին եւ կցանկանան աշխատել, «Կանակայում» իրենց տեղն ապահովված է,- ասաց Հ. Հովիվյանը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4