Սինթեզատորների գայթակղիչ հնչողությունը վաղուց ձանձրացրել է զարգացած աշխարհին, քանի որ այնտեղ շատ շուտ են գլխի ընկել, որ բնական հնչողության վայելչությունն անփոխարինելի է: Մեր կոմպոզիտորները նույնը հասկացել էին ավելի վաղուց, բայց քանի որ նրանց ձայնին այստեղ ունկնդիր չկա, շարունակվում է սինթեզատորների ու համակարգիչների շնորհած տաղանդով փայլատակող հայկական «աստղերի» շքերթը: Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի ասելով, վերջին ամիսներին իրենց իրականացրած նախագծերը շատերի համար պիտի ուսանելի լինեին, բայց քչերը հասկացան, որ կենդանի հնչողությամբ երգելու համար տաղանդ է հարկավոր: «Չեմ ուզում անուններ տալ, որովհետեւ նրանց դեմ պայքարելը կոմպոզիտորների գործը չէ: Կարծում եմ, վերջին նախագծերից հետո որոշ մարդիկ շատ բան հասկացան, ոմանք էլՙ ոչինչ չհասկացան, կամ իրենց դնում են չհասկացողի տեղ: Հարցն այն է, որ նրանք անում են այն, ինչ կարողանում են, պարզապես նրանք չեն ստացել այն դաստիարակությունը, որի կարիքն ունի ամեն մի երգիչ: Ամեն մի երգող մարդ չի կարող երգիչ կոչվել, դրա համար պետք է կրթվել, գիտելիքներ ունենալ, հասարակության աչքին բարձր լինել: Քանի որ ես լավատես մարդ եմ, այս վիճակից չեմ նեղվում, որովհետեւ այս բազմազանությունը տալիս է դրական արդյունքներ»:
Չնայած իր լավատես լինելուն, նա ավելորդ չհամարեց վերստին հիշեցնել, որ մեր եթերը հեղեղված է ոչ բարձրորակ երաժշտությամբ, բազմաթիվ երգիչներ փչացնում են թե՛ իրենց կարիերան, թե՛ մեր երգարվեստը: Նրանց գրկաբաց են ընդունում բոլոր հեռուստառադիոընկերությունները, մոռանալով, որ իրենք կոչված են կրթելու հասարակությանը, այլ ոչ փչացնելու նրա ճաշակը: Ամեն օր հեռուստադիտողին են հրամցվում նոր «աստղիկներ»ՙ բարերար քեռու նվիրատվություններով նկարահանած իրենց 2-3 տեսահոլովակներով, որոնցում նույնիսկ իրենք իրենց չեն ճանաչում, որովհետեւ ժամանակակից տեխնիկան տալիս է բոլոր հնարավորությունները: Համակարգչի օգնությամբ կարելի է ազատվել անգամ ձայնի կեղծ նոտաներից, բայց մինչեւ ե՞րբ: Եվ երբ գալիս է նվագախմբի հետ երգելու պահը, նրանք ամոթից ու անհարմարությունից կորցնում են իրենց, ծանր վիճակի մեջ ընկնում: Երվանդ Երզնկյանն այդպիսի պահերի շատ է ականատես եղել, իսկ հեռուստադիտողը մի քանի երգիչների ձայնային տվյալների մասին փայլուն պատկերացում կազմեց «Երկու աստղ» նախագծի ժամանակ:
Արդեն 10 տարի պետական կոնսերվատորիայում գործում է էստրադայի եւ ջազի բաժինը, որտեղ ուսանել են այսօրվա «աստղերից» շատերը: Ավելի ճիշտ մի քանիսը ուսանել են, մի քանիսը երեւացել միայն 2 անգամՙ կոնսերվատորիայի ընդունելության եւ ավարտական քննությունների ժամանակ: «Մեր կոնսերվատորիան թույլ է տալիս, որ ուսանողը ոչինչ չանելով ավարտական դիպլոմ ստանա: Ես սովորել եմ պոլիտեխնիկ ինստիտուտում, հետո ընդունվել կոնսերվատորիա: Եվ երբ համեմատում էի, ուղղակի ծիծաղելի էր, թե ինչ հեշտությամբ էին ընդունվում եւ ավարտում կոնսերվատորիան: Նույնը շարունակվում է այսօր, ճիշտն ասած, ես իմ ուսանողներին անբավարար չեմ նշանակումՙ որ ուսանողը սովորելու ցանկություն ունի, նրա համար ամեն ինչ անում եմ, ով ոչՙ աստված նրա հետ: Բավարար գնահատական ենք դնում, իմանալով, որ մեկ է, վերջում ունենալու ենք «զանգ ընկերոջը» ու գնահատելու ենք: Ուրեմն ինչո՞ւ սպասենք դրան»:
Երեկ «Հայացք» ակումբ հրավիրված Երզնկյանը պատմեց, որ այդպիսի ուսանողների կողքին կան նաեւ հրաշալի ձայնային տվյալներով ու ստեղծագործելու ձիրքով օժտված ուսանողներ: Նրանցից մեկը Իրանից է, գրեթե հայերեն չի խոսում, հազիվ են շփվում կցկտուր անգլերենով, բայց շաբաթական 2 դասը իրանահայ երիտասարդի համար քիչ է, նա ամեն օր հաճախում է նվագախմբի փորձերին: Վերջերս մի ստեղծագործություն է գրել ու զարմացրել նվագախմբին: «Կան բարձրակարգ երգիչներ, որոնց դուք չեք ճանաչում, որովհետեւ նրանք փող չունեն հոլովակ նկարելու ու հեռուստատեսությամբ երեւալու համար: Նրանց ճանաչելի դարձնելու համար պետք է վերականգնել նվագախմբի հետ համերգներ տալու նախկին ավանդույթները, դրանք պետք է շատ լինեն, որպեսզի հասարակությունը տեսնի իսկական տաղանդներին»:
Գիշերային ակումբներում մեր «աստղերի» մի կատարումը հազար դոլար է
Այն, որ մեր երգիչները երգում են գիշերային ակումբներում, մաեստրո Երզնկյանը նորմալ է համարում, որովհետեւ այդպես է ընդունված նաեւ բոլոր երկրների գիշերային ակումբներում, եւ ի վերջո, փող աշխատելն այդքան դյուրին բան չէ: Բայց ի տարբերություն արտասահմանցի ակումբային երգիչների, մերոնք այնպիսի «աստղային գումարներ եւ հոնորարներ են ստանում, որպիսիք չկան նույնիսկ Մ. Նահանգներում: «Իմ աղջիկը բարձրակարգ ջազային երգչուհի է, ապրում է Մ. Նահանգներում, երեկոյան երգում է ջազ ակումբում, ստանալով 150 դոլար: Շատ գոհ է, որովհետեւ բոլորը նույն գումարն են ստանում: Իսկ մեր երգիչներն ամեն մի երգի համար 1000 դոլարից պակաս չեն վերցնում: Որտեղի՞ց այդ հազար դոլարը, ո՞վ է տալիս նրանց: Ես ամբիոնի վարիչ եմ եւ ստանում եմ 50 հազար դրամ աշխատավարձ: Երբ որեւէ առիթով երգիչ եմ հրավիրում, ինձ ասում ենՙ «Մաեստրո, ձեզ համար 400 դոլարով կերգեմ»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ