«Հայաստանը երբեք Ալբանիայից զենք չի գնել եւ չի պատրաստվում գնել: ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը սուտ է սկզբից մինչեւ վերջ», հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
Նշենք, որ ադրբեջանական գործակալությունը, հղում անելով Industrywatch-ին, հաղորդել էր, թե Հայաստան առաքվող ալբանական զենքի եւ զինամթերքի խոշոր խմբաքանակ մնացել է թուրքական սահմանին, քանի որ թուրքական իշխանությունները հրաժարվել են տարանցման իրավունք տալ: «Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշի խոսքերով, Թուրքիան ստիպել է հետ շրջել զենքով բեռնված ալբանական նավը: «Մեր նավերից մեկը 60 կոնտեյներներով, որոնք բեռնված էին հիմնականում ծանր հրետանիով եւ զինամթերքով, Դուրրես նավահանգստի կայանում էր: Նավը Դուրրեսից դուրս էր եկել դեպի Ստամբուլ», նշել է նա:
Նույն աղբյուրի համաձայն, Թուրքիայի եւ Հայաստանի խնդրահարույց հարաբերությունները հանգեցրել են իբր այն բանին, որ նավը ստիպված վերադարձել է եւ զենքը բեռնաթափել Դուրրես նավահանգստում: Զենքի առեւտրով զբաղվող MEIKO ընկերության տնօրենը նկատել է, որ Ալբանիան գործ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության հետ: MEIKO ընկերությանը, որը փորձ ունի զենքի առաքման հարցում, հանձնարարվել էր կապեր հաստատել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ եւ գործարք կնքել: Աղբյուրը նշել է նաեւ, թե հայկական կողմը պետք է վճարեր զենքի առաքման համար», տարածել էր ԱՊԱ-ն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ