«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2007-07-25 | #140, 2007-07-26 | #141, 2007-07-27


ՌԱԿ-ԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է «ԶԱՐԹՕՆՔԻ» ԽՄԲԱԳԻՐ ՊԱՐՈՒՅՐ ԱՂԲԱՇՅԱՆԸ

Ինտերնետային անձնական կայքից մտահոգությամբ տեղեկանում ենք Բեյրութի ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթօնք» օրաթերթի պատասխանատու խմբագիր Պարույր Աղբաշյանի Ռամկավար ազատական կուսակցության շարքերից հրաժարվելու մասին: Պ. Աղբաշյանը 17 տարուց ի վեր «Զարթօնքի» պատասխանատու խմբագիրն է ու տնօրենը եւ նրա հրաժարականը կարելի է դիտարկել որպես բողոքի արտահայտություն ՌԱԿ-ում տիրող իրավիճակի եւ, մասնավորապես, 70-ամյա թերթի լույսընծայումը 7 ամսից ի վեր դադարեցրած ղեկավարության հանդեպ: Հասկանալի է Պ. Աղբաշյանի ընդվզումը ՌԱԿ ղեկավարության դեմ: Վերջինս դեռեւս ոչ մեկ բացատրություն չի ներկայացրել ՌԱԿ միակ օրաթերթիՙ «Զարթօնքի» փակման մասին, հակառակ ընթերցողների լայն շրջանակի եւ կուսակցության տարբեր շրջանակների ու մարմինների բողոքի: Փոխարենը տեղեկանում ենք, որ անօրինական գործողություններով լուծարել են թերթիՙ Լիբանանի իշխանությունների մոտ պաշտոնապես գրանցված խնամակալ մարմինըՙ «Զարթօնք ընկերակցությունը» եւ ներկայիս ձգտում են իրացնել թերթի արտոնատիրության իրավունքը լիբանանյան մամուլի շուկայում:

Այսուհանդերձ, կարծում ենք, որ սխալ է մեր գործընկերոջ ընտրած ուղին. փոխանակ հրաժարվելու, նա պիտի մնար ավելի քան 35 տարվա կուսակցականի իր դիրքերում եւ պայքարեր փառահեղ այդ կազմակերպությունը քայքայողների դեմ, քանի որ վայելում է ոչ միայն կուսակցական շրջանակների, այլեւ համակիր եւ, նույնիսկ, մրցակից կազմակերպությունների հարգանքն ու համակրանքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4