Գիտելիքահենք հասարակություն ունենալու պարտադիր պայմանը կրթության որակի աստիճանական բարձրացումն էՙ ուղեկցված բովանդակային անհրաժեշտ փոփոխություններով ու տեխնիկական հագեցվածությամբ: Մեզանում այդ փոփոխությունները երբեմն մեկնաբանվում են որպես միջազգային կրթական համակարգի արհեստական տեղայնացման անպտուղ եւ անիմաստ փորձեր, մինչդեռ կրթական ծրագրեր իրականացնողերի պատկերացմամբ, կրթությունը պետք է լինի այնպիսին, որ շրջանավարտը կարողանա իր տեղը գտնել հասարակության մեջ, ունենա բոլոր այն որակները, որ այսօր պահանջվում են մտավոր ներուժի շուկայում: Հենց այս տեսանկյունից վերանայվում են կրթական ծրագրերըՙ գիտելիքների փաստացի մտաբերումից նոր հմտությունների եւ որակների անցնելու, տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաները լայնորեն օգտագործելու նկատառումով: Խնդիրն այն է, որ եթե այսօրվա պայմաններում շրջանավարտը չի տիրապետում համակարգչին, չի կարողանում օգտվել ինտերնետից, նրա կրթական մակարդակը հեռու է լիարժեք լինելուց: Ոլորտի պատասխանատուների հավաստիացմամբ, այժմ վերանայվում են բոլոր առարկաների ծրագրերը, փորձ է արվում մի փոքր շեղում կատարել դեպի մտավոր հմտությունների, կիրառական գիտելիքների զարգացում, աշակերտակենտրոն ուսուցում, սովորել-սովորեցնելու գաղափարախոսություն, որպեսզի յուրաքանչյուր ոք իր կյանքի ընթացքում կարողանա ինքնուրույն կրթվել: Այդ իսկ պատճառով բոլոր առարկաների համար սահմանվում են այն նվազագույն գիտելիքները, որոնք պարտադիր են յուրաքանչյուր աշակերտի իմացությունը խորացնելու ու զարգացնելու համար:
Նկատենք, որ վերջին տարիներին հանրապետության դպրոցներում համակարգիչների թիվը շեշտակի ավելացել է ինչպես կրթության նախարարության վարկային առաջին ծրագրի միջոցով, այնպես էլ մասնավոր անձանց ու կազմակերպությունների նվիրատվությամբ: Եթե 2003 թվականին 350 աշակերտին էր բաժին ընկնում մեկ համակարգիչ, այսօրՙ 30-50 աշակերտին: Վարկային երկրորդ ծրագրի ավարտին նախատեսվում է բոլոր դպրոցները հագեցնել համակարգիչներով, ինչը ենթադրել է տալիս, որ համակարգչից օգտվող աշակերտների թիվը զգալիորեն կավելանա: Համակարգչային գրագիտությունը պատշաճ մակարդակի վրա դնելու համար, անշուշտ, պետական ու հասարակական հոգածությունից բացի, կարիք ունենք ժամանակի շնչով ապրող, աշակերտի զարկերակի տրոփյունը զգացող ուսուցիչների մեծ բանակի: Ցավոք, մեզանում միջին սերնդի մանկավարժներից քչերն են տիրապետում համակարգչային գիտելիքներին: Պատճառն այն է, որ նրանցից ոմանք մտածում են, թե սովորելու համար այլեւս ուշ է, իրենց տարիքն անցել է, ոմանք էլՙ պարզապես ձգտում չունեն: Մինչդեռ ուսուցչի սովորելու պատրաստակամությունը խիստ վճռորոշ է գիտելիքահենք հասարակություն դառնալու ճանապարհը հաղթահարելու համար: Դրան հասնելու բովանդակային բոլոր փոփոխություններն իրենց բաղադրիչներով նախանշված են «Կրթության որակի եւ համապատասխանեցման» վարկային երկրորդ, եռափուլ ծրագրում: Այժմ իրականացվում է առաջին փուլըՙ 4-ամյա ժամկետով:
Արդեն նշեցինք, որ դրա անհրաժեշտությունը թելադրված է կրթական արդի պահանջներով, որոնք ուղղակիորեն կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն առաջընթացի հետ: Թվեր ու փաստեր մտապահելուց այսօր ավելի քան հրատապ է դարձել անհրաժեշտ տեղեկատվությունը նույն պահին ձեռք բերելու, ժամանակի հարահոսի մեջ ճիշտ կողմնորոշվելու, ինքնուրույն դատողություններ անելու ունակությունների զարգացումը: Մասնագետները նկատում են, որ նախկինում տեղեկատվություն հայթայթելու միջոցներն այդքան ճկուն չէին, դրա համար էլ խիստ կարեւորվում էր փաստացի գիտելիքների մտապահումը: Ինչ խոսք, այժմ էլ կարիք կա մտապահելու հիմնարար գիտելիքները, սակայն նոր շեշտադրմամբ: Հասարակություններն այսօր կոչվում են գիտելիքահենք, որովհետեւ ավելանում է բարձր մակարդակի կրթության պահանջը: Մեր հանրակրթության ոլորտում այժմ կարեւորվում են ուսուցչի նախաձեռնությունը, ինքնուրույն աշխատելու ազատությունը, ուսուցման համագործակցային ձեւերի կիրառումը եւ այլ նորամուծությունները:
Ուսուցման նոր մեթոդներն ինքնին թելադրում են նաեւ գնահատման համակարգի վերանայում, նկատի առնելով այն հանգամանքը, որ միջազգային փորձագետները մեր կրթական համակարգի ամենաբնորոշ գիծը համարել են այն, որ երկար ժամանակ մեծ տեղ է տրվել ուսուցչի սուբյեկտիվ դատողությանը, որն էլ հանգեցրել է աշակերտների հանդեպ ձեւական եւ ինքնիշխան մոտեցման: Փորձագետներն այդ համակարգում դրական են նկատել միայն ուսուցչի հանդեպ դրսեւորված առանձնահատուկ վստահությունը, որը, սակայն, բավարար չէ մյուս թերություններն անտեսելու համար: Ուսուցչի քմահաճ մոտեցումից շուտափույթ ազատվելու լավագույն ձեւը, ըստ փորձագետների, գնահատման օբյեկտիվ գործոնն ուժեղացնելն է:
Կրթության այսօրվա պահանջներից ելնելով, առանձնահատուկ տեղ է հատկացվում աշակերտների միասին աշխատելու ունակությունը զարգացնելուն, որը նպաստավոր կլինի բարձր առաջադիմության, բազմակողմանի զարգացածության, թեստեր լուծելու ճկունության եւ այլ որակների հասնելու առումներով: Ուշագրավ է, որ ժամանակակից թեստերը կազմվում են աշակերտի իմացությունը ստուգելու, այլ ոչ թե նրան բարդ հարցերի մեջ խճողելու սկզբունքով: Թեստերում ընդգրկված մեծաքանակ պարզ հարցերի առկայությունը բացատրվում է հենց դրանով, թեպետ հնչում է նաեւ հակառակ կարծիքը, որ պարզ հարցերը հաճախ ավելի շփոթեցնող են: Ինչեւէ, թեստերում կան նաեւ միջին բարդության եւ բարդ հարցեր, որոնք թույլ են տալիս ստուգելու աշակերտի իմացության ավելի խորը շերտերը: Թերեւս ամենից կարեւորը պարզունակ հարցերից խուսափելն է, նաեւ հստակ ու ստույգ հարցերի համակարգված լինելը: Մեզանում այս հարցը դեռեւս քննվում է, եւ պատկերն ավելի հստակ կդառնա առաջիկա 2 տարիներին, երբ քննական բոլոր առարկաներից քննությունները կանցկացվեն թեստային համակարգով:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ