«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2007-07-25 | #140, 2007-07-26 | #141, 2007-07-27


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

Մրցումներին կարող են մասնակցել նաեւ պրոֆեսիոնալ մարզիկները

Օգոստոսի 18-26-ը Հայաստանում կանցկացվեն Համահայկական 4-րդ խաղերը, որոնց ծրագրում ընդգրկված է 10 մարզաձեւՙ ֆուտբոլ, բադմինտոն, բասկետբոլ, թենիս, շախմատ, լող, թեթեւ ատլետիկա, սեղանի թենիս, ֆուտզալ եւ վոլեյբոլ: Համահայկական խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն էր նվիրված հրավիրված մամուլի ասուլիսը: Այն վարում էր խաղերի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Ներկա էին նաեւ գործադիր տնօրեն Արմինե Փարսադանյանը եւ գլխավոր մրցավար Եղիշե Դավթյանը:

Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21-ին, իսկ փակմանըՙ օգոստոսի 26-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, ժամը 20.30-ին: Այդ արարողությունների բեմադրիչն է Հանրային հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին:

Այս պահին խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել արդեն 25 երկրների 68 քաղաքների 2100 մարզիկներ: Հայտերի ներկայացման վերջին ժամկետը օգոստոսի 15-ն է: Ինչ խոսք, մինչ այդ մասնակիցների թիվը զգալիորեն կաճի: Այս թվերը վկայում են, որ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում խաղերի նկատմամբ հետաքրքրությունը բավական աճել է: Հատկանշական է, որ այս անգամ Հայաստանի բոլոր մարզերն էլ իրենց ներկայացուցիչները կունենան խաղերում:

Այստեղ ընթերցողներին հիշեցնենք, որ Համահայկական առաջին խաղերը կայացել են 1999 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը: Մասնակցել են 23 երկրների 62 քաղաքների 1141 մարզիկներ: Ծրագրում ընդգրկված էր 7 մարզաձեւ: Երկու տարի անցՙ 2001 թ. օգոստոսի 18-26-ը տեղի են ունեցել Համահայկական 2-րդ խաղերը (29 երկիր, 86 քաղաք, 1419 մարզիկ, 9 մարզաձեւ): 2003 թ. օգոստոսի 16-24-ը կայացած 3-րդ խաղերին մասնակցել են 26 երկրների 81 քաղաքներից ժամանած 1559 մարզիկներ, որոնք մրցել են 10 մարզաձեւից: Այդ խաղերի ընթացքում կայացած համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստում որոշվել էր այսուհետ Համահայկական խաղերը կազմակերպել չորս տարին մեկ:

Եթե նախորդ երեք խաղերում մրցումներին մասնակցելու իրավունք ունեին միայն սիրողական մարզիկները (թեեւ որոշ մարզաձեւերում այդ կարգը խախտվում էր), ապա 4-րդ խաղերն այս առումով էապես տարբերվելու են: Այժմ ոչ մի սահմանափակում դրված չէ, եւ սիրողական մարզիկների հետ կարող են մասնակցել նաեւ գործող պրոֆեսիոնալ մարզիկները, ինչը մեծապես կնպաստի մրցումների նկատմամբ հետաքրքրության աճին, թեժ մրցակցությանը: Յուրաքանչյուր քաղաքի թիմն ինքն է որոշելու, թե ինչ հիմունքներով է կազմավորելու կոլեկտիվը:

Արմեն Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ խաղերի կազմակերպման ու անցկացման համար պետբյուջեից հատկացվել է 80 մլն դրամ: Ընդ որում մասնակիցներն իրենց միջոցներով են ժամանելու եւ մնալու Հայաստանում: Բնականաբար, միջոցները բավարար չեն եւ այդ հարցում խաղերի կազմկոմիտեին կաջակցեն հովանավորները: Այս անգամ էլ մեդալներն ու գավաթներն իր սեփական միջոցներով Կահիրեում կպատրաստի Վարդ Ալեքսանյանըՙ ապահովելով նաեւ խաղերը սպասարկող անձնակազմի (հիմնականումՙ ուսանողներ) հանդերձանքը:

Խաղերի թալիսմանն արջուկն է, որոշ փոփոխություն է կատարվել խորհրդանշանում: Խաղերին նախապատրաստվում են նաեւ մարզակառույցները: Մինչեւ օգոստոսի 10-ը պետք է ավարտվեն վերանորոգման աշխատանքները ՖԻՄԱ-ի, «Դինամո», «Հրազդան», «Կիլիկիա» եւ Արտաշատի մարզադահլիճներում, ինչպես նաեւ Աշտարակի մարզադաշտում:

Որոշակի մտահոգություն է առաջացնում Երեւանի փողոցներում ընթացող լայնածավալ շինարարության հետեւանքով խաղերի մասնակիցներին մրցավայր տեղափոխելու հարցը: Արմեն Գրիգորյանը համաձայնելով, որ այդ հարցում որոշակի դժվարություններ կծագեն, հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, դա չի խանգարի մրցումների նորմալ ընթացքին: Նա նաեւ խոստացավ խաղերը նորմալ լուսաբանելու համար բոլոր պայմանները ստեղծել լրատվամիջոցների ներկայացուցիչների համարՙ նրանց տրամադրելով տրանսպորտային միջոցներ, ինչպես նաեւ ապահովել օպերատիվ լրատվությամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4