Գաբրիել Սարգսյանը պարզապես գերազանց է հանդես գալիս Կոպենհագենում ընթացող շախմատի մրցաշարում: Հայ գրոսմայստերը 5-րդ տուրում էլ իրեն հիանալի դրսեւորեցՙ տոնելով հերթական հաղթանակը: Այս անգամ նրա մրցակիցը գրոսմայստեր Տրոստուր Տորհալսոնն էր, որը մինչ այդ Գաբրիելի նման ոչ մի միավոր չէր կորցրել: Թեեւ Սարգսյանը խաղում էր սեւերով, սակայն պարտության մատնեց մրցակցին:
Եթե 4-րդ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորում էին 7 շախմատիստներ, ապա այժմ մրցաշարում երկիշխանություն է: Գաբրիելից բացի, լեհ գրոսմայստեր Միխալ Կրասենկովին հաջողվեց շարունակել հաղթարշավը եւ 5 միավորով Սարգսյանի հետ գլխավորել աղյուսակը: 9 շախմատիստներ 4,5-ական միավորով հետապնդում էին առաջատարներին:
5-րդ տուրում Կրասենկովը հաղթեց Եվգենի Ագրեստին, ոչ-ոքի ավարտվեցին Մալախով-Նիլսեն, Խենկին-Բրունել պարտիաները: Ինչպես եւ Տորհալսոնը, Ագրեստն էլ իր առաջին պարտությունը կրեց:
6-րդ տուրում առաջատարները մրցեցին միմյանց հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Այսպիսով, Գաբրիել Սարգսյանն ու Միխալ Կրասենկովը մրցաշարում առաջին կես միավորը կորցրին: Դա հնարավորություն տվեց Նիկ դե Ֆիրմիանին միավորներով հավասարվել առաջատարներին: Նա պարտության մատնեց Տորբեն Սորենսենին եւ եւս վաստակեց 5,5 միավոր: Շախմատիստների մի մեծ խումբ 5 միավորով հետապնդում է առաջատար եռյակին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ