Թանկացումները` հայկական շուկայի ամենակայուն բնորոշիչ
Թանկացումները Հայաստանի շուկայական տնտեսության հիմնական բնորոշիչն են դարձել, եւ այնքան սովորական իրողություն, որ այլեւս ոչ բողոքի թեմա, ոչ էլ առավել եւս հասարակական դժգոհության դառնալու վտանգ են պարունակում: Ժողովուրդը ճիշտ է ասումՙ ամենաուժեղ թույնին էլ օրգանիզմը հարմարվում է, եթե այն մատուցվում է ցածր չափաքանակով, եւ դանդաղ, տեւական ժամանակի ընթացքում:
Բնակչությունը կարծես թե անհրաժեշտ դիմադրողականություն է ձեռք բերել, եւ շատ կտարակուսի, եթե հաջորդ տարի գները հանկարծ մնացած լինեն մի նիշի վրա:
Շուկայական տնտեսության սկզբունքները Հայաստանում արտահայտվում են այլափոխված կերպարանքով, այնպես որ ոչ միայն հասարակ սպառողի, այլեւ ոլորտի մասնագետների համար էլ դժվար է դրանց տարօրինակ ձեւախեղումները բացատրել: Թերեւս իրողությունը բացատրելի է միայն մեր տնտեսության ու շուկայի զարգացման զուտ հայկական առանձնահատկություններով: Մեր շուկան գերզգայուն է դարձել այնքան, որ համաշխարհային տնտեսության յուրաքանչյուր աննշան շեղում անմիջապես արձագանք է գտնում Հայաստանում: Օրինակ, եթե ռուսաստանյան հեռուստաալիքներով մի երկչոտ հաղորդագրություն էլ լինի, թե դոլարի գինը տվյալ շաբաթում մի-երկու դրամով ընկել է, կարելի է համոզված լինել, որ նույն օրն իսկ մեր դոլարը համապատասխան չափով նիհարած կլինի, իսկ վաճառակետերում, զարմանալի տրամաբանությամբ, ապրանքներն ավելի կթանկանան:
Իրականությունն այն է ընդամենը, որ Հայաստանում շուկայական օրենքները վերաձեւվում են կլանային մեծ ու փոքր կազմավորումների ախորժակի համապատասխան` ֆանտաստիկ շահույթներ ապահովելով նրանց չափազանց տռզած գրպանների համար:
Վերջին տարիներին հացի գների թանկացումը քրոնիկական բնույթ է ստացել, երբ թվում էր, թե դրա համար հիմնավոր, այսինքն բացառապես շուկայի կանոնակարգից բխող լուրջ պատճառներ չկան: Դե, եթե նկատի առնենք նաեւ գնի անկմանը համարժեք քաշի նվազման քրոնիկական միտումը, պատկերն ավելի դաժան է դառնում:
Գնային տարբերությունները, մասնավորապես մրգի ու բանջարեղենի արտադրության մեջ, ակնհայտ ու ցցուն են դառնում ամեն տարի: Գյուղմթերքների այնպիսի գներ, որ արձանագրվում են այս ամռանը, ոչ մի տարի չեն եղել: Անցած տարի այս սեզոնին պոմիդոր եւ վարունգ կարելի էր գնել 30 տոկոս ավելի էժան գնով, ծիրանը 1000-700 դրամից այդպես էլ չիջավ: Իհարկե, ինչքան սակավ է որեւէ ապրանք կամ մթերք, այնքան բարձր են գները: Պատճառաբանվում է, թե ծիրանի բերքը սակավ էր, արդեն 2 ամիս ծիրանը լիքն է շուկայում, այն դեպքում, երբ նախորդ առատ համարվող տարիներին կես ամսից հետո վերջանում էր:
Ծայրահեղությունը հասել է այնտեղ, որ գների որոշիչն այսօր դարձել է ոչ թե պահանջարկի ու առաջարկի հավասարակշռության արդյունքում դրանց ձեւավորումը, այլ նաեւ վերավաճառողների փոքրիկ մաֆիաների թելադրանքը: Պետությունն էլ, պատճառ բերելով շուկայի պայմաններում գնային քաղաքականությանը իր միջամտության անթույլատրելիությունը, հայտնվել է կողքից դիտողի դերում:
Գների թանկացումները, ի վերջո, շղթայական ռեակցիայով կփոխանցվեն վերամշակող ձեռնարկություններին: Պատկերացրեք, որ եթե պոմիդորը 30 տոկոսով ավելի թանկ է նախորդ տարվանից, ինչքա՞ն ավելի կարժենա 1 բանկա տոմատի մածուկը:
Դոլարի փոխարժեքը հաստատուն կայունությամբ շարունակում է անկում ապրել: Մասնագետների բացատրությամբ պատճառը դրսից Հայաստան մտնող տրանսֆերային գումարների մեծ աճն է: Առողջ տրամաբանության համաձայն, այս իրավիճակում հայկական դրամի դիրքերը պիտի որ ամրանային: Սակայն դրամը եւս չընդհատվող արժեզրկում է ապրում, նրա գնողունակությունն անընդհատ ընկնում է: Գաղտնիք չէ, որ բնակչության հսկա մի զանգված աշխատանք ու եկամտի միջոց չունենալով, ապրում է դրսում ապրող հարազատի` որդու, ամուսնու, կնոջ, եղբոր ու քրոջ ուղարկած դոլարով: Դրամական այդ զանգվածը ոչ միայն տնտեսական աճի խաբեության հնարավորություն է ընձեռում իշխանություններին, այլեւ դարձել է մարդկանց գոյատեւման իսկապես վճռական միջոց: Այդ գումարները արդեն մրցում են պետբյուջեի տարեկան ծավալների հետ: Եվ հավանական ու անհավանական ինչպիսի բացատրություններ էլ ներկայացվեն, ակնհայտ է նաեւ այն իրողությունը, որ անուղղակի ճանապարհով կողոպտվում է նաեւ հեռուներում դոլար վաստակող քաղաքացիների եկամուտներից:
Իսկ տնտեսական աճի ցուցանիշները ոչ մի կերպ չեն ազդում մարդկանց աշխատավարձերի ու եկամուտների վրա: Մթերքների ու ապրանքների հիմնական սպառողին` բնակչության ցածր գնողունակությամբ մեծ զանգվածին, ոչ մի կերպ չի հաջողվում հասնել դեպի վեր սողացող գների հետեւից: Եվ սարսափելին այն է, որ թանկացել ու թանկանում են առաջին անհրաժեշտության մթերքներն ու ապրանքները: Գները բարձրանում են, աշխատավարձն ու թոշակները` նույնը մնում:
Ամբողջ աշխարհում բիզնեսի շարժիչ ուժը գնորդների պահանջմունքների համապատասխան առաջարկի ձեւավորումն է, նաեւ նրանց գնողունակության ու ցանկությունների հետ հաշվի նստելը: Հայաստանում սպառողն է դարձել առաջարկի ստրուկը, նրա շահերն ու իրավունքները հայտնվել են շուկայական իրականությունից դուրս: Պահանջարկը, մանավանդ առաջին անհրաժեշտության մթերքների, միշտ էլ կա, սակայն գների պարբերական թռիչքները սպառողին ստիպում են իր առողջության հաշվին անընդմեջ կրճատել մսի, պանրի, ալյուրի, մրգի ու բանջարեղենի քանակը եւ համարյա ասկետական կենցաղի անցնել:
Նման պայմաններում Հայաստանը դարձել է աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը: Գների մարաթոնին մասնակցում են բոլոր ապրանքներն ու մթերքները: Թանկացումների հորձանքը տարածվել է մեր կյանքի բոլոր բնագավառների վրա: Իբրեւ առողջարանային, հանգստի վայր եւս սեփական երկիրը անմատչելի է դարձել տեղացիների համար:
«Լոնդոնում կյանքը ավելի թանկ է, քան Բոստոնում, բայց շատ ավելի էժան Հայաստանից», վերջերս այսպիսի հետաքրքրական դիտարկում արեց Անգլիայից նոր վերադարձած ծանոթս: Իսկ նորահայտ անեկդոտն ավելի պատկերավոր է բնորոշում հայաստանյան իրականությունը` Հայաստանի հարուստները հանգստանում են Սեւանում, միջին խավը` Անթալիայում, իսկ աղքատները` Քոբուլեթիում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ