Բազմավաստակ երկու գիտնականներիՙ բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի ու փիլիսոփա Համլետ Գեւորգյանի մասին գիտությունների ազգային ակադեմիայի կլոր սրահում երեկ հնչեցին անկեղծ ու շռայլ խոսքեր, համեմված հաճելի հիշողություններով, տոգորված ներքին ջերմությամբ: Առիթը խորագիտակ երկու գիտնականների ծննդյան 80-ամյակն էր, միասին նշելու պատճառըՙ իրենց երկարամյա ընկերությունը, միմյանց գնահատելու կարողությունը: Ջերմ մթնոլորտի անդրադարձն իսկույն նկատվում էր հոբելյարների դեմքին ու մի տեսակ դժվար էր հավատալ նրանց տարիքի իսկությանը: Լսելով նրանց անցած գիտական կյանքի, կատարած ուսումնասիրությունների մասին, ծանոթանալով տեսական գիտության վերաբերյալ նրանց մտքերին, ցավում ես, որ մեր չափից ավելի քաղաքականացված իրականության մեջ այս մարդկանց խոսքին քիչ տեղ է տրվում: Հոբելյարներին շնորհավորեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը ու շատ-շատերը:
Հետաքրքրական էր լսել Համլետ Գեւորգյանի միտքը, որ փիլիսոփա գիտնականները տեսական գիտությունն ու մշակույթը մշտապես կամրջել են փիլիսոփայության միջոցով, իսկ ժամանակակից փիլիսոփայությունը ինքնին դարձել է մշակութային երեւույթ, որով կշռվում ու գնահատվում է տեսական գիտությունը:
Համլետ Գեւորգյանի ուսումնասիրությունների ոլորտը բավականին ընդգրկուն էՙ փիլիսոփայություն եւ մեթոդաբանություն, տրամաբանություն, արեւմտյան փիլիսոփայության իմացաբանական ուսմունքների քննական վերլուծություն, հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցեր եւ այլն: Նա գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ է, երկար տարիներ դասավանդել է Երեւանի պետական համալսարանում, եղել է ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտի սոցիոլոգիայի եւ իրավունքի բաժնի վարիչը:
Բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի աշխատությունները արժեքավոր են ինչպես հունարենի փայլուն իմացության եւ թարգմանական արվեստի, այնպես էլ հայ միջնադարյան պատմության, հայ-բյուզանդական հարաբերությունների խորքերը թափանցելու եւ նորանոր էջեր բացահայտելու առումներով: Աթենքում ծնված Բարթիկյանը ուսանել է Երեւանի պետհամալսարանում, որից հետո անցել գիտական աշխատանքիՙ հասնելով մինչեւ ակադեմիայի թղթակից-անդամի աստիճանի: Նա Աթենքի ակադեմիայի պատվավոր անդամ է, հունական քաղաքակրթության հաստատության թղթակից-անդամ է, Հունաստանի բյուզանդական հետազոտությունների ընկերության պատվավոր անդամ է:
Իր անցած գիտական ուղու մասին խոսելիս Բարթիկյանը հիշեց Հայաստան գալու առաջին տարիները, երբ ռուսերեն ոչ մի բառ չիմանալու պատճառով չէր կարողանում ազդագրեր կարդալ: Մի բան, որ շատ էր սիրում, հատկապես մշակութային ազդագրերն ու պաստառները, որոնք այն ժամանակ հիմնականում ռուսերեն էին: «Ու քանի որ ռուսերեն տառերը չգիտեի, «Պաղտասար ախպարը» կարդացի «Պաղտասար դռդռ», պատմեց Բարթիկյանը:
Իր թարգմանական բեղուն աշխատանքի համար երեկ նա պարգեւատրվեց Հայաստանի գրողների միության շքանշանով:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ