ամոզված է ՀԲԸՄ ամառային պրակտիկայի ծրագրով Հայաստան եկած Գրիգոր Բանդիկյանը
«Երբ իմացանք, որ Հայորդաց տանը մենք էլ պիտի պարենք, շատ զարմացանք: Մեզ համար կազմակերպված պարի դասընթացների ժամանակ սովորեցինք պարել եւ այսօր բեմ բարձրացանք: Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց մենք շատ էինք ուզում, որ պարը լավ ստացվեր», օրեր առաջ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Բարեգործականի Նորքի Հայորդաց տանը կազմակերպած համերգից հետո «Ազգին» իր տպավորությունները պատմեց Լոս Անջելեսից Հայաստան ժամանած Լիա Սարգսյանը: Նա իր հասակակիցների` 18-25 տարեկան 17 երիտասարդների հետ հունիսի 30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) երեւանյան ամառային պրակտիկայի ծրագրով (ԵԱՊԾ) Հայաստան է ժամանել: Բարեգործականի ամառային ծրագրով, որն առաջին անգամ է իրականացվում Հայաստան կազմակերպված այցի ձեւով, հայրենիք են ժամանել Ամերիկայից, Կանադայից, Եգիպտոսից եւ Ռումինիայից հայ երիտասարդներ:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ամառային պրակտիկայի ծրագրեր Է իրականացնում նաեւ Նյու Յորքում եւ Փարիզում, որին էլ այս տարի միացավ հայաստանյան ծրագիրը: Ծրագիրն ուշագրավ է երկու առումով. նախՙ աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում ավելացնելու իրենց մասնագիտական փորձառությունը, իսկ հետո էլ նրանց վերադարձնում է հայրենի արմատներին: Բարեգործականի հինգշաբաթյա ծրագրի շնորհիվ արտերկրում ապրող հայ երիտասարդները, որ այս օրերին դեռ Հայաստանում են, պրակտիկա են անցնում երկրի առաջատար հաստատություններում եւ հիմնարկներում` արտաքին գործերի նախարարությունում, Ազգային ժողովում, Կենտրոնական բանկում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Եվրոթերմ» ընկերությունում, դեղտեսչությունում, բուժհիմնարկներում, Գաֆեսճյան հիմնադրամում, «Շարմ» ընկերությունում եւ այլ հաստատություններում: Աշխատանքային օրերին նրանք պրակտիկա են անցնում, աշխատում իրենց մասնագիտական ոլորտներում, իսկ երեկոյան եւ ազատ օրերին այցելում են Հայաստանի տեսարժան վայրերը:
Պրակտիկանտները նաեւ հնարավորություն են ստացել ՀԲԸՄ հայաստանյան ծրագրերին ծանոթանալու: Այցելել են Հայաստանի ամերիկյան համալսարան, Հերացու համալսարանի հետ համատեղ ստեղծված ուլտրաձայնային հետազոտությունների ուսուցողական կենտրոն, մասնակցել են Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, Հայորդաց տան կազմակերպած ցուցահանդեսին եւ համերգին: Նրանք տեղեկացան, թե ինչ ազգանվեր գործունեությամբ է զբաղվում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը նաեւ Արցախում: Սփյուռքահայ երիտասարդները եղել են Ղարաբաղում եւ ծանոթացել ՀԲԸՄ Ղարաբաղի ծրագրերին, տեսել են Բարեգործականի կառուցած Ստեփանակերտի 7-րդ դպրոցը, ազատամարտիկների շենքը, շախմատի դպրոցը, ինչպես նաեւ այցելել են Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Ալեք Մանուկյանի արձանին, ներկա եղել Արցախի կամերային նվագախմբի համերգին, որի գործունեությունն Արցախում եւս Բարեգործակաի շնորհիվ է: Սփյուռքահայ երիտասարդները տեղեկացել են նաեւ ՀԲԸՄ վերաբնակեցման ծրագրին: Այցելել են Հադրութի շրջանի Նորաշեն, Բարեշեն եւ Ջրակն գյուղերը, որոնք կառուցվել եւ կառուցվում են Բարեգործականի միջոցներով: Նորաշենն արդեն բնակեցված է, ունի նաեւ դպրոց եւ մանկապարտեզ, իսկ Ջրակնը կառուցման փուլում է: Երիտասարդները հանդիպել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին, ում հետ երկար եւ օգտակար զրույց են ունեցել:
Ամառային այս ծրագիրը ներառում է նաեւ հայոց լեզվի, պարի, պատմության դասընթացներ, ինչպես նաեւ հանդիպումներ կառավարության անդամների հետ: Հենց այդ պարի դասընթացի շնորհիվ էլ սփյուռքահայ երիտասարդները կարողացան Հայորդաց տանն իրենց պատվին կազմակերպված համերգին մասնակցել: Երիտասարդները նաեւ առիթ են ունեցել լսելու պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի եւ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի դասախոսությունները: Նրանց ընդունել է նաեւ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրթյանը: Դասերից եւ աշխատանքից բացի սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Հայաստանի քաղաքներ եւ տեսարժան վայրեր` Գառնի, Գեղարդ, Սեւան, Դիլիջան, Խոր Վիրապ:
«Փորձը ցույց տվեց, որ դրսում կազմակերպված յուրաքանչյուր ձեռնարկ, որքան էլ լավն է լինում, որքան էլ արդյունավետ է, քանի որ մեկտեղում է սփյուռքի հայերին, այնուամենայնիվ Հայաստանում կազմակերպված ձեռնարկները բոլորովին այլ արդյունք ունեն: Սա հայկականության մի մեծ կորիզ է: Առաջին անգամ ենք Հայաստանում այս ծրագիրն անում, եւ շատ մեծ արձագանք ունեցավ` միանգամից 17 երիտասարդ դիմեց», ասաց Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, ում խոսքով, ծրագիրը շարունակական կլինի: Բարեգործականն արդեն Նորքում կառուցում է Մելքոնյան կենտրոնը, որի կառուցումը ՀԲԸՄ կրթական մեծ ծրագրի շրջանակներում է: Աշոտ Ղազարյանը համոզված է, որ այն սփյուռքահայերի համար կլինի լավագույն կրթական ծրագիրը: Նորքում կառուցվող կենտրոնն իր մեջ կներառի հանրակացարանային համալիր, կունենա կրթական մաս, դասարաններ, որպեսզի սփյուռքից եկած հայ երիտասարդներին հնարավորություն տրվի մասնակցելու կրթական ծրագրին:
ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենը նշեց նաեւ, որ Study Abroad համաշխարհային կրթական ծրագիր կա, որով ուսանողները գնում են ուրիշ երկիր, մեկ կիսամյակ սովորում իրենց մասնագիտական համալսարանում եւ հետո վերադառնում իրենց երկիր եւ շարունակում ուսումը: «Հիմա ուզում ենք, որ բոլոր երկրներից հայ ուսանողները Հայաստան գան, մեկ կիսամյակ իրենց համապատասխան ծրագրերը գտնենք այստեղ եւ մնալով այդ կենտրոնումՙ ստանան նաեւ հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության դասեր, առնչվեն հայկական մշակույթի հետ: Այսինքն, ինչպես արեցինք ծրագիր միայն ամառային շրջանի համար, նախատեսվում է ուսումնառության կազմակերպում կլոր տարին: Կրթական ծրագրով երիտասարդները կհաճախեն ակրեդիտացիա անցած համալսարաններ, եւ իրենց կրեդիտները հավաքելով` կվերադառնան իրենց երկիր` թե՛ իրենց դասը կորցրած չեն լինի, եւ թե՛ հայկական միջավայրում եղած կլինեն», նշեց ներկայացուցչության տնօրենն ու հավելեց, որ կրեդիտային համակարգին արդեն անցել են Հայաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններըՙ ինտեգրվելով բոլոնյան կրթահամակարգին: «Եւս մի քանի տարի, մինչ մեր ամբողջ համակարգը կանցնի կրեդիտային համակարգի եւ փոխճանաչումները կլինեն», նկատեց տնօրենը: Այսինքն, մեզ մոտ մեկ կիսամյակ ուսումնառություն ստացած ուսանողների կրեդիտներն արդեն իսկ կճանաչվեն իրենց երկրում: Աշոտ Ղազարյանը հիշեց, որ մեկ անգամ իրենք նման ծրագիր իրականացրել են 1995-96 թթ. եւ այսօր Հայաստանում երիտասարդ սփյուռքահայ աշխատող կա, որը Բարեգործականի ծրագրի շնորհիվ մնացել եւ աշխատում է հայրենիքում:
«Այս ծրագրով Հայաստանում լինելով` նրանք հետո հայրենիք վերադառնալու ուղի են փնտրում: Սփյուռքահայերին Հայաստանին կապելու, հայրենի արմատներին վերադարձնելու լավագույն ձեւը սա է, ավելի արդյունավետ բան չկա», ավելացրեց նա: Բարեգործականի հայաստանյան տնօրենը կարեւորում է այն, որ Հայաստանը սփյուռքահայ երիտասարդներին ներկայանա իր լավագույն կողմերով, որպեսզի նրանք հպարտ զգան իրենց հայ լինելու համար: «Սփյուռք-Հայաստան փոխադարձ պարտականություններ ունենք, իրար զորավիգ լինելու խնդիր ունենք, եւ պետք է, որ նրանք Հայաստանը լավ կողմերով տեսնեն, կապվեն հայրենիքին», ընդգծեց Աշոտ Ղազարյանը:
Լիա Սարգսյանը, որ 3 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Լոս Անջելես, այժմ Բարեգործականի ամառային պրակտիկայի ծրագրով Հայաստանում է եւ պրակտիկան անցնում է Կարագյոզյան կլինիկայում. «Տպավորությունները ե՛ւ լավ են, ե՛ւ վատ, բայց ես ամեն ինչ գնահատել եմ այստեղ: Տարբերություններ իհարկե կան. ես բժշկական ուղղությամբ եմ աշխատում եւ մեր կլինիկաների համեմատ այստեղ տարբերություն կա: Սակայն միաժամանակ շատ հպարտ եմ, որ այստեղ պրակտիկա անցնելու հնարավորություն ունեցա: Չեմ կարող նկարագրել, չեմ կարող լրիվ բացատրել էն զգացմունքները, որ առաջացան հայրենիքում: Մեզ առավել միավորեց պարը, հայկական խմբային պարը: Այս 5 շաբաթը, որ այստեղ եմ եղել, երբեք չեմ մոռանա»: Լիան խոստացավ հայրենիք գալ ամեն անգամ, երբ հնարավորություն ստեղծվի:
Խմբի կոորդինատոր Թամար Շահաբյանը հավաստիացրեց, որ երիտասարդները գոհ են Բարեգործականի ծրագրից, իսկ այցից էլ շատ տպավորված: Թվարկեց Հայաստանի բոլոր այն վայրերը, որտեղ եղել են. «Մեզ շատ լավ են այստեղ ընդունել: Հիմա ավելի լավ կհասկանանք, թե ինչու ենք հայրենասեր: Շատ դժվարություն կա այստեղ, բայց կարծեմ երեխաներն ուզում են անպայման կրկին գալ, իսկ ես մնալու եմ այստեղ»:
Ռումինահայ Լուիզա Դնասյեի մեծ տատը հայ է: Հայերեն մի քանի բառ իմացող Լուիզան Հայաստան գալու իր ցանկությունը նկարագրում է ձեռքերով, կցկտուր հայերենով, հետո անգլերենով ասում. «Ուզում էի Հայաստան գալ, որովհետեւ հայկական արյուն ունեմ: Ուզում էի Հայաստանը տեսնել ու շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես աշխատում եմ «Եվրոթերմում»: Էլի կգամ Հայաստան: Ռումինիայում հայերեն բառեր եմ սովորում հայկական դպրոցում, պարել էլ ենք սովորում: Մեզ շատ լավ ընդունեցին, հույս ունեմ նորից գալ` արդեն տատիկիս հետ»:
Լոսանջելեսաբնակ Արմեն Քեշիշյանը հայրենիքում «կառավարական աշխատանքի» մեջ է` պրակտիկան անցնում է սեփական երկրի արտաքին գործերի նախարարությունում: Երրորդ անգամն է Հայաստանում, չափազանց բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը: Չի մոռանում նաեւ շնորհակալություն հայտնել Բարեգործականին, որի անդրանիկ ծրագրի մասնակիցն է դարձել:
«Երրորդ անգամն եմ Հայաստանում, եւ ինչպես պատկերացնում էի, շատ լավ տպավորություն եմ ստացել, շատ հաճելի է: Ժամանակն անցկացնում ենք այստեղ, շատ ենք հավանում ժողովրդին: Հայաստանը միակ բանն է, որ ամբողջ ազգին միացնում է իրար: Միակ բանն է, որ կիսված չէ` կիսաամերիկացի, կիսալիբանանցի, կիսա այլ բան չկա: Սա զուտ հայկական է, կարող եմ ասել մեր բոլորին, մեր ազգին կապող երկիրն է: Կենտրոնական բանկում եմ անցնում պրակտիկան: Էլի կգամ Հայաստան», հուզված ասաց Լոս Անջելեսից ժամանած Գրիգոր Բանդիկյանը:
ՀԲԸՄ ծրագրի ամառային պրակտիկայի ծրագրի հայաստանյան կողմի կոորդինատոր Շուշան Ղալթաղչյանը, որ անմիջականորեն զբաղվել է ծրագրի իրականացմամբ, գտել է երիտասարդների մասնագիտությանը հարմար աշխատավայրեր, վստահ է, որ ծրագիրն արդյունավետ էր: Չնայած Հայաստանի եւ մյուս երկրների միջեւ եղած աշխատելաոճերի տարբերություններին` Շուշան Ղալթաղչյանը վստահ է, որ երիտասարդներն այստեղի հիմնարկներին սպասվածից լավ են հարմարվել: «Ծրագրի ամենամեծ արդյունքը այն է, որ այս երիտասարդների մեծ մասը որոշել է նորից գալ Հայաստան եւ ոչ միայնակ` ընտանիքի, տատիկի, քրոջ եւ մյուս հարազատների հետ», ընդգծեց ծրագրի կոորդինատորը նախօրեին ժողովրդական արվեստի թանգարանում հրավիրված հանդիպման ժամանակ: Բարեգործականը հանդիպումը հրավիրել էր հատուկ շնորհակալություն հայտնելու սփյուռքահայ երիտասարդների հայաստանյան գործատուներին: Որ երիտասարդը որ հիմնարկում պրակտիկա էր անցելՙ իր ղեկավարի հետ մասնակցում էր շնորհակալական հավաքին:
«Մեր բանկում մենք հաճույք ունեցանք ընդունելու երկու երիտասարդների, որոնց սիրեցինք եւ որոնցից բաժանվելը դժվար կլինի: Նրանք ուղղակիորեն տեսան այն գործընթացները, որոնք կատարվում են մեր բանկում: Շփվեցին բանկի աշխատակիցների հետ, իսկ որ ամենակարեւորն էՙ հայի մասին լրացուցիչ տեղեկություններ ստացան», ասաց Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկի մարկետինգի եւ որակի բաժնի պետ Հարություն Պողոսյանը: «Եվրոթերմ» ընկերության գործադիր տնօրեն Մերի Ղազարյանի համար ՀԲԸՄ առաջարկն անսպասելի, բայց շատ հաճելի է եղել: «Լուիզան հիանալի փոխարինեց մեր աշխատակցին, որն արձակուրդում էր: Այս ծրագիրը շատ դրական եմ գնահատում` սփյուռքից երեխաները գալիս եւ շփվում են մեզ հետ, մեր բիզնեսի հետ», ընդգծեց ընկերության գործադիր տնօրենը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ