Իսկ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի խոսքերով, պատերազմը կարող է կործանել Ադրբեջանի ապագան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում երբեմն հուսադրող պահեր են ի հայտ գալիս, երբեմն հակառակը` հուսալքող: Բայց որ պարագան էլ լինի, հանգամանքների ինչպիսի դասավորություն էլ մատուցվի հարավկովկասյան հասարակությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան կարծես մոտեցումների սեփական առանձնահատկություններով է առաջնորդվում: Ավելին, բազմաբնույթ հայտարարությունները, որ հեղինակում է Բրայզան, շատ ավելի նմանվում են «շոկային թերապիայի» իրականացման գործընթացի, երբ ամերիկացի համանախագահի հայտարարությունները մե՛կ հայանպաստ են հնչում, մե՛կ` ադրբեջանանպաստ:
Դժվար է գուշակել, թե ժպտերես ու մշտառույգ ամերիկացի դիվանագետն ինչ նպատակ է հետապնդում` տարբեր հայտարարություններով իրարանցում ստեղծելով մե՛կ մեզանում, մե՛կ հարեւանների մոտ: Ամեն դեպքում, սթափության, ավելին, զուտ ուշադրության յուրօրինակ առկայություն ապահովելով հանդերձ, Մեթյու Բրայզան երբեմն ասում է ավելին, քան որեւէ մեկը` լավատեսության անպակաս «շաղախով»:
Օգոստոսի 1-ին Ռուսաստանի արտգործնախարարությունում հերթական անգամ խորհրդակցությունների հավաքված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) հերթական անգամ քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակն ու բանակցային գործընթացը հիմնարար սկզբունքների համաձայնեցման կտրվածքով:
Թե ինչ եւ ինչպես քննարկեցին համանախագահները, սեփական «բացախոսությամբ» հայտնի ամերիկացի համանախագահ Բրայզայի խոսքերով միայն հրապարակային դարձվեց, թեեւ այս դեպքում էլ սուբյեկտիվ մատուցման հարց կարող է առաջանալ: Եվ քանի որ Բրայզայի շատախոսության «վկաներն» ադրբեջանական լրատվամիջոցներն են ամերիկացի համանախագահի Բաքու այցելության ընթացքում, ուրեմն ամեն ինչ չէ, որ օգոստոսի 3-ի ասուլիսում հաստատապես հնչել է հենց այնպես, ինչպես փոխանցել են ադրբեջանական լրատվական կայքէջերը:
Միացյալ Նահանգներ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հարցերի քննարկմանը զուգընթաց անդրադառնալով նաեւ գազատարի նախագծի իրականացման Հունաստան-Թուրքիա-Իտալիա համաձայնագրին` Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կարող է տեղի ունենալ դեռեւս այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: «Մենք որոշ առումով հիասթափված էինք Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման արդյունքներից, բայց, մյուս կողմից, Բաքու եւ Երեւան այցելություններից հետո ես տեսնում եմ, որ գործընթացը շարունակվում է», հայտարարել է Բրայզան:
Եվ մինչ Բրայզան լիահույս մոտեցում էր արտահայտում բանակցային գործընթացի շարունակության առնչությամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունը նույն ժամանակ հայտարարում է գործընթացի փակուղի մտնելու մասին: Ավելին, Ադրբեջանի առաջնորդն էլ, իր հերթին, հերթական անգամ, առանց ձանձրույթի նշույլի, կրկնում է «ադրբեջանական ռազմական հզորության հայտարարությունները»:
Ամեն դեպքում, նավթային դոլարներով զինամթերքի քանակություն պահեստավորող Ադրբեջանի համար պատերազմ վերսկսելու հայտարարությունները թերեւս պարզագույն բլեֆ են: Այլապես ինչպես հասկանալ ադրբեջանա-ամերիկյան բավականին թեժ բանակցությունների ժամանակահատվածում, Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի օրերս արված հայտարարությունը ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: «Պատերազմը կարող է կործանել Ադրբեջանի ապագան եւ չտալ դրական արդյունքներ», հայտարարել է Ֆրիդը հավելելով, որ մինչ օրս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները եղել են արդյունավետ եւ ձեռք է բերվել որոշակի առաջընթաց:
Ափսոսանք հայտնելով երկու երկրների նախագահների վերջին հանդիպումների` սպասված արդյունքներ չտալու առնչությամբ` ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հույս է հայտնել, որ կողմերը կգտնեն կարգավորման խաղաղ ճանապարհը: «Քանի դեռ հակամարտությունը չի լուծվել, Ադրբեջանի ապագան մշուշոտ է: Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Մենք գնացել ենք այդ ճանապարհով ու կարծում ենք, որ կարող ենք լուծել խնդիրը», ընդգծել է Դենիել Ֆրիդը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ