«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2007-08-04 | #144, 2007-08-14 | #145, 2007-08-15


ՌՈՈՒՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԲՈՒՇԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

ԱՄՆ-ում երկուշաբթի օրը հրաժարական է տվել նախագահ Ջորջ Բուշի գլխավոր խորհրդական Կառլ Ռոուվը, որի խորհուրդների շնորհիվ Բուշը երկու անգամ հաջողության է հասել նախագահական ընտրություններում: Արեւմուտքի լրատվամիջոցները գրեթե միաձայն նշում են, որ պաշտոնապես ընտանեկան պատճառներով Ռոուվի տված հրաժարականը մեծ բարդություններ կառաջացնի Ջորջ Բուշի քաղաքական կյանքում:

Այսպես, «Ֆիգարո» թերթը գրում է, որ Կառլ Ռոուվի պաշտոնաթողությունը խորհրդանշում է Բուշի նախագահության ավարտը, որը նրան է պարտական իր հաջողությունների համար: «Թայմսը» հրաժարականի կապակցությամբ արձանագրում է. «Դա փաստորեն նշանակում է Բուշի նախագահական ժամկետի ավարտ ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում»:

Բուշը Ռոուվին համարում է իր նախագահության առաջին վեց տարիներին Սպիտակ տանը եւ Կոնգրեսում հանրապետականների գերիշխանության հաստատման ճարտարապետը: Նախագահն ափսոսանք է արտահայտել «վաղեմի եւ թանկագին ընկերոջ» հրաժարականի կապակցությամբ:

Նախագահական աշխատակազմի փոխտնօրեն, Բուշի գլխավոր խորհրդական, նրա ընտրարշավների կազմակերպիչ Ռոուվին դեմոկրատները պարբերաբար մեղադրել են այրված հողի քաղաքականություն վարելու մեջ:

«Ֆիգարո» թերթի տվյալներով, Ռոուվը պաշտոնը թողնելու է օգոստոսի վերջերին: Հրաժարականը համարվում է շրջադարձային պահ: «Դա նշանակում է, որ Ջորջ Բուշի քաղաքական կյանքն ավարտված է, որ նա այլեւս չունի իր ուսուցչի կարիքը», մեկնաբանել է քաղաքական վերլուծաբան Կոկի Ռոբերտսը NPR ռադիոկայանին տված հարցազրույցում:

Վերլուծաբաններին զարմացնում է ոչ այնքան հրաժարականի բուն փաստը, որքան դրա ժամանակը. լուրը հրապարակվեց ԱՄՆ-ում քաղաքական կյանքի ամառային ընդմիջումից առաջ, երբ Ջորջ Բուշն ինքը պատրաստվում էր մեկնել հանգստի: Ի դեպ, Բուշը երեկ արդեն մեկնել է հանգստանալու իր տեխասյան հայրենակալվածքում:

Ռոուվի անունը շաղկապվում է մի շարք աղմկալի պատմությունների հետ: Դեմոկրատները արդեն 2003 թ. նրա հրաժարականն էին պահանջում Վալերի Փլեյմի գործի կապակցությամբ: Ենթադրվում է, որ հենց Ռոուվն է մամուլում բացահայտել ԿՀՎ այդ գաղտնի գործակալի անունը, որպեսզի վարկաբեկի նրա ամուսնունՙ նախկին դիվանագետ Ջոզեֆ Ուիլսոնին: Վերջինս Բուշի վարչակազմին դատապարտել էր Իրաքում միջուկային զենքի գոյության ստահոդ պատրվակով այդ երկիր ներխուժելու համար:

Անցկացված քննությունից հետո Կառլ Ռոուվին ներկայացված մեղադրանքները հանվեցին, եւ միայն նախագահական աշխատակազմի նախկին պետ Դիկ Չեյնին դատապարտվեց երդմնազանցության համար:

Սակայն Ռոուվի անունը լայնորեն արծարծվում է երկու այլ սկանդալների առնչությամբ: Մեկն արտաքուստ քաղաքական պատճառներով 9 դաշնային դատախազների հեռացումն է, մյուսըՙ Սպիտակ տան կողմից հանրապետականների Ազգային հանձնախմբի էլեկտրոնային հասցեների շահադիտական օգտագործումը:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4