Տարածված կարծիք կա, որ Հայաստան-սփյուռք գործնական կապերի մասին խոսելիս հայ մարդու մտքին եկած օրինակներից առաջինը Հայկական բարեգործական ընդհանուր միությանն է: Հարյուրամյա ավանդույթներ ունեցող այս կազմակերպության գաղափարախոսություն կարելի է համարել նրա ցմահ նախագահ Ալեք Մանուկյանի արտահայտած հետեւյալ միտքը. «Ինծի համար որեւէ անձնական յաջողութիւն կամ բարօրութիւն թունաւոր բան մը կունենայ իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանար»:
Այսօր ՀԲԸՄ-ն ունի մոտ 22 հազար անդամ, 120 մասնաճյուղ, 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ողջ աշխարհում: ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) եւ ֆինանսավորում ավելի քան 16 կրթական հաստատություն: ՀԲԸՄ-ն ունի երկու գրադարան` Փարիզում եւ Նյու Ջերսիում:
Որքան էլ ուշագրավ մանրամասներ հրամցնեն Էդուարդ Լ. Մելքոնյանի «Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն» աշխատությունը եւ www.agbu.am կայքէջը, ՀԲԸՄ-ն չպետք է չափել դրամական եւ գույքային միավորների աճող թվով: Այն նախ հոգեւոր եւ հայանպաստ, իրական եւ շոշափելի ծրագրերի պատմությամբ է հարուստ, ապա եւ` դրամական լուրջ կարողություններով: Կենսատու եւ հզոր մի ծառ, որի միայն մի ճյուղի եւ դեպ հայրենիք բողբոջած մի շիվի մասին կպատմենք մեր այս հրապարակման մեջ` արմատների եւ ծառը սնած սիրո կենսահյութի մասին պատմությունները թողնելով մեկ ուրիշ պատեհ առիթի:
27 ծիլեր, որ թեքվում են դեպի արմատները
31 հուլիսի, 2007 թվական, Երեւան: Հայաստանում են Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական դասարանի աշակերտները: Նրանց հանդիպում եմ Հայորդաց տանը, որտեղի սաները համերգային ծրագրով ու ցուցահանդեսով են պատվում հյուրերին: Ռոզիտա Յուսուֆյանը «Մարի Մանուկյան» կրթական հաստատության հայերեն բաժնի պատասխանատուն է եւ զբոսախմբի ղեկավարը: Տիկին Յուսուֆյանը 31-րդ անգամ է այցելում Հայաստան: «Մեր դպրոցը միջնակարգ է, որ նաեւ մանկապարտեզի բաժին ունի, պատմում է նա: Երեսուն տարի է, ինչ դպրոցի ավարտական դասարանի աշակերտները գալիս են իրենց ավանդական ճամփորդությունը մայր հայրենիքում կատարելու, կարծես օրհնություն եւ ուժ ստանալու մայր հողից` մեծ կյանք մտնելուց առաջ: 15 օրով շրջագայում են ողջ Հայաստանով: Ոչ բոլորն են ի վիճակի վճարել 3000-4000 դոլար` Հայաստան գալու, կեցության հարցերը հոգալու համար: Դրա համար մեր դպրոցը մեկ այլ գեղեցիկ ավանդույթ էլ ունի: Ամեն ուրբաթ օր աշակերտները հայկական խոհանոց են կազմակերպում: 500-600 հոգի են հավաքվում շքեղաշուք դպրոցի երկրորդ գետնահարկում, որտեղ մայրերը եւ մեծ մայրերը հայկական կերակուրներ են պատրաստում, աշակերտներն իրենք մատուցողներն են, հայրերը` գնորդները: Այս գեղեցիկ արարողությունը, որ բնականաբար ուղեկցվում է ուրախ տրամադրությամբ ու կատակախոսությամբ, ոչ միայն հոգեւոր ու ստամոքսային կարիքներ է բավարարում, այլեւ հասույթ է ապահովում: Հասույթը կիսվում է դպրոցի ծախսերը եւ աշակերտների մայր հայրենիք այցելությունը հոգալու համար: «Ուրբաթ օրվա ճաշն» արդեն համբավավոր է, քանի որ ամեն մարդ գիտե այդ մասին եւ կարող է միանալ` գնելու եւ անուշ անելու շիշ-քեբաբ, մանթը, սուբերեկ, համուս, իշլի-քյուֆթե, թաբուլե»:
Ըստ դպրոցական ավանդույթի, ամեն տարի ողջ ավարտական դասարանն է գալիս մայր հայրենիք այցելության: Այս անգամ նրանց թիվը 27 է: Ասել է, թե 27 աշակերտ վերջին` տասներորդ դասարանում ոչ միայն փորձում է ավարտական տարին հաջողությամբ ավարտել, այլեւ դասերից դուրս սկսում է իր առաջին եկամուտը հավաքել` հայրենիքը տեսնելու, ապա` մեծ կյանք մտնելու համար:
«Ճիշտ է, սա երկար ու թանկարժեք, բայց շատ սպասված ճանապարհ է, ասում է տիկին Ռոզիտան: Այս երեխաները 13 տարեկանից ի վեր մտածում են այս ճամփորդության մասին, ասելով` Հայաստան պիտի գնանք ու մեր աչքերով տեսնենք այն ամենը, ինչի մասին մեզ 10 տարի պատմում էիք: Մեծ հույսերով են գալիս եւ այստեղ սիրահարվում են Հայաստանին, թեեւ տեսնում են դժվարությունները: Մենք գնացել ենք Գորիս, Գյումրի, Վանաձոր, Սեւան, Սիսիան: Տեսել ենք Հայաստանի հյուսիսը եւ հարավը: Այդ այցերը երեխաներին հնարավորություն են տալիս մտորելու, թե ի՞նչ գործ ապագայում կարելի է ձեռնարկել Հայաստանում»:
Ուսուցչուհին տեղեկացրեց, որ վերադարձին երեխաները պետք է մեկական գրավոր աշխատանքով ներկայացնեն իրենց տպավորությունները հայաստանյան այս կամ այն ոլորտի, իրականության մասին: «Ոմանք ընտրել են կրթության, ոմանք մարզերի եւ գյուղերի վիճակի մասին հարցերը, ոմանք ընտրել են ջրի խնդիրը, ոմանք լեզվի հարցն են քննարկելու»: Իրենց աշխատանքները լավագույնս ներկայացնելու համար երեխաներն ազատորեն օգտվում են ինտերնետից, դիմում են պետական պատասխանատու մարմիններին, հասարակ քաղաքացիներին:
«Ես վստահ եմ, որ այս ճամփորդությունը մեծ օգուտ պիտի բերի համայնքին: Որովհետեւ հնարավոր է, որ իրենցից ոմանք վերադառնան ու աշխատեն Հայաստանում, կամ հենց ծննդավայրից օգտակար լինեն: Այդ է սփյուռքի ներդրումը Հայաստանին: Եվ փոխադարձաբար իրենք շատ բաներ են վերցնում Հայաստանից: Երբ վերադառնան Բուենոս Այրես, պիտի հարստացնեն համայնքն իրենց զգացումներով ու գիտելիքներով: Իրենք հոգեպես լիքն են վերադառնում Բուենոս Այրես: Մինչ վերադառնալն էլ արդեն իսկ հեռախոսային զրույց ունեցանք Բուենոս Այրեսի հայկական ռադիոժամերի աշխատակիցների հետ: Երեխաները ողջ համայնքին պատմել են, թե ի՞նչ են զգում, երբ քայլում են Երեւանի փողոցներով կամ գտնվում են որեւէ գյուղում: Նրանք առանձնացրին կոնկրետ թեմաներ` մեկը խոսեց Գյումրիի, մյուսըՙ հյուրանոցի, մյուսըՙ վարորդի մասին: Այս հաղորդումների շնորհիվ արգենտինահայ համայնքը մի տեսակ ալեկոծվում է»:
Երբ զրուցում եմ խանդավառ աչքերով պատանիների հետ, զգում եմ, որ միմյանց բառերով հասկանալու դժվարություն ունենք: «Ցավոք, երեխաները ազատ չեն տիրապետում հայերենին, որովհետեւ համայնքը հայախոս չէ Բուենոս Այրեսի մեջ, ասում է նրանց ուսուցչուհին եւ մեր խնդրանքով պատմում հայ համայնքի մասին: Արգենտինահայ համայնքը շուրջ 80 000 է: Բայց գործուն մասնակցություն հայ համայնքի կյանքին ունեն 5000-7000-ը: Նրանք հաճախում են եկեղեցի ու դպրոց: Դրանցից միայն մի քանիսն են, որ հայերեն են խոսում, մնացյալը իսպանախոս են: Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ համայնքի յոթ դպրոցներում քիչ են հայերեն դասաժամերը: Կարգավիճակով պետական, բայց հայկական թեքումով դպրոցներում ուսումնասիրում են պարարվեստ, մշակույթ, աշխարհագրություն, հայոց պատմություն, բոլորն էլ` իսպաներենով: «Հինգ հայկական պարախումբ կա, յուրաքանչյուրում` հարյուր տարբեր տարիքի սաներ, այդ թվում եւ` չափահասներ: Բուենոս Այրեսի համայնքը նաեւ հարուստ է հինգ եկեղեցիներով, յոթ հայկական դպրոցներով, երկու թերթերի խմբագրություններով, երկու երգչախմբերով: Կան տասը հայկական ռադիոժամեր»:
Հայ երեխաների հետ Հայաստանում է նաեւ «Մարի Մանուկյան» վարժարանի արգենտինացի տնօրեն տիկին Նոյեմի Ֆուրմենտելլը: «27 տարի է, ինչ աշխատում եմ մեր դպրոցում: Հայկական մթնոլորտն արդեն ներծծվել է իմ մեջ, ու ես ինձ մի քիչ էլ հայ եմ զգում: Շատ հուզիչ է Երեւանը, իսկ մարզերն ավելի տխուր են, բայց մշակույթը շատ տպավորիչ է: Հատկապես այսօր հուզվեցի, տեսնելով Հայորդաց տան սաների ելույթները»:
Անդրե Հովհաննիսյանը խարտյաշ ու խաժակն երիտասարդ է: Մի պահ պատկերացնում եմ, որ նա կարող էր մարմնավորել Հայկ նահապետի կերպարը որեւէ պատմական ֆիլմում: Նա Հայաստանում է երկրորդ անգամ: Իմ հարցին ի պատասխան, թե ինչն է վատ Հայաստանում, նա ասում է. «Մարզերը շատ աղքատ են: Ֆինանսավորումը կարելի էր ավելի հավասար բաշխել Երեւանի եւ մարզերի միջեւ: Ճիշտ է, չեմ գա Հայաստան ապրելու, քանի որ Արգենտինա եմ ծնվել, եւ ընտանիքս ու ամեն ինչս այնտեղ է, բայց հազար անգամ եւս պիտի գայի իբրեւ զբոսաշրջիկ»:
Տասնութամյա Ֆլորենսիա Զանիկյանը նույնպես ապագա տնտեսագետ է: «Անցյալ տարի եկա սկաուտական խմբի հետ: 3000 դոլարը քիչ չէ, բայց արժեր ծախսել եւ մի անգամ էլ տեսնել հայրենիքը: Երբ վերադառնամ Հայաստանի մամուլի մասին մի աշխատանք եմ գրելու: Ճիշտ է, արեւելահայերենը հասկանալու դժվարություն կա, բայց թեման հարազատ է: Ինձ մտահոգում է մեր լեզվի խնդիրը` երկու հայերենները եւ նրանց տարբերությունները: Արեւելահայերենի եւ արեւմտահայերենի բառապաշարները շատ տարբեր են, բայց պիտի կամենայի, որ բոլոր հայերը մեկ լեզվով խոսեն», ասում է նա:
Լուսինե Սարաֆյանը տասնյոթամյա գեղեցկուհի է: Ուսանողական ճամփորդությունը նրա համար ավելի մեծ երազանք է, քան մեր նախկին զրուցակիցների համար, քանի որ նա Հայաստանում է առաջին անգամ: «Ես տեսա իմ պապերի հողը եւ շատ զգացվեցի: Երբ հյուրանոց ենք գնում, ամեն երեկո լրացնում եմ հուշատետրս: Ամեն օրվա ծրագիրն եմ գրում, իմ զգացումները, հանդիպումները: Օրինակ, արդեն գրել եմ իմ զարմանքի մասին: Երբ Մայր Հայաստան արձանի մոտից դիտեցի Երեւանը, շատ զարմացա: Ես Երեւանն ավելի փոքր էի պատկերացնում, բայց տեսա, որ այդպես չէ: Երբ վերադառնամ, իմ հարազատներին պիտի համոզեմ միասին գալ Հայաստան, մեր հուզումն ու սրտի թրթիռը միասին ապրելու»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ