Աբու Դաբիում մեկնարկել է շախմատի 17-րդ փառատոնը, որի 70 մասնակիցների թվում են հայաստանցի գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանն ու Կարեն Ասրյանը, ինչպես նաեւ լիբանանահայ Քնարիկ Մուրադյանը: Մրցաշարը բավական ուժեղ կազմ ունի: Մասնակից 6 գրոսմայստերների անհատական վարկանիշը 2600-ից բարձր է: Ամենաբարձր վարկանիշն ունի ուկրաինացի Եվգենի Միրոշնիչենկոն (2671): Նրան հաջորդում են վրաց շախմատիստներ Բայադուր Ջոբավան (2644) եւ Լեւան Պանցուլայան (2611), իրանցի Էհսան Գաեմը (2610), Կարեն Ասրյանը (2608) եւ բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովը (2605): Իր վարկանիշով (2555) 10-րդն է Աշոտ Անաստասյանը:
Մրցաշարում կայացել է 2 տուր, որն ի հայտ է բերել առաջատարներին: Երկուական միավորով աղյուսակը գլխավորում են Աշոտ Անաստասյանը, Էլշան Մորադիաբադին, Ալոյզիչե Յանկովիչը, Բասեմ Ամինը, Զուրաբ Ստուրուան, Էնամալ Հուսեյնը, Լեւոն Պանցուլայան եւ Սուբուա Գանգուլին:
Մեկնարկային տուրում Անաստասյանի մրցակից Մուսա Օտմանը չներկայացավ մրցախաղին եւ հայ շախմատիստին հաղթանակ գրանցվեց: Երկրորդ տուրում Անաստասյանը սեւերով պարտության մատնեց Միխայիլ Իվանովին: Կարեն Ասրյանը 2 պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի: Մեկնարկային տուրում նա միավորը կիսեց Ֆարհադ Սաբիրովի հետ պարտիայում, իսկ հաջորդ տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Վենկատեշի հետ:
Առայժմ անհաջող է մեկնարկել լիբանանահայ Քնարիկ Մուրադյանը: Առաջին տուրում նա սեւերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հանձար Օդեեւի հետ, իսկ ահա 2-րդ տուրում սպիտակներով պարտվեց Սարհան Գուլիեւին: Երրորդ տուրում Անաստասյանը սպիտակներով խաղալու է Հուսեյնի հետ, Ասրյանը սեւերովՙ Սեթուրամանի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ