«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2007-08-04 | #144, 2007-08-14 | #145, 2007-08-15


«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ» ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը» հաջող է մեկնարկել ՈւԵՖԱ-ի գավաթի 2007/08 թթ. խաղարկությունում: Նախնական փուլի մասնակից 22 թիմերը բաժանվել են 6 խմբի, որոնց հաղթողներն էլ կշարունակեն պայքարը հաջորդ փուլում: «Պոլիտեխնիկն» ընդգրկվել է «D» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են մրցաշարի կազմակերպիչ ավստրիական «Ստելա Ռոսան», իռլանդական «Շեմրոկ Ռովերսը» եւ շոտլանդական «Սանթոսը»:

Առաջին խաղում օգոստոսի 12-ին Վիեննայում «Պոլիտեխնիկը» ուժերը չափեց «Շեմրոկ Ռովերսի» հետ եւ հաղթեց 3-2 հաշվով: 7-րդ րոպեին հաշիվը բացեց Գեղամ Եդիգարյանը: Մեկ րոպե անց Մարկ Լենգտրին վերականգնեց հավասարակշռությունը: Սակայն «Պոլիտեխնիկից» ընդամենը մեկ րոպե պահանջվեց հաշվի մեջ կրկին առաջ անցնելու համար: Դարձյալ աչքի ընկավ Եդիգարյանը: Այնուհետեւ թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Մեր թիմից գոլը խփեց Տիգրան Պետրոսյանը:

Հաջորդ օրը մեր չեմպիոնը մեծ վերելքով անցկացրեց հանդիպումը «Սանթոսի» հետ եւ հաղթեց 8-2 հաշվով: Հաջորդ փուլի ուղեգրի հարցը կվճռվի այսօր, «Պոլիտեխնիկ»-«Ստելա Ռոսա» վճռորոշ մրցախաղում: Ավստրիայի չեմպիոնն էլ երկու հաղթանակ է տոնել («Սանթոս»ՙ 6-1, «Շեմրոկ Ռովերս»ՙ 5-1), սակայն խփած եւ բաց թողած գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ գլխավորում է «D» խմբի աղյուսակը: Այնպես որ, «Պոլիտեխնիկին» հաջորդ փուլ մտնելու համար անհրաժեշտ է հաղթել մրցակցին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4