Արդեն երեք տարի ընթացող պատմահետազոտական աշխատանքները Արցախի Տիգրանակերտում վտանգված էինՙ դադարեցվել էին ֆինանսական խնդիրների պատճառով: Մինչդեռ անվիճելի է 14 դար գոյություն ունեցած այդ քաղաքի մշակութային եւ քաղաքական արժեքը, որն առավել ընդգծում է պեղումների անհրաժեշտությունը: Այդ առիթով զրուցեցինք Տիգրանակերտի պեղումները նախաձեռնած հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախագահ Սեւակ Արծրունու հետ:
- Տիգրանակերտի նախորդ տարվա բացահայտումները մեծ արձագանք ունեցան: Օրացույց ու բուկլետներ տպագրեցինք, ֆիլմ նկարահանեցինք Տիգրանակերտի մասին: Եվրոպա ու Միացյալ Նահանգներ գործուղեցինք հնագիտական արշավախմբի աշխատանքները ղեկավարող պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանինՙ Տիգրանակերտում կատարված աշխատանքների եւ հեռանկարների մասին զեկույցներ կարդալու: Եվ հակառակ պեղումներում ունեցած հաջողությունների հռչակմանը, լրատվամիջոցների ակտիվ լուսաբանմանն ու ինֆորմացիայի պտույտինՙ սփյուռքում աջակցություն չունեցանք: Կոնկրետ Միացյալ Նահանգներում եղել են ժողովներ, որոնք բոյկոտի են ենթարկվել: Մնացինք բոլորովին մենակ: Շարունակեց աջակցել միայն Շվեյցարիայի հայ համայնքըՙ «Արմենիա» եւ «Փիլիպոսյան» հիմնադրամները տրամադրեցին մոտ 30 հազար դոլար: Այդ գումարով իրականացրինք նախորդ տարվա 15-օրյա պեղումները: Շուտով այս զեկույցն էլ բոլոր մանրամասնություններով կներկայացնենք: Եվ պատկերացնում էինք, որ այս տարի կիրականացնենք մեծածավալ պեղումներ գոնե 40 օր եւ 15 օր էլ նախապատրաստական աշխատանքներինՙ ընդհանուր 55 օր:
- Հաջողացրի՞ք ապահովել պեղումները Տիգրանակերտում այս տարի:
- Այս տարի Տիգրանակերտի պեղումները ֆինանսավորելու դժվարություններ ունեցանք: Այդ պատճառով պեղումները դադարեցրինք: Բայց այսօր կարող ենք հայտարարել Տիգրանակերտի պեղումների վերսկսման մասին: Ի դեպ, պեղումների դադարեցման մասին տեղեկացրինք լրատվամիջոցներով: Այսինքնՙ Հայաստանում տեղեկացան ֆինանսական դժվարությունների մասին, բայց արձագանք չեղավ, եւ պեղումների նախապատրաստական աշխատանքների հաջող ընթացքին հաջորդեց պեղումների դադարեցումը: Հայաստանում ում էլ դիմեցինք, միայն մերժում ստացանք: Գործարարների միությունն աջակցություն խոստացավ, ամիսներ շարունակ սպասեցրեց եւ հետո կասկած հայտնեց, թե ով է երաշխավորը: ՀՀ կառավարությունն էլ պատասխանեց, որ միջոցներ չունի այդ ծրագրի համար:
Ի վերջո կարողացանք մի կերպ փրկել կացությունը, ԼՂՀ կառավարությունն արձագանքեցՙ 3 ու կես միլիոն դրամ տրամադրելով: Ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ԼՂՀ իշխանություններին, նաեւ շնորհակալ եմ արշավախմբին, որ հակառակ ֆինանսական դժվարություններին ու անկայունությանը կարողացավ աշխատելՙ հարմարվելով դժվարություններին: Եվ չեմ կարող չդատապարտել Տիգրանակերտի առնչությամբ սփյուռքի եւ Հայաստանի ցուցաբերած անտարբերությունը: Ավելի շատ խնդիր ունենք սփյուռքի, քան Հայաստանի հետ: Տեղեկություն ունենք, որ բարձր իշխանություններում հստակորեն հասկանում են Տիգրանակերտի նշանակությունը, սակայն երկրում խնդիրները շատ են: Ի դեպ, արդեն Ադրբեջանից սկսել են լուրջ մտահոգություններ արտահայտել, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (խմբ.- պեղումները իրականացվում են համատեղ) Տիգրանակերտով հասնում է արդյունքների, իսկ Ադրբեջանի ակադեմիան պասսիվ դիրքում է: Կարծում եմ, այս ամենը հասկանում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Արցախում:
- Այսօր ո՞ր փուլում են Տիգրանակերտի պեղումները:
- Ամեն օր նորություններ են գալիս Տիգրանակերտից: Դրանք ամեն օր ավելի են հաստատում այդ քաղաքի թե՛ մշակութային, թե՛ քաղաքական կարեւորությունը: Հունիսին նախատեսված էին նախապատրաստական աշխատանքները, որոնք նույնպես կատարվեցին Շվեյցարիայի հայ համայնքի տրամադրած միջոցներով, իսկ հիմնական պեղումները, որ պետք է սկսվեին հուլիսին եւ տեւեին 45 օր, սկսվեցին օգոստոսի սկզբին եւ կտեւեն 30 օր: Սեպտեմբերի 1-ին պեղումները պետք է ավարտենք: Սակայն որոշել ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 4-5 օրով հետաքննական խմբեր ուղարկելՙ ընդհանուր ուղղություններ որոշելու եւ մասնակի պեղումներ կատարելու, որպեսզի ժամանակ շահենք եկող տարվա համար: Տիգրանակերտի տարածքը հեշտ է պեղվումՙ շատ հարուստ է, 14 դարերի հարուստ նյութ է այնտեղ կուտակված: Որտեղ փորում ենք, մի բան հայտնաբերվում է: Այսօր պեղել ենք տարածքի 1 տոկոսից էլ քիչ: Իրավունք չունենք այսպիսի գործը կիսատ թողնել: Եկող տարի պետք է հանգանակենք մոտավորապես 300 հազար դոլար եւ, կարծում եմ, ոչ մի պատճառ չի կարող արդարացնել Տիգրանակերտի պեղումների թեկուզ մեկ օրը կորցնելը: Ամեն տարի 60 օր պեղումներ պիտի կատարվեն Տիգրանակերտում: Արշավախմբում 10 գիտնական եւ 50 աշխատող կան: Իսկ այս տարի ամենը պակաս եղավ, չնայած պեղումների ավելի մեծ ծավալներ էին նախատեսված, բնականաբար չենք ունենալու այն արդյունքները, որոնք նախատեսված էին: Շուտով կներկայացնենք գիտական զեկուցումը: Իսկ պեղումների երեք տարվա արդյունքներն ամփոփող զեկույցը որպես գիրք կհրատարակվի տարեսկզբին:
- Աշխատանքների ի՞նչ ծավալ եք նախատեսել իրականացնել Տիգրանակերտում եւ արդյոք պեղումների այս փուլն էլ բացահայտումներով հարո՞ւստ էր:
- Այս տարի նախորդ տարվա բացահայտումների խորացմամբ ենք զբաղվել: Նոր հայտնաբերումների ուղղությամբ չենք աշխատել: Պեղումները բացահայտումների իմաստով շատ հարուստ էին առաջին տարինՙ գտանք հայկական եկեղեցի, Տիգրան Մեծի ժամանակվա բոլոր պարիսպները, քաղաքի ջրամատակարարման հանգույցը, միջնաբերդի տարածքը, եւ մնում է ամենը անվիճելի փաստարկներով հաստատելՙ ամբողջովին բացել եկեղեցու պատերը, կուսակալի պալատը, որտեղ հույս ունենք գտնել հելլենիստական ժամանակաշրջանի հունարեն արձանագրություններՙ փաստող, որ դա Տիգրանակերտն է: Այս տարի նպատակ ունենք բացելու եկեղեցու պատերը, պարիսպներն ամբողջությամբ, որպեսզի ցույց տանք քաղաքի ընդհանուր հզորությունը: Եվ խնդիր ունենք ապացուցելու, որ Տիգրանակերտը 1400 տարի անդադար եղել է կարեւոր ու հարուստ քաղաք Արցախում: Դեռեւս պեղումների 14 օր ունենք: Այս բոլորը պետք է ապացուցենք:
Այսքանից հետո մնում է զարմանալ, թե ինչու նման լուրջ ծրագիրը ֆինանսավորման խնդիրներ պետք է ունենա: Վերջ ի վերջո Տիգրանակերտը պետք է դառնա համազգային ծրագիր:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ