«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2007-08-15 | #146, 2007-08-16 | #147, 2007-08-17


ՀՈԳԼԱՆԴԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Պյուռոսյա՞ն հաղթանակ էր

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում Ամերիկայի հաջորդ դեսպանը նշանակելու մտադրությունից ԱՄՆ-ի վարչակարգի հրաժարումը ողջունեցին հայկական զանգվածային լրատվամիջոցները, այդ հարցը հետապնդող խմբակցությունները եւ հայամետ դիրքորոշում ունեցող օրենսդիրները: Դա համարվեց հայկական քարոզչության հաղթանակ: Բայց չճշտվեց, դա հաղթանակ էր մի առանձին անհատի՞, թե՞ ընդհանուր մի քաղաքականության նկատմամբ:

Ոչ մի դեպքում չի կարելի Ռիչարդ Հոգլանդին պիտակավորել հակահայ դիվանագետ: Բայց արդյոք վարչակազմի եւ օրենսդիրների միջեւ առաջացած թեժ պայքարը թույլ տվե՞ց այդ թեկնածուին գիտակցել, որ անձնական թշնամություն չկար նրա հանդեպ:

Հասկանալով, որ վարչակազմը կարող էր խորտակել դիվանագետի կարիերան լոկ ցեղասպանություն բառը արտասանելու համար, ինչպես պատահեց դեսպան Ջոն Էվանսի հետ, Հոգլանդը իր ապագան վտանգի տակ չէր կարող դնել հակառակվելով իր գերադասների անփառունակ քաղաքականությանը: Այդ պատճառով էլ նա հրաժարվեց ցեղասպանություն բառն օգտագործելուց, հավատարիմ մնալով վարչակազմի գծած քաղաքական ուղուն:

Հարցը հետապնդող հայկական խմբակցությունները սկզբնական փուլում հրաշալի կատարեցին իրենց առաքելությունը միմյանց հետ համագործակցելով, սակայն հետագայում ընկան տարաձայնությունների հորձանուտը: Ամերիկայի հայկական համագումարն, օրինակ, որոշ ժամանակ անց, որոշելով, որ զուր է պայքարելը, դադարեցրեց արշավը: Նման որոշում ընդունելուն հավանաբար նպաստեց այն, որ Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չարտահայտվեց տվյալ թեկնածուի առաջադրմանը: Իրականում քաղաքական տեսակետից ճիշտ չէր լինելու, որ աշխարհի փոքրագույն երկրներից մեկը դեմ դուրս գար ԱՄՆ-ի նման գերտերության առաջադրած դեսպանի թեկնածուին:

Դեսպան Էվանսին աշխատանքից հեռացնելն ու Հոգլանդին նույն պաշտոնում երկու անգամ առաջադրելն անբաժան մասն են կազմում ցեղասպանության հարցում Մ. Նահանգների որդեգրած անփոփոխ քաղաքականության:

Զանգվածային լրատվամիջոցները, հարցը հետապնդող հայկական խմբակցություններն ու հայամետ կոնգրեսականները չափազանց արդյունավետ աշխատեցին միասնաբար մինչեւ սենատոր Մենենդեսի սկզբունքային դիրքորոշումը բարեհաջող ավարտին հասցրեց պայքարը: Վարչակազմն ի վերջո հարկադրվեց հետ վերցնել Հոգլանդի թեկնածությունը:

Չպետք է միամիտ լինենք հավատալու, որ հաջորդ թեկնածուն հետեւելու է դեսպան Էվանսի ուղուն: Անշուշտ, եթե վարչակազմի քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չառաջանա: Մեզ բոլորիս ծանոթ սյունակագիր Հարութ Սասունյանը հաջորդ փուլ է տեղափոխում հայերիս, նշելով, որ HR106 բանաձեւի անցկացումը ճանապարհ է հարթելու ավելի նպաստավոր մի թեկնածուի` որպես դեսպանի, առաջադրմանն ու հաստատմանը: Հայկական շրջանակներում համբերության բաժակը լցվում է սպասելով, թե երբ է վերջապես Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկելու օրակարգում, հատկապես այն բանից հետո, երբ դրա համախոհների թիվը հասել է 227-ի:

Պետք է հաշվի առնել սակայն, որ բանաձեւի օրակարգում քվեարկման դնելու ժամանակը խիստ զգայուն մի խնդիր է: Դա նաեւ եւ գուցե առաջին հերթին քաղաքական խնդիր է: Ինչ էլ որ ասվի պաշտոնական շրջանակներում, պարզ է, որ հարցը մինչեւ այժմ չքննարկելու պատճառը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն էին, որոնք տեղի ունեցան հուլիսին: Ոչ ոք չի կասկածում խոսնակի դիրքորոշմանը, բայց բանաձեւի քվեարկության դրվելը պետք է նաեւ համապատասխանի քաղաքականության հարմար պահի, այսինքն այն ժամանակհատվածի հետ, երբ Մ. Նահանգները պատրաստ կլինի Թուրքիային ստիպելու զիջումների գնալու, կամ էլ Թուրքիայում կվերանայեն քաղաքականության փոփոխման հնարավորությունները:

Այդ պայմաններում է միայն, որ բանաձեւը Մ. Նահանգների վարչակազմի ձեռքում շահաթուղթ կլինի «հաջող գործարք» կնքելու համար:

Բանաձեւի ընդունման հակազդեցությունը Թուրքիայում կանխատեսելի է: Թուրքիան պայքարը կորցրել է բոլոր այն երկրների դեմ, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սկզբնական շրջանում սպառնալով խզել դիվանագիտական հարաբերությունները, նա ի վերջո շարունակել է նորմալ հարաբերությունները նրանց հետ: Բայց Մ. Նահանգները նման չէ որեւէ այլ երկրի: Չնայած բանաձեւի անցկացումը մնալու է սոսկ որպես «բարի կամքի հիշատակություն», դա անկասկած հսկայական ազդեցություն է ունենալու Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: Դրանով սկզբնավորելու է Թուրքիայի ժխտողական քաղաքականության ավարտը:

Հաջորդ թեկնածուի առաջադրումը դարձյալ մարտի է կոչելու շահագրգիռ կողմերին: Մինչ այդ, պետք է խոստովանել, որ հարցը հետապնդող հայկական խմբակցությունները առավել մարտունակ են դարձել: Օրենսդիրները` առավել իրազեկ ու գիտակից, թե ինչ է ցեղասպանության հարցը նշանակում Հայաստանի եւ հայերի համար:

Հուսով ենք, այս գործոնները դեր են խաղալու, ի վերջո, կոտրելու վարչակազմի դիմադրությունը եւ նրան ստիպելու են ճանաչելու այն, ինչ արդեն այդքան ակնհայտ է:

Երբ մենք մեզ հարց ենք տալիս, թե պայքարի առաջին փուլը Պյուռոսյան հաղթանակով պսակվեց, թե՞ ոչ, մենք այն հույսն ենք փայփայում, որ պատմությունն ի վերջո ապացուցելու է, որ մեր ձեռք բերածը դրանից շատ ավելին էր:

Անգլերենից թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

(1) Պյուռոսյան հաղթանակ: Մեծ զոհերի գնով ձեռք բերված հաղթանակ: Պյուռոսը Էպիրոսի թագավոր (մ. թ. ա. 307-302 եւ 296-273-ին) եւ հելլենիզմի ժամանակաշրջանի զորավար էր: 279-ին Օսկուլում քաղաքի մոտ մեծ զոհերի գնով հաղթել է հռոմեացիներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4