Հայոց ժողովրդական բժշկությունն ազգագրության տեսանկյունից
«19-20-րդ դարերում հայ ժողովուրդը հետաքրքրական ձեւով է բացատրել հիվանդությունների առաջացումը: Ըստ ժողովրդական պատկերացումների, հիվանդությունները փոքրիկ էակներ են, որոնք իրենց գլխին կրում են եռանկյունաձեւ գլխարկներ, իսկ ձեռքերին պահում են կանաչ, կարմիր ու սեւ ճիպոտներ: Նրանց առաջնորդի մոտ է գտնվում աստծո հանձնարարականների տետրը: Այնտեղ նշված է, որ սեւ ճիպոտով պետք է հարվածել մահվան դատապարտվածին, կանաչով` կարճատեւ հիվանդություն ունեցողին, իսկ կարմիրով` երկարատեւ անկողնում գամվածին: Մարդիկ հավատացել են, որ օրգանիզմի մեջ կարող են ներխուժել չար ոգիներ` սատանաներ, չարքեր եւ մարդուն հարվածել գիշերները, այն էլՙ ոչ մարդաշատ վայրերում: Ժողովուրդը հավատացել է նաեւ, որ հիվանդությունների առաջացման պատճառ կարող են լինել անեծքներըՙ չար խոսքը մարդուն կարող է մահ բերել, իսկ քաղցր խոսքը` առողջություն ու հաջողություն», ասում է ազգագրագետ Անահիտ Մինասյանը:
Հայոց ժողովրդական բժշկության ուսումնասիրությունը, նրա համոզմամբ, ազգագրական տեսանկյունից առավել կարեւոր ու նշանակալի դեր ունի հայոց կենցաղամշակութային համակարգը ճանաչելու առումով: Ըստ ժողովրդական բժշկական պատկերացումների, հիվանդությունները բաժանվում են 3 խմբի` ընդհանուր, կանանց, մանկական: Ընդհանուր հիվանդությունների հիմքում ընկած են ներքին հիվանդությունները, որոնք բուժվում են երկու հիմնական ձեւով` ռացիոնալ (դեղաբուժություն, բուսաբուժություն, օրգանաբուժություն, ջրաբուժություն, արեւաբուժություն, ասեղնաբուժություն, սննդաբուժություն եւ այլն) եւ իռացիոնալ, այսինքն` հոգեբանական բուժում (բուժական հիպնոս, ներշնչանք, երաժշտության ու խոսքի միջոցով բուժում եւ այլն):
Դաշտային ազգագրական նյութերից պարզվել է, որ Հայաստանում ժողովրդական բժիշկները բուժման նպատակով սննդի մեջ օգտագործում են դեղաբույսեր, քանի որ դրանց բնորոշ է հականեխիչ, հակաբորբոքիչ, քրտնամուղ, միզամուղ, փսխեցնող, ցավազրկող, ջերմությունն իջեցնող, ախորժաբեր եւ այլ հատկանիշներ: Բուժման նպատակով կիրառվում են բանջարանոցային բույսերըՙ թարխունը, կաղամբը, բողկը, ազատքեղը, ստեպղինը, դդումը, պղպեղը, սոխը, սխտորը եւ այլն: Հացահատիկային բույսերից` գարին, ցորենը, պտուղներից` հոնը, կաղինը, ընկույզը, նռան կեղեւը, բալն ու նրա պոչերը, հատապտուղներից` ալոճը եւ այլն:
Ըստ բանավոր ու գրավոր ազգագրական նյութերի, լայն կիրառություն ունի հատկապես ձուն, որը տարբեր պատմաազգագրական մարզերում օգտագործվում է զանազան ձեւերով, հիմնականում քսուքների` մհլամների բաղադրության մեջ: Օրինակ, ձվի դեղնուցը, մեղրն ու կարագը իրար հետ խառնելով բուժում են հազը, ձվի սպիտակուցովՙ այրվածքները: «Ասում են, որ եթե մարդու սեղանին միշտ լինի մեղր, մարդկությունը կմոռանա բազմաթիվ ծանր հիվանդությունների մասին: Մեղրն օգտակար է ներքին հիվանդությունների (սրտանոթային, շնչառական, միզային համակարգի, լյարդ-լեղապարկի, քիթ կոկորդի, աչքերի լորձաթաղանթների, վերքերի բուժման համար, քանի որ ունի հականեխիչ, հակաբորբոքիչ հատկություններ: Ըստ ասացողների, մեղվի խայթոցը անցկացնում է հոդացավերը, իշիասը, մեղրամոմը կամ ակնամոմն այլ նյութերի հետ (ալյուր, ձու, կաթ, դեղաբույս եւ այլն) վերացնում է թարախային վերքերը: Դեռեւս հնագույն ժամանակներից Հայաստանի տարբեր պատմաազգագրական մարզերում բուժման նպատակով օգտագործել են հանքային ծագման դեղամիջոցներՙ աղ, ծծումբ, բորակ, պղնձարջասպ, կապույտ քար, սաթ, պղինձ, նավթ, թանկարժեք քարեր, հանքային աղբյուրներ: Հեթանոս հայերի համոզմամբ, հայրենի հողն ու ջուրը կորով եւ ուժ են հաղորդել մարդուն, ամոքել նրանց վշտերը, բուժել տարափոխիկ, մաշկային հիվանդությունները: Հայաստանի հանքային աղբյուրներն ունեն հիմնականում ծծմբաթթվային բաղադրություն, ինչը նպաստում է բորոտների ու քոսով հիվանդների ապաքինմանը: Բուժիչ հատկությամբ է օժտված նաեւ հողը: Շիրակի դաշտավայրում հայերը նորածնին փաթաթել են նախապես բոված հողով, հավատալով, որ հողը պաշտպանում է երեխային ցրտից, ամրացնում է օրգանիզմը: Բացի հողից ու ջրից, հայերի համար սրբություն է եղել նաեւ աղը: Ըստ սովորույթի, նորածնի մարմնին աղ են ցանել, մինչեւ կնքելը նրան չեն լողացրել, մարմինը ախտահարել են աղով: Այդ սովորույթը «կնունք» ու «հայացում» է նշանակել: Աղն ունի ցավազրկող, արյունահոսությունը դադարեցնող, նյարդերը հանգստացնող հատկություն», նշում է ազգագրագետը:
Ժողովրդական բժշկության հոգեբանական բուժման եղանակներից է քարերի, մետաղների ու գույների միջոցով բուժելն ու գուշակություններ անելը: Հին եւ միջնադարյան Հայաստանում հավատացել են, որ թանկարժեք քարերը մարդուն կարող են դարձնել անտեսանելի, պաշտպանել չարից, ներգործել առողջության, գեղեցկության վրա, պարգեւել երջանկություն, պատիվ ու հարստություն: Որոշ քարեր ու մետաղներ ունեցել են թունազերծ հատկություններ, օրինակ` պղինձը, արծաթը: Ակնեղենին ու մետաղներին վերագրելով բուժական հատկություններ, հայերը դրանցից պատրաստել են դեղապատրաստուկներ կամ էլ պարզապես կրել են մարմնի վրա: Այսպես օրինակ, փիրուզը բուժել է նյարդային համակարգի հիվանդությունները, մագնիսը մեղմացրել է երկունքի ցավերը, մարգարիտը բուժել է կանացի եւ աչքի հիվանդությունները, ռուբինը հագեցրել է ծարավը, սաթը բուժել է վահանագեղձի բորբոքումները: Ըստ գիտական ուսումնասիրությունների, սեւ սաթն ու ագաթն իրենց բուժական հատկանիշներով մոտ են նավթի բաղադրությանը: Բնավ պատահական չէ, որ որոշ հիվանդություններ բուժվում են ինչպես նավթով, այնպես էլ ագաթով: Օրիորդները կրել են սաթե եւ ագաթե մատանիներ, քանի որ սաթը սիրո եւ երջանկության խորհրդանիշ է համարվել, իսկ զմրուխտըՙ պտղաբերության: Զմրուխտակն մատանիները կապել են արյունահոսող վերքին, զմրուխտը շփվելով մաշկի հետ, նպաստել է արյան արագ մակարդմանը: Կայծակից պաշտպանվելու նպատակով կրել են պողպատե, պղնձե մատանիներ: Մինչ օրս պղնձե ապարանջաններ են կրում արյան բարձր ճնշումն ու գլխացավը կանխելու համար:
Ազգագրագետը նկատում է, որ հայերը մեծ տեղ են տվել նաեւ գույներին, փորձելով բուժվել ու պաշտպանվել վնասաբեր ուժերից: Ժողովրդական պատկերացումներով, ամեն մի գույն իր խորհուրդն ունի, դեղինը հիվանդաբեր է, սեւըՙ մահաբեր, կարմիրըՙ առողջաբեր, կանաչըՙ կյանք պարգեւող եւ այլն: «Գույներով մարդիկ փորձել են սիրաշահել հիվանդության ոգուն ու փրկել հիվանդին: Ըստ այդմ էլ, կարմիր շորով փաթաթել են կարմրուկով հիվանդին, դեղինովՙ դեղնախտին եւ այլն: Հայերը մոգական բուժական նշանակություն են տվել նաեւ ծակ քարերին, խաչքարերին: Հիվանդ երեխային անցկացնելով «ծակ քարի միջով», նրան երկրորդ ծնունդ են տվել: Ամենափրկիչ խաչքարերը մարդկանց ազատել են բազմաթիվ հիվանդություններից:
Անահիտ Մինասյանը նշում է, որ հայոց կենցաղում որոշակի արգելքներ են նկատվել տնային գործերումՙ հղիության շրջանում, հատկապես հետծննդյան քառասուն օրվա ընթացքում, կինը հաց չի թխել, ճաշ չի եփել, աման չի լվացել: Դա բավականին հեշտացրել է կնոջ վիճակը: Ծննդաբերությունից հետո սկսվել է մաքրվելու շրջանը, որը տեւել է 40 օր: Այդ ընթացքում ծննդկանը խուսափել է արեւից եւ ամուսնական առագաստից:
Ըստ ժողովրդական պատկերացումների, հոգեկան ու նյարդային որոշ հիվանդություններ առաջանում են լուսնի ազդեցության հետեւանքով: Ասացողների ասելով, եթե քառասունքը չլրացած երեխային գիշերով դուրս տանեն կամ հագուստը դրսում փռած թողնեն, լուսինը կհարվածի ու կհիվանդացնի նրան: Նորալուսնի հետ կապված այս հիվանդությունը անվանել են «լուսնի նոր», «նորենցք», «վերնած» եւ այլն: ժողովրդական բժշկության մեջ որպես պաշտպանական միջոց օգտագործել են մոխրաջուրը: Այն քսել են երեխայի երեսին, ճակատին, վզին: Սասունցիները մուր են քսել երեխայի երեսին ու նորալուսնի ժամանակ նրան պահել լուսնի դիմաց:
Ազգագրագետը փաստում է, որ հայկական ժողովրդական բժշկությունը հարուստ է հսկայական բուժական եղանակներով, որ գալիս են խոր անցյալից ու մինչ օրս կենցաղում պահպանվելով, փոխանցվում են սերնդեսերունդ:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ