Իսկ Հայաստանը` «երջանիկ անտեղյակության» մեջ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գրեթե ողջ ընթացքում ադրբեջանական կողմը հաջողված կամ անհաջող մեթոդներով ու տարբերակներով վարում է քարոզչական ամենասովորական պատերազմ: Եվ ավելի հաճախ հենց հայաստանյան մամուլում այս «պատերազմում» պասսիվ լինելու համար մեղադրվում է հայկական կողմը, մինչդեռ հարեւան երկրի իրականության մեջ մեզ դիտարկում են որպես բոլոր հավանական ու անհավանական մեթոդներով քարոզչական վարպետների:
Ամեն դեպքում, եթե շատ պարագաներում ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները կարող են համարվել պատեհապաշտ կամ անգամ աննպատակ, ապա ռազմական իրավիճակների առնչությամբ ապատեղեկատվությունը հստակորեն ունենում է իր ազդեցությունը, եւ ոչ փոքր ազդեցությունը:
Եվ եթե հաշվի առնենք, որ որեւէ տեղեկության տարածումը գրեթե միշտ անհամեմատելիորեն ավելի մեծ լսարան է ունենում, քան ժամանակային որոշակի ուշացումով այդ նույն տեղեկության հերքումը կամ պարզաբանումը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ազդեցություն է ունենում հայկական կողմին տարբեր հարցերով «մեղադրող» ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը:
Օրերս հերթական անգամ ադրբեջանական լրատվամիջոցները զանգվածային դարձրեցին այնպիսի մի «տեղեկություն», թե ղարաբաղյան կողմը խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի զինվորական ղեկավարության տվյալներով, Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողներն իբր գնդակոծել են ադրբեջանական զինված ուժերի դիրքերը Աղդամի, Տերտերի եւ Գերանբոյի ուղղություններով:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը, ավելացնելով, որ գնդակոծություն լինում է ադրբեջանական կողմից, եւ ոչ հայկական: Սակայն հետաքրքրական է, որ այսօրինակ «տեղեկություններ» հերքելու ժամանակ իսկ ադրբեջանական լրահոսը չի տալիս, քանի որ գրեթե ամեն օր կարելի է նման նյութեր կարդալ:
Ադրբեջանի համար թերեւս խնդիր է Հայաստանը ոչ միայն ներկայացնել որպես ագրեսոր, այլեւ անընդհատ «հիշատակումներ» անել մեզ վերագրված որակի դրսեւորումների մասին: Երբեմն էլ աչքի են զարնում տեղեկությունները ադրբեջանական բանակում տեղի ունեցած սպանությունների մասին, որ, բնականաբար, խնդրահարույց է երկրի ղեկավարության եւ ընդհանրապես իմիջի համար: Մյուս կողմից, թերեւս այդպիսի միջադեպերը հարկ է արդարացնել, որոնց համար հարմար «բացատրություն» են «պատահական կամ դիտավորյալ գնդակոծումները հայկական կողմից»:
Մինչդեռ ի՞նչ է արվում այդ ամենին ի պատասխան: Այսպես կոչված, քարոզչական պատերազմում Հայաստանը հաստատապես հետ է մնում, ավելին, դանդաղում է այնքան, որ գործում է միայն հերքումների, ժխտման տարբերակով: Ղարաբաղյան հակամարտության գոտում հնչող կրակոցները, որ ղարաբաղյան հարցը չսառեցված որակելու հնարավորություն են տալիս, գրեթե միշտ ադրբեջանական կողմի քարոզչության մեջ են օգտագործվում այն ժամանակ, երբ ղարաբաղյան կողմը միայն հերքման ժամանակ է հիշատակում Ադրբեջանի արձակած գնդակների մասին:
Եվ ի վերջո: Ինչո՞ւ պիտի Հայաստանը գործի ի պատասխան: Ինչո՞ւ պետք է որեւէ բան մտածել կամ բացատրել, տեղեկացնել ու իրազեկել միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմն արդեն մի լավ հասցրել է այդ առնչությամբ աղմուկ բարձրացնել: Եվ եթե հաշվի առնենք, որ, այսպես կոչված, հրադադարի խախտումների կապակցությամբ ապատեղեկատվությունը եզակի դեպք չէ, ապա մնում է փաստել, որ քարոզչության մեջ հարեւանները առաջ են անցել ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, առաջնահերթություն են հռչակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու համապատասխան արտոնություններ տրամադրող օրենսդրությամբ շատ կոնկրետ հարցեր են լուծում ի տարբերություն Հայաստանի:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ