«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2007-08-16 | #147, 2007-08-17 | #148, 2007-08-18


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐԸ

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 21-ին կսկսվի 4-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրվանից աշխարհի 94 քաղաքների 2500 մարզիկներ կսկսեն իրենց մրցավեճը ծրագրում ընդգրկված 10 մարզաձեւից (բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, վոլեյբոլ, թեթեւ ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, լող, բադմինտոն): Քաղաքների եւ մասնակից մարզիկների քանակով այս խաղերը նախորդների համեմատ ռեկորդային են: Նշենք, որ մասնակիցների առումով ռեկորդային էին 3-րդ խաղերը (1559 մարզիկ), իսկ ահա 2-րդ խաղերին մասնակցում էին 86 քաղաքների ներկայացուցիչներ:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ 4-րդ Համահայկական խաղերի չորս մարզաձեւերի վիճակահանությունը: Հարկ է նշել, որ ֆուտբոլի մրցաշարի մրցակարգը մեծ դժգոհություն առաջացրեց հատկապես սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում, որոնք առաջարկեցին փոփոխել կարգը: Բանն այն է, որ ըստ նախապես մշակված ծրագրի, ֆուտբոլի մրցաշարի մասնակից 18 թիմերը պետք է բաժանվեին 6 խմբի: Այդ դեպքում նախնական փուլում յուրաքանչյուր թիմ 2-ական հանդիպում պետք է անցկացներ: Եվ ահա սփյուռքահայ պատվիրակներն արդարացիորեն բողոքեցին, որ հեռավոր երկրներից Հայաստան հասնելն ու ընդամենը 2 խաղ անցկացնելը բավարար չէ, ուստի առաջարկեցին թիմերին բաժանել 4 խմբի, որպեսզի նվազագույնը 3 կամ 4 խաղ անցկացնի յուրաքանչյուր թիմ: Բայց նման մրցակարգի դեպքում մրցումներին հատկացված օրերը (օգոստոսի 19-21, 23-26) չէին բավականացնի: Ամբողջ հարցն այն է, որ համաշխարհային կոմիտեի որոշմամբ օգոստոսի 22-ը հայտարարված է հանգստի օր, որը թիմերը պետք է օգտագործեն Հայաստանին ծանոթանալու համար: Ստեղծված իրավիճակին ստիպված էր միջամտել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Ի վերջո, սփյուռքի պատվիրակների պահանջն ընդունվեց եւ որոշում կայացվեց ֆուտբոլի մրցումներ անցկացնել նաեւ օգոստոսի 22-ին:

Եվ այսպես, ֆուտբոլի մրցաշարի 18 մասնակիցները վիճակահանությամբ բաժանվեցին 4 խմբի: 1-ին եւ 2-րդ խմբերում, որոնց հանդիպումները կկայանան համապատասխանաբար Արարատում եւ Արտաշատում, հանդես կգան 5-ական թիմեր, 3-րդ եւ 4-րդ խմբերում (Աշտարակում եւ Աբովյանում)ՙ 4-ական:

Ահա խմբերի կազմերը.

1-ին խումբ

Դոնի Ռոստով, Ստամբուլ, Ֆրանկֆուրտ, Ստեփանակերտ, Թբիլիսի:

2-րդ խումբ

Բեյրութ, Բուենոս Այրես, Նիկոսիա, Լոս Անջելես, Գյումրի:

3-րդ խումբ

Սպահան, Ալմելո, Երեւան, Բրյուսել:

4-րդ խումբ

Բառնաուլ, Նինոծմինդա, Գլենդեյլ, Թեհրան:

Քառորդ եզրափակիչ կմտնեն խմբերում 1-2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը: Եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին, «Հանրապետական մարզադաշտում: Նույնպիսի սկզբունքով կատարվեց նաեւ ֆուտզալի մրցաշարի վիճակահանությունը: Ահա խմբերի կազմերը:

1-ին խումբ

Փարիզ, Ստամբուլ, Երուսաղեմ, Մոնրեալ, Վլադիմիր:

2-րդ խումբ

Երեւան, Մարսել, Թբիլիսի, Նինոծմինդա, Սան Պաուլո:

3-րդ խումբ

Բեյրութ, Գյումրի, Վիեննա, Թեհրան:

4-րդ խումբ

Մանչեսթր, Ղամշլի, Վանաձոր, Բուենոս Այրես:

Ինչպես միշտ, Համահայկական խաղերում մեծ հետաքրքրություն է ներկայացնում բասկետբոլի մրցաշարը: Այս մարզաձեւը լայն տարածում ունի սփյուռքում: Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան 21 թիմեր, որոնք բաժանվել են 5 խմբի: Կանանց թիմերը վիճակահանությամբ ընդգրկվեցին 3 խմբերում:

Վոլեյբոլի մրցաշարի մասնակից կանանց 10 թիմերը եւ տղամարդկանց 11 թիմերը բաժանվեցին 2 խմբի: Մյուս մարզաձեւերից մասնակիցների վիճակահանությունը կկայանա վաղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4