«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2007-08-16 | #147, 2007-08-17 | #148, 2007-08-18


ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը շախմատային իր կարիերայում նոր, փայլուն նվաճման հասավ: Մայնցում 4 գրոսմայստերների միջեւ անցկացված Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի առաջնությունում Արոնյանն իրեն գերազանց դրսեւորեցՙ կրկին ճանաչվելով ուժեղագույնը: Անցած տարի նա Մայնցում Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսին էր արժանացելՙ եզրափակիչում պարտության մատնելով ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:

Եվ ահա Արոնյանին հաջողվեց պահպանել իր տիտղոսը: Այս անգամ նա առավելության հասավ արագ շախմատում մեծ հաջողությամբ հանդես եկող հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 4 գրոսմայստերների մրցավեճում լավագույն արդյունքի էին հասել Լեւոն Արոնյանը (4,5 միավոր) եւ Վիշվանաթան Անանդը (4), որոնք էլ 4 պարտիայից բաղկացած մրցախաղում վիճարկեցին չեմպիոնի տիտղոսը:

Արոնյանը հաջող սկսեց մրցախաղըՙ արդեն 28-րդ քայլում պարտության մատնելով սեւերով խաղացող Անանդին: 2-րդ եւ 3-րդ պարտիաները բավական համառ բնույթ կրեցին ու երկարատեւ պայքարից հետո (համապատասխանաբար 71-րդ եւ 75-րդ քայլերում) ավարտվեցին ոչ-ոքի: Ամեն ինչ պետք է վճռեր վերջինՙ 4-րդ պարտիան: Սպիտակներով հանդես եկող Անանդին հաջողվեց 53-րդ քայլում առավելության հասնել մրցակցի նկատմամբ եւ հավասարեցնել հաշիվը (2-2): Ուստի չեմպիոնի հարցը վճռվեց լրացուցիչ մրցախաղում: Կայծակնային մրցախաղում Լեւոնը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 1,5-0,5 հաշվով եւ կրկին հռչակվեց աշխարհի չեմպիոն, ինչի առթիվ շնորհավորում ենք տաղանդաշատ գրոսմայստերին:

Այժմ Արոնյանը Մայնցում կվիճարկի արագ շախմատի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այս հաղթանակը հայ գրոսմայստերի համար չափազանց կարեւոր է նաեւ հոգեբանական առումով, քանի որ սեպտեմբերին Մեխիկոյում նրան հարկ կլինի յոթ ուժեղագույն շախմատիստների հետ մրցավեճում վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ինչպես հայտնի է, Վիշվանաթան Անանդն այդ մրցաշարի մասնակիցներից մեկն է:

3-րդ տեղը զբաղեցրեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոն, որը 3-1 հաշվով պարտության մատնեց Ռուստամ Կասիմջանովին: Առաջին երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, հաջորդ երկու մրցախաղերում ֆրանսիացի շախմատիստը հաղթեց:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4