Թեեւ դժվարությունները չեն լքում
Խմբագրությունը ստացավ «Օրեր» հանդեսի 2007-ի հերթական համարը: «Օրերը» շարունակում է հետեւել հայաստանյան ու եվրոպական կարեւոր իրադարձություններին եւ իր հրապարակումներում առանձնացնում է դրանցից մեզ համար առավել նշանակալիցները: Այս անգամ կարեւոր են դիտվել եվրոպահայ սփյուռքում մի շարք իրողություններՙ Աշոտ Ոսկանյանիՙ Ավստրիայում ՀՀ դեսպանության Չեխիայի գրասենյակի ղեկավարի նշանակումը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի նորակազմ թեմի առաջնորդական ընտրություններըՙ հանձին Նորվան եպիսկոպոս Զաքարյանի:
Անդրադարձներ են արված մայիսին հայաստանյան խորհրդարանական ընտրություններին եւ դրանց տրվող եվրոպական կազմակերպությունների գնահատականներին: Ըստ Հարավային Կովկասում եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի, «Հայաստանը հանձնել է քննությունը եւ կշարունակի մերձեցումը ԵՄ-ի հետ»:
Ընթերցողական առավել հետաքրքրություն սովորաբար ներկայացնում են «Օրերի» մշակութային էջերը: Այս անգամ դրանցից ուշադրության արժանանում են հայ երգարվեստի ամենաթանկ ու սիրելի կերպարիՙ Լուսինե Զաքարյանի 70-ամյակին եւ անդրաշխարհում նրան միացած ամուսնուՙ հայ հոգեւոր երաժշտության գիտակ, շարականների լավագույն կատարող Խորեն Պալյանի հիշատակին նվիրված Հակոբ Ասատրյանի հրապարակումները, եւ վերջինիս հարցազրույցը գրականագետ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հետՙ Ռուբեն Սեւակին նվիրված «Եվ անգամ մահից հետո» իր վեպի առիթով:
Ով ներկա է գտնվել Լուսինե Զաքարյանի համերգին, լսել է նրան, դժվար թե տեւականորեն չտրվեր նրա երկնային ձայնի մոգական ազդեցությանը, չզգար իր ներսում այդ երգի զուլալող, վեհացնող աստվածային հատկանիշները: Հակոբ Ասատրյանը փորձել է գնահատել այն մեծ ներդրումը, որ կատարեց Լուսինե Զաքարյան-Խորեն Պալյան երաժշտական զույգը հայ հոգեւոր մշակույթի պատմության մեջ:
Պ. Սեւակը Լուսինե Զաքարյանին համեմատել է ճարտարապետ Թորոս Թորամանյանի հետ: Ռաֆայել Իշխանյանը նրան համարել է անկրկնելի հրաշք. «Կարծում եմ, գրել է նա, որ Էջմիածնի Մայր աթոռը Լուսինեին կկարգի մեր եկեղեցու սրբերի շարքը»: Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը նրա երգը համարում էր տեւական աղոթք, աղերս ու առաքելությունՙ համոզված նրա արվեստի բերած նպաստին հայ ժողովրդի հոգեւոր զարթոնքին: Այդ առաքելության մեջ պատկառելի մաս ուներ Խորեն Պալյանըՙ Լուսինեի գաղափարակից ամուսինը, հմուտ շարականագետը, որ գոց գիտեր հայ հին շարականներից շուրջ երկու հազարը. «Համալսարանի հսկա դահլիճը փոքրանում, չնչին բան էր դառնում, երբ այնտեղ երգում էին Խորեն Պալյանը եւ Լուսինե Զաքարյանը»,- գրել է Յուրի Խաչատրյանը «Ազգում»:
Հ. Ասատրյանը ցավով է անդրադառնում, որ ժողովրդին այնքան սիրելի Լուսինե Զաքարյանի 70-ամյակը նշվել է Ազգային գրադարանի մի համեստ ցերեկույթով միայն, ինչը պատահեց նաեւ Խորեն Պալյանի պարագայում: Նրա վաստակը աննկատ անցավ հայրենի կառավարողների հայացքից: Միայն Գարեգին Բ կաթողիկոսն էր, որ նրան 70-ամյակի առիթով շնորհեց Հայ առաքելական եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալու շքանշան»:
Ա. Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպը այս տարի արժանացավ երկուՙ ՀՀ նախագահի եւ ՀԳՄ «Տարվա լավագույն վեպ» մրցանակներին: Հետաքրքրական է Ալ. Թոփչյանի պատասխանը վեպի ժանրին անցնելու դրդապատճառների մասին: Հետանկախության շրջանում 1995-ին գրականագետը տպագրեց «Արտագերս» ժողովածուն, ապա «Կիրկե կղզին» վեպը: Այս ժանրի նկատմամբ հետաքրքրությունը նա պայմանավորում է մեր ժամանակների չափազանց վիպականությամբ, իրականության ծայր հակասություններով, հերոսականությամբ ու ստորություններով:
Գրքի ընթերցողական հաջողության մասին են վկայում վեպը դպրոցական եւ բուհական ուսուցման ծրագրեր մտցնելու, այլ լեզուների թարգմանության եւ ֆիլմի վերածելու կարծիքները: Ինքըՙ հեղինակը, գրելիս ի մտի է ունեցել բազմասերիանոց ֆիլմի գաղափարը: Սակայն այսօր թերահավատ էՙ իրագործումի անորոշությունից: Պատմական փաստացիության վերաբերյալ Թոփչյանն ասում է. «Իմ վեպը սկսվում է այնտեղից, որտեղ վերջանում է փաստաթուղթը»: Մոտակա ստեղծագործական ծրագրերի մասին խոսելիս հիշատակում է Դենի դը Ռուժմոնի «Սերը եւ Արեւմուտքը» գրքի հայերեն թարգմանությունը եւ «Փադիշահի խոսող թութակը» Աբդուլ Համիդի եւ «Բանկ օտոման» գործողության մասին իր հեղինակած նոր վեպը, որ ամենայն հավանականությամբ լույս կտեսնեն այս տարի:
Հակոբ Ասատրյանի հերթական հարցազրույցը ներկայացնում է ռուսական ռոմանսների կատարումով աչքի ընկած եւ Պրահայում համերգով հանդես եկած հայ-հունական արմատներով երգչուհի Օլգա Ռոգաչովային:
Հանդեսի մի շարք հրապարակումներ (Արծվի Բախչինյան «Լեհաց թագուհու հովանու տակ», «Էլդա Գրինի ժողովածուն չեխերեն»Ալ. Թոփչյան «Թորոսի հաղթանակը Ֆրանսիայում») արդեն տպագրվել են «Ազգում»:
«Օրերը» տպագրել է չեխական «Լիդովե Նովինի» օրաթերթի անդրադարձը Չեխիայում գործող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Աննա Կարապետյանին աշխատանքից հեռացնելու մասին: «Հայ լրագրողը մեղադրում է Ազատություն-Ազատ Եվրոպա ռադիոկայանին աշխատանքից հեռացվելու համար» խորագրով հոդվածը հրապարակել են Յարոսլավ Պլեսլը եւ Մարտին Զվերժինան:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ