«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2007-08-17 | #148, 2007-08-18 | #149, 2007-08-21


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱՐՁՈՒՆՔԸ

«Ներհայկական» մենամարտ գերմանական ռինգում

Միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթականՙ 6-րդ անգամ հաջողությամբ պաշտպանեց ուժեղագույնի կոչումը: Շաբաթ օրը Բեռլինում կայացած մենամարտի 11-րդ ռաունդում նա նոկաուտի ենթարկեց իր հայրենակից Խորեն Գեւորին: Վերջինս գլխուղեղի ծանր վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Գերմանական մամուլը դրանում մեղադրել է մրցավարներին, գտնելով, որ դեռեւս 8-րդ ռաունդում նրանք պարտավոր էին դադարեցնել մենամարտը եւ հաղթանակ շնորհել Աբրահամին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի բռնվեցին երկու հայ բռնցքամարտիկներ: Բնականաբար, այդ մենամարտում մասնագետները հաղթողի հավակնորդ էին համարում Արթուր Աբրահամին եւ նա հերթական անգամ արդարացրեց երկրպագուների սպասելիքները: Արթուրը պրոֆեսիոնալ ռինգում 24-րդ հաղթանակը տոնեց, որից 19-ըՙ նոկաուտով: Նա առայժմ անպարտելի է: Այդ մենամարտը նաեւ երկու հանրահայտ գերմանացի մարզիչներիՙ Ուլի Վեգների (Աբրահամի մարզիչը) եւ Ֆրից Զդունեկի յուրօրինակ մրցավեճ էր:

Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ բռնցքամարտում միջին քաշում ամենատաղանդավոր բռնցքամարտիկներից մեկն է: 5 տարի առաջ տեղափոխվելով պրոֆեսիոնալ բռնցքամարտ, նա բոլորին հիացնում է իր մարտարվեստով: Նրա նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում շատ տպավորիչ ստացվեց: 2003 թ. օգոստոսի 16-ին Աբրահամն արդեն 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց գերմանացի բռնցքամարտիկ Ֆրանկ Կարի Ռոտին: 2005 թ. դեկտեմբերի 10-ին հայ բռնցքամարտիկը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսըՙ հաղթելով նիգերիացի Կինգսլի Իկեկեին: Հաջորդ տարի Արթուրը 3 անգամ հաջողությամբ պաշտպանեց ուժեղագույնի իր տիտղոսըՙ հաջորդաբար պարտության մատնելով Շենան Թեյլորին, Կոֆի Յանտուային եւ Էդիսոն Միրանդային: Վերջին մենամարտում Աբրահամը ծանր վնասվածք ստացավ, որից ապաքինվելուց հետո եւս մեկ անգամ հաջողությամբ պաշտպանեց իր կոչումըՙ տեխնիկական նոկաուտով արդեն 3-րդ ռաունդում ստիպելով անձնատուր լինել կանադացի Սեբաստիան Դեմերսին:

«Ես հիանալի մարզավիճակում եմ եւ դա կապացուցեմ մենամարտում: Մշտապես ինքս ինձ ասում եմ, որ մրցակցից թույլ եմ, ուստի շատ լրջորեն եմ մարզվում եւ հակառակորդիս հաղթում եմ»,- նշել էր Աբրահամը մենամարտից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Բայց Խորեն Գեւորն էլ բավական վստահ էր ուժերին. «Հաղթելու լավ հնարավորություններ ունեմ: Բավական ուժեղ մրցակիցների հետ եմ մարզումներ անցկացրել: IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը լավ նվեր կլինի կնոջսՙ Նինելին, որը շուտով ծննդաբերելու է»:

Խորեն Գեւորի մարզիչ Ֆրից Զդունեկը եւս մենամարտից առաջ լավատեսորեն էր տրամադրված. «Հասկանում եմ, որ շատերը Աբրահամին են համարում հաղթողի հիմնական հավակնորդ: Սակայն հավակնորդներն էլ պարտվում են: Կարծում եմ, որ մենամարտը կտեւի 12 ռաունդ եւ Խորենը հաղթանակ կտանի շնորհիվ ֆիզիկական գերազանց պատրաստության»:

Հարկ է խոստովանել, որ մարզիչը լավատեսության հիմքեր ուներ: Սիրողական բռնցքամարտում նախկին էջմիածնեցի մարզիկը 75 մենամարտերից 72-ում հաղթանակներ էր տարել: 2000 թ. 28-ամյա բռնցքամարտիկը տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ: Այդ ընթացքում Խորեն Գեւորը դարձավ WBO-ի եւ IBF-ի վարկածով միջմայրցամաքային տիտղոսի դափնեկիր: Իսկ ներկայում նա IBF-ի վարկանիշային ցուցակում 5-րդ պատվավոր տեղում է, ինչն էլ հնարավորություն ընձեռեց հայ բռնցքամարտիկին ձեռնոց նետել իր անվանի հայրենակցին:

Հերթական մենամարտից հետո Աբրահամի մենեջեր Վիլֆրեդ Զաուեռլանդը տեղեկացրել է, որ մտադիր է Արթուրի հաջորդ մենամարտը կազմակերպել ԱՄՆ-ում, որտեղ վերջինս արդեն բավական հայտնի է շնորհիվ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ տարած հաղթանակի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4