«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2007-08-21 | #150, 2007-08-22 | #151, 2007-08-23


ՀԱԿԱԵԶԴԻԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ

Դրանում իր մասնակցությունն է ունեցել «Թուրք վրիժառուների միությունը»

Օգոստոսի 14-ին Իրաքի հյուսիս-արեւմուտքումՙ Սանջար քաղաքի մոտակայքի եզդիներով բնակեցված երեք բնակավայրերում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվել են առնվազն 500 մարդ, ավելի քան հազարը վիրավորվել: Հակաիրաքյան պատերազմի սանձազերծումից ի վեր առավել արյունալի միջադեպը համարվող հակաեզդիական այս ահաբեկչության առնչությամբ ոստիկանությունը կասկածներ էր հայտնել, թե դա կազմակերպել են «Ալ Ղաիդայի» կողմնակից սուննի ծայրահեղականները, որոնք վերջերս ակտիվացել են Իրաքի Սիրիային սահմանակից շրջաններում:

Հակառակ ոստիկանության կասկածներին, Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի նախագահ Մասուդ Բարզանին հակաեզդիական ահաբեկչության կազմակերպման համար ակնարկով մեղադրել էր Թուրքիային: Իսկ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին բացահայտորեն հայտարարել է, որ Սինջարի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը իրականացվել է թուրքական, ինչպես նաեւ իրանական հետախուզական կառույցների մասնակցությամբ:

Ահաբեկչության կազմակերպիչները բացահայտված չեն: Սակայն ակնհայտ է, որ ահաբեկչություն կատարելու իմաստը կայանում է ահաբեկչական գործողությունն այս կամ այն նպատակին ծառայեցնելու, կամ դրա միջոցով որեւէ հարցի վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու, ինչպես նաեւ շահագրգիռ պետություններին համապատասխան ազդանշաններ հաղորդելու մեջ: Այդ իսկ պատճառով ահաբեկչական յուրաքանչյուր գործողությունից հետո կազմակերպիչները իսկույն ստանձնում են դրա իրագործման պատասխանատվությունը:

Քանի որ հակաեզդիական ահաբեկչության համար «Ալ Ղաիդան» պատասխանատվություն չի ստանձնել, ուստի կարելի է ենթադրել, որ այս կազմակերպությունը քողարկման միջոց է դարձել ահաբեկչությունն իրականացնող հետախուզական կառույցների համար: Այլ կերպ, ահաբեկչության առնչությամբ միանգամայն իրատեսական են Բարզանիի ակնարկով, իսկ Թալաբանիի, առանց ակնարկի, ուղղակիորեն արած հետեւությունները:

Ի՞նչ առումով հարցին պոլսահայերի «Հայ թերթ» կայքէջում հրապարակած հոդվածով պատասխանում է Չեթին Դիյարը: Ահա թե ինչ է գրում նա. «Ահաբեկչությունն իրականացնողների մեջ Քիրքուքում նախատեսվող հանրաքվեի նախօրյակին գործի դրված սուննիների ահաբեկչական կազմակերպությունների հետ հիշատակվում է նաեւ «Թուրք վրիժառուների միություն» կոչված կառույցը: Հայտնի է, որ Թուրքիայի ղեկավարները խոչընդոտելու համար Քիրքուքի միացումը Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանին, Անկարայում խորհրդաժողովներ են անցկացրել արաբական սուննի կազմակերպությունների ղեկավարների հետ եւ Իրաքի թուրքմենական ճակատին դրդել հակաքայլերի: Հետեւաբար ով էլ որ իրականացրած լինի այս ահաբեկչությունը, դա ծառայում է տարածաշրջանի կայունացմանը ձգտող Թուրքիայի, ինչպես նաեւ տարածաշրջանում իր ռազմաքաղաքական ներկայության հարատեւությունն ապահովելու համար ժողովուրդների միջեւ թշնամանք սերմանող ԱՄՆ-ի շահերին»:

Ի դեպ, «Թուրք վրիժառուների միությունը» նոր է հայտնի դարձել: Մինչ այդ հայտնի էր «Թուրք վրիժառուների բրիգադը», որի անունը Հրանտ Դինքի սպանության առնչությամբ էր հոլովվում: Չի բացառվում, որ այդպիսի մի քանի բրիգադներ են եղել, որոնց միացումից էլ առաջացել է համանուն միությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4