«Ժանրի ճգնաժամ», սա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի բնութագրումն է ըստ Ազգային Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանի: Նրա իսկ բացատրությամբ այն վիճակն է, երբ միջոցը փոխարինել է նպատակինՙ խնդիրներ լուծելու միջոց հանդիսացող իշխանությունը ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության համար ինքնանպատակ է դարձել: ԱԺԿ ղեկավարի կարծիքով, Հայաստանում ծրագրերն ու գաղափարները մղվել են հետին պլան, իսկ առաջին պլանում միայն անձերի խնդիրն է, ինչի համար ժողովրդին են մեղադրում, սակայն Շավարշ Քոչարյանի կարծիքով, ժողովուրդը մեղավոր չէ: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած ասուլիսում խոսեց ԱԺԿ նախագահը: Նրա կարծիքով, «իրականում ժողովուրդը երբեք անարձագանք չի մնացել քաղաքական դաշտի առաջարկած հանուն Հայաստանի դրական քայլերին: Մի քիչ կարող է անսպասելի հայտարարություն անեմ, եթե փորձենք քաղաքական դաշտն ամբողջությամբ իրար միավորել եւ բնութագրել, ապա կարծում եմ, որ ամբողջ քաղաքական դաշտը գումարային, ընդդիմադիր է: Ընդդիմադիր է սեփական ժողովրդին»:
Բանախոսի կարծիքով, քաղաքական դաշտում բոլորի ընտանեկան-կլանային շահով առաջնորդվելու հետեւանքով կուսակցությունները փոքրացել ու զրկվել են հասարակության վրա ազդեցություն գործելու անհրաժեշտ կառույցներից, բացառությամբ իշխանական կուսակցությունների, որոնք ֆինանսական միջոցներ ունեն:
2008 թվականի ՀՀ նախագահի ընտրության հարցին անդրադառնալովՙ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ սահմանադրության փոփոխություններից հետո նախագահի պաշտոնը գերագնահատելը սխալ է, իսկ իշխանության հարցը Հայաստանում լուծվել է խորհրդարանի ընտրությամբ. «Ընտրվող նախագահը դեռ չի նշանակում իշխանափոխություն: Եթե նա նույնիսկ ներկայացնում է այլ քաղաքական ուժ, քան մեծամասնությունը, ապա նա կամ պետք է համակերպվի եւ աշխատի մեծամասնության հետ, կամ էլ բոլոր լծակներն ունեցող մեծամասնությունն իրեն կմեկուսացնի որպես նախագահ»:
Ընդդիմության միասնական թեկնածու-նախագահի որոնման հիմքում էլ տեսնում է անձի եւ ոչ նոր մոտեցումների խնդիրը, այնուամենայնիվ ԱԺԿ ղեկավարը չի բացառում իր մասնակցությունն ընդդիմության սրճարանային հավաքներին, բայց եւ ընդգծում է, որ առանց նախորդ անհաջողությունների մանրակրկիտ վերլուծության կգործի «կարեւորը մասնակցությունն է» օլիմպիական սկզբունքը: Շավարշ Քոչարյանի գնահատմամբ հայաստանյան քաղաքական գործիչներից մեծ մասին կարելի է գնահատել նաեւ հարաբերությունների տեսությամբՙ մարմնի կշիռն այնքան է մեծ, որքան նրա շարժումը. «Հարկավոր է շարժվել, առաջ գնալ կշիռը բարձրացնելու համար: Իսկ հարցերը հնչում են տեղում դոփող քաղաքական գործիչների կշռի մասին: Բացի այդ, մեռած աստղերի համաստեղությունը լույս ու ջերմություն չի ճառագում»: Ի պատասխան լրագրողների Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին հարցի ԱԺԿ նախագահը հարցով պատասխանեց. «Ոչ մեկի մոտ հարց էլ չի առաջանում` լավ, ասենք, ինքը գա, ի՞նչ է անելու: Ինչի՞ համար է գալիս, ի՞նչ ծրագրեր է իրականացնելու: Բոլորիս համար ակնհայտ է: Հիշում ենք, եւ իր ելույթներից, եւ քայլերից` Ղարաբաղը զիջելու է: Է՞լ ինչ է անելու, ախր ոչ մեկը այդ հարցը չի տալիս»: ՀՀ նախկին նախագահի համախոհների փաստարկը, թե Տեր-Պետրոսյանի գալը կճեղքի քաղաքական դաշտը, իրական չի համարում ԱԺԿ նախագահը. «Սա նշանակում է, որ ընդդիմադիրների այդ հատվածը վերջնականապես թեքել է երեսը ժողովրդից, հույսը դնելով միայն մի բանի վրա, որ նույն իշխանական դաշտում տեղի կունենա ճեղք, տրոհում, եւ դրա շնորհիվ ի վիճակի կլինի դնել իրենց ներկայացուցչին»: Բանախոսի դիտարկմամբՙ խնդիրն այն է, որ ներկայում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը լավագույնս սպասարկում է այն կլաններին, որոնք Հայաստանի իրական իշխանության տերերն են, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին խոսքուզրույցը ազդակ է հենց այդ կլաններին. «Եթե նա գաՙ ավելի լավ կսպասարկի հզորությունների տեր կլաններին»: ՀՅԴ սեփական թեկնածուի մասին հայտարարությունն էլ Ռոբերտ Քոչարյանի զենքը չէ ընդդեմ Սերժ Սարգսյանի, ըստ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, պարզապես կուսակցության փորձն է 2007-ի խորհրդարանի ընտրությամբ ստացածի պահպանման:
Իսկ Հայաստանի քաղաքական դաշտը դեպի նախագահի ընտրության ներկա տեսքով գնալու դեպքում կկանխորոշի Սերժ Սարգսյանի ընտրությունը, ինչը չի խոչընդոտի նաեւ Ռոբերտ Քոչարյանի ապագայի որոշակիությունը. «Այդ երկու անձը շղթայված են մեկ շղթայով եւ չեն կարող իրարից շատ հեռանալՙ բացառվում է: Ուղղակի մի խնդիր կա, թե այդ շղթայով իրար կապվածներից ով է առաջինը, ովՙ երկրորդը: Ամեն դեպքում բացառվում է, որ այդ երկու անձերի միջեւ լինեն թշնամական աստիճանի հասնող հարաբերություններ»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ