«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2007-08-21 | #150, 2007-08-22 | #151, 2007-08-23


ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻՑ ՎԵՐՋԻՆԸ

Ջավախք է այցելել Խրիմյան Հայրիկը

Լեզվի խնդիրը վրաց իշխանությունների համար` ջավախահայությանը ճնշելու գործիք

Վրաստանում հայությունը նոր խնդիրների առաջ է կանգնած: Վրաստանի հայություն ասվածում ջավախահայությանն ու մյուս վրացական տարածաշրջանների հայերին առանձնացնելով երեկ «Փաստարկ» ակումբում նոր փուլի ձեւավորման մասին իր կարծիքը հայտնեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Բացի սփյուռքում հայկական համայնքներին հատուկ խնդիրներից, Թորոսյանի համոզմամբ, Ջավախքում հայերն ունեն առանձնահատուկ խնդիրներ, քանի որ իրենց պատմական հողի վրա են, եւ ի թիվս սոցիալ-տնտեսական խնդիրների, ունեն նաեւ քաղաքական, հոգեւոր հարցեր: Ընդ որում, հենց այս երկու վերջին խնդիրների առնչությամբ «Ջավախք» հայրենակցական միության նախագահի կարծիքն այն է, թե դրանք շատ լուրջ են եւ արագ լուծման կարիք ունեն:

«Ազգի» ընթերցողները ծանոթ են, որ նախորդ շաբաթ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը վրացական եկեղեցիներ այց ձեւակերպմամբ եղավ Ջավախքում, երբ այդ տարածաշրջանում, ըստ էության, վրաց եկեղեցին հետեւորդներ չունի` բացառությամբ վերջերս Ջավախքում ստեղծված երկու մենաստանների մի քանի վանականների ու միանձնուհիների: Հիշեցնելով այս մասին` Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ հայ կաթողիկոսներից վերջինը այս տարածաշրջան այցելել է Խրիմյան Հայրիկը դեռեւս 1905 թվականին:

Մինչդեռ Ազգային ժողովի նորընտիր պատգամավորի կարծիքով, վաղուց ձեւավորվել է Ջավախքում առանձին թեմ ունենալու հրամայականը, այլ ոչ փոխառաջնորդարան: Թորոսյանը նաեւ վստահ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կայցելի տարածաշրջան: Սամցխե-Ջավախքում ամեն տարի մի քանի եկեղեցի է վերաբացվում, սակայն դրանք մնում են անսպասավոր, որ եւս Հայ առաքելական եկեղեցու խնդիրներից է:

Եվս մեկ լուրջ հիմնախնդիր է ջավախահայության համար մնումՙ հայոց լեզվի կարգավիճակի հարցը: Ըստ Շիրակ Թորոսյանի, Վրաստանի իշխանություններն առիթ դարձնելով վրացերենին չտիրապետելը, փորձում են ճնշում գործադրել ջավախահայության վրա, մինչդեռ Ջավախքի բնակչության 95-96 տոկոսը հայեր են ու վրացերեն չգիտեն ոչ իրենց մեղքով: «Ես ոսկե մեդալով եմ ավարտել դպրոցը (Նինոծմինդայի Գանձա գյուղում-Ա. Հ.), բայց վրացերենին չեմ տիրապետում: Ինձ դասավանդել է մի հույն հաշմանդամ Ծալկայի շրջանի գյուղերից, որ թերեւս ինքն էլ չէր տիրապետում վրացերենին», վրացերենի յուրացման սեփական փորձն այսպես ներկայացրեց Թորոսյանը:

Լեզվի միջոցով «մաքրումներով», Թորոսյանի վկայությամբ, քչանում են հայ պաշտոնյաները Ջավախքում, հայկական դպրոցների տնօրենները փոխարինվում են վրացիներով, երկու տարի անց դպրոցների տնօրենների նման «կատեստավորվեն», իսկ իրականում վրացերենի չիմացության պատճառով վատ վիճակում կհայտնվեն նաեւ հայկական դպրոցների մանկավարժները: Եվ եթե ավելացնենք, որ 2012 թվականին ազգային դպրոցներում հայերենով կդասավանդվի միայն հայոց լեզու եւ գրականություն առարկան, ապա կարելի է ենթադրել, որ վրացական իշխանությունները վրացերենը զենք են դարձրել ընդդեմ ազգային փոքրամասնությունների:

Մինչդեռ ջավախահայերը երբեք, ըստ Թորոսյանի, չեն մերժել լեզվին տիրապետելու անհրաժեշտությունը, բայց ոչ առանց ժամանակ տրամադրելու, հապճեպ, առանց համապատասխան մեխանիզմների ստեղծման: «Ջավախք» հայրենակցական միության նախագահը հիշատակեց դեռեւս անցյալ տարի Հայաստանի կառավարության` երկլեզու բուհ Ջավախքում ստեղծելու առաջարկը, որ, սակայն, մնաց անպատասխան:

Լեզվի հետ կապված իրավիճակը հարուցել է ջավախահայության դժգոհությունը, եւ տեղական մակարդակում քննարկվում է հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու պահանջով Վրաստանի խորհրդարան դիմելու հարցը, որի ձգձգումը կապված է մասնավորապես Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահի` գործին ընթացք չտալու պատճառով:

«Ազգն» անդրադարձել է հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու խոչընդոտներին, որ թեեւ Վրաստանը վավերացրել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային փաստաթուղթը, սակայն արել է շատ յուրօրինակ վերապահումներ: Հետաքրքրական է, որ այդ վերապահումներից մեկն էլ, օրինակ, այնպիսի ձեւակերպում ունի, որի համաձայն քանի դեռ չի վերականգնվել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, չեն լուծվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները, կոնվենցիան չի մտնում ուժի մեջ:

Մինչդեռ այդ փաստաթղթի գործարկման դեպքում նախ հնարավոր կլինի հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, Ջավախքում տեղանունների պարագայում կիրառել հայերեն հնչողությամբ տարբերակները, եւ Հայաստանի հետ կկնքվեն այնպիսի պայմանագրեր, որոնցով կապահովվի աջակցություն ջավախահայությանը:

Առավել հետաքրքրական են այդ տարածաշրջանին քաջատեղյակ Շիրակ Թորոսյանի եզրահանգումները: Մասնավորապես, Թորոսյանի խոսքերով, Ջավախքի բազմաթիվ խնդիրների չլուծման դեպքում կամ այս տարածաշրջանն ամբողջապես կհայաթափվի, կամ էլ ժողովուրդը ստիպված ոտքի կկանգնի: Եվ եթե վրաց իշխանությունների այսօրինակ մոտեցումը կարող է տանելի լինել Հայաստանի համար, դա չի ների հենց ջավախահայությունը: Ու չնայած ասվում է հայաթափություն, բայց, ԱԺ պատգամավորի մատուցմամբ, դա չի նշանակում, թե վաղը Ջավախքում հայ չի լինի:

Ջավախքում դպրոցներ են վերանորոգվում, մյուս տարի նախատեսվում է Նինոծմինդայի շրջանում որեւէ չնորոգված դպրոց չթողնել: Իսկ «Ազգի» հարցին, թե այդ ամենում որքան է մասնակից Հայաստանի Հանրապետությունը, եւ ինչպես է Շիրակ Թորոսյանը գնահատում հայկական իշխանությունների մոտեցումը Ջավախքի խնդրին, պատգամավորը պատասխանեց. «Ինչ խոսք, Հայաստանի իշխանությունները զգուշավոր քաղաքականություն են վարում Ջավախքի խնդիրների հանդեպ»: Ինչ վերաբերում է մեր իշխանավորների այցելություններին, ապա այդպիսիք, ըստ Թորոսյանի, լինում են, որոնցից վերջինը արտգործնախարար Վարդան Օսկանյանի այցելությունն էր: «Վարդան Օսկանյանը տպավորված էր Ջավախքի ժողովրդի տոկունությամբ եւ «տպավորված էր» Ջավախքում տիրող ծանր իրավիճակով»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4