«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2007-08-22 | #151, 2007-08-23 | #152, 2007-08-24


ԴԵՊԻ ԱՍԻԱ՞

Ասիական ուղղությամբ Վլադիմիր Պուտինի քաղաքական ակտիվությունը մեկնաբանների համար պարարտ հող է ստեղծում խորհրդածելու Ռուսաստանի համաշխարհային նոր կողմնորոշիչների հստակեցման շուրջը: Անշուշտ, իրատես պրագմատիկ Պուտինը չի կարող երես թեքել ԱՄՆ-ից ու Եվրոպայիցՙ հիանալի հասկանալով, որ առանց նրանց համենայն դեպս այսօր հնարավոր չէ լուծել որեւէ քիչ թե շատ համապարփակ հարց: Բայց, մյուս կողմից, ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ վերջիններս անողոք են դառնում Ռուսաստանի նկատմամբ իրենց մեկուսացնող գործողություններում: Ամերիկացիներն արտաքին սիրահետումների հետ մեկտեղ բնավ էլ չեն հրաժարվում Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու ծրագրերից, իսկ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունն անսեթեւեթ խելք է սովորեցնում Պուտինինՙ փոխելու սահմանադրությունը եւ այլն:

Ըստ երեւույթին, անհիմն չեն քաղաքացիների այն պնդումները, որ Պուտինը հոգնել է արեւմտաեվրոպական դեմոկրատիայի կեղծավորությունից ու հատկապես նրա վերակացուական կեցվածքից. արմատական լիբերալիզմի «օրրան» Արեւմուտքը միայն դասեր է տալիս ուրիշներին, երբեք չի ընդունում այդ ուրիշի ճշմարտությունը:

Արեւմուտքն իրոք ամեն ինչ անում է Ռուսաստանի առաջ իր մուտքերն անառիկ դարձնելու համար եւ դրանով իսկ նրան հակում է դեպի մյուս աշխարհամասը: Չէ՞ր զգացվում, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների լիդերների շրջապատում Պուտինն իրեն շատ ավելի անկաշկանդ է զգում: Ճիշտ է, այդ երկրներից ոչ մեկը դեռեւս Ամերիկա կամ Գերմանիա չէ, սակայն ասիական հսկա աշխարհամասն արտակարգ հեռանկարային է, միավորում է հզոր նյութական ու մարդկային ռեսուրսներ, աչքի է ընկնում տնտեսական դինամիկ աճով: Եվ հետո, այստեղ ոչ մեկը մյուսի գլխին բարոյախոսություն չի կարդում, չի պարտադրում մարդու իրավունքների ու ազատությունների իր «ստանդարտները» (անհավատալի կլիներ, օրինակ, որ Պեկինի քաղաքագլուխը ճնշում գործադրեր Յուրի Լուժկովի վրա Մոսկվայում հոմոշքերթ անցկացնելու հարցում):

Վերոհիշյալ կազմակերպությունում առայժմ գերիշխում են Ռուսաստանն ու Չինաստանը, եւ ռուսներն իրենց հաշիվ են տալիս, որ Արեւելյան դրակոնն օր-օրի ուժեղացնում է իր ազդեցությունը նույնիսկ այդ միության շրջանակում: Սակայն եթե մյուսները քեզ արտամղում են իրենց կենսատարածքից, ապա ինչո՞ւ դաշինք չկազմել նրանց հակազդողների հետ: Ահմադինեժադն էլ կարող է օգտակար լինել այդ գործում:

Եվս մի հանգամանք: Եթե Արեւմուտքն օրեր է հաշվում, թե երբ պիտի ինքնուրույն գործող Պուտինին խեղդի ելցինյան «դեմոկրատական» սահմանադրության շոշափուկների մեջ, ասիական երկրների ղեկավարներն, ընդհակառակը, նրան համոզում են մնալ եւ ավարտել սկսած գործը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4