«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2007-08-22 | #151, 2007-08-23 | #152, 2007-08-24


AXA-Ի ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

AXA ապահովագրական ընկերության կողմից ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցումների խնդրով զբաղվող Կարգավորման հանձնաժողովին դիմելու ժամկետը մինչեւ հոկտեմբերի մեկն էր: Գրեթե ամեն օր «Ազգի» խմբագրություն են դիմում մարդիկ, ովքեր խնդրում են ստուգել իրենց հարազատի անուն-ազգանունը Կարգավորման հանձնաժողովի հրապարակած AXA-ի ապահովադիրների ցուցակներում: Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ ինչպես «Նյու Յորք լայֆի» դեպքում եղավ, այս անգամ էլ Հայաստանի արդարադատության նախարարությունը մի կառույց է առանձնացրել, որի անդամներն անվճար իրավական եւ տեխնիկական օգնություն են ցույց տալիս փոխհատուցումների համար դիմող անձանց: Արդարադատության նախարարի խորհրդականներ Արփինե Մելիքբեկյանն ու Թամարա Շաքարյանն, ըստ էության, համակարգում են ողջ աշխատանքը. «Իրավական օգնություն ենք ցույց տալիս, հետեւում ենք, որ դիմումը կազմված լինի պատշաճ մակարդակով, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը առկա լինեն», մեզ հետ զրույցում ասաց Ա. Մելիքբեկյանը: Փաստորեն նախարարության այս խմբի օգնությամբ դիմողը կարող է վստահ լինել, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը: Երեկվա դրությամբ նախարարություն դիմողների թիվը մոտենում էր 600-ի` այդ թիվը ժամառժամ փոխվում է: Դիմողներն ավելի շատ Երեւանից են, բայց մարզերից էլ դիմողներ կան, հիմնականում Վանաձորից եւ Գյումրուց: Արդյոք իրազեկման պակա՞սն է պատճառը, որ մարզերից դիմողները քիչ են: «Ազգի» հետ զրույցում Ա. Մելիքբեկյանը նկատեց, թե մարզերից դիմողներն անմիջապես Երեւան գալու խնդիր չունեն, նրանք կարող են զանգել 58-30-23 հեռախոսահամարով, ճշտել իրենց հարազատի անուն-ազգանվան առկայությունը ցուցակում, եթե ազգանունն այնտեղ լինի` կարող են պայմանավորվել եւ անհրաժեշտ փաստաթղթերը հայթայթելուց հետո նոր ուղեւորվել Երեւան: Ընդ որում` դիմելու ժամկետը բավական սահմանափակ է` արդարադատության նախարարության խողովակով, իսկ սա ամենից հավաստի եւ վստահելի ճանապարհն է Հայաստանից, կարելի է դիմել մինչեւ սեպտեմբերի 20-ը, քանի որ Կարգավորման հանձնաժողովը ԱՄՆ-ում պետք է ստանա հոկտեմբերը 1-ից ոչ ուշ ամսաթվով կնքված ծրարներ: Բացի շաբաթ-կիրակիից` մյուս օրերին կարելի է դիմել:

Փաստորեն մինչեւ հիմա հիմնական բարդությունն այն է եղել, որ AXA-ի ապահովադիրների ցուցակները տպագրել հնարավոր չէր, քանի որ ծրագիրը կոդավորված է եւ հնարավոր չէ արտատպել` կարելի է միայն ստուգել կայքէջում, իսկ մեր պապիկ-տատիկների համար դա չինարեն է. այնպես որ արդարադատության նախարարությունում գործող խումբը շտապ-օգնություն է ի սկզբանե, եւ մինչեւ վերջ` հարցաթերթիկները կազմելու, անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու եւ ծրարներն ուղարկելու առումով: Այդպես էր «Նյու Յորք լայֆի դեպքում», այդպես է հիմա, եւ այդպես է լինելու հետո` այլ ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների դեպքում. «Մեր քաղաքացիներին օգնելը բարի ավանդույթ է դառնում», նկատում է Ա. Մելիքբեկյանը:

Հետաքրքրական է, որ դիմած հազարից ավելի մարդկանցից միայն մեկն ունի ապահովագիր` պոլիս: Մյուսի մասին մենք իմացանք նախարարության նախասրահում դիմողներից` խոսքը ժամանակին արեւմտահայ շատ հայտնի գործիչ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի պոլիսների մասին է, որի` Արտաշատում ապրող հեռու ազգականները հավակնում են դիմել եւ փոխհատուցում ստանալ: Սակայն ըստ Ա. Մելիքբեկյանի` ապահովագիր չունենալը չի սահմանափակում դիմողների իրավունքները: Հենց Կարգավորման հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանն ինքն էր ասել, թե նախ եւ առաջ ազգակցական կապն ապահովող փաստաթղթերի առկայությունն է կարեւոր, ապա` պոլիսի առկայությունը:

Պոլիսը բնականաբար, բոլորն էլ շատ լավ պատկերացնում են, որ կարող է պահպանված չլինել:

Արդարադատության նախարարության այս խումբն ամեն օր լսում է մարդկանց, որոնք պատմելով իրենց ազգակցի ապահովագիր ունենալու հանգամանքների մասին, ակամա վկայում են, թե մի ստեղծագործ եւ ունեւոր ժողովուրդ ապրում էր Արեւմտյան Հայաստանում, եւ թե ինչպես է նա զրկվել կյանքից, ունեցվածքից, կամ բռնել գաղթի ճամփան: Պատմում են դեպքեր ցեղասպանությունից, պատմում են` ինչպե՞ս է եղել: Մենք էլ նախասրահում լսեցինք դիմողներից մի քանիսի պատմությունները:

83-ամյա Ելիզավետա Գիտաչյանը ծնվել է Թբիլիսիում, բայց ծնողները վանեցիներ են` պապը գաղթել է, նրա կնոջն ու երեխաներին թուրքերը սպանել են: Պապը հայտնի դերձակ է եղել, շատ աշակերտներ է ունեցել, փրկվելուց ու գաղթելուց հետո նոր ընտանիք է կազմել, հենց նրա ապահովագրով Ելիզավետա տատիկը «Նյու Յորք լայֆից» էլ ապահովագրություն է ստացել, այժմ էլ դիմում է AXA-ի Կարգավորման հանձնաժողովին:

Ժանետա Հովհաննիսյանի սկեսրայրի հայրը` Հարություն Սարգսյանն ապրել է Կոստանդնուպոլսում, 1931-32 թվականներին գաղթել է Հայաստան:

Համլետ Սարգսյանի պապիկը` Հակոբ Հակոբյանը Սասունի Սղոնք գյուղում է ապրել, կարողությունների տեր է եղել, գյուղի հիմնադիրներից, գաղթել է, զոհվել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Հենց նրա անուն-ազգանունն է գտել Համլետն AXA-ի ցուցակներում:

Իսկ վերը հիշածս արեւմտահայ գործիչ Գաբրիել Նորատունկյանի Եղեռնից մազապուրծ հորեղբոր տղայի ընտանիքը հիմնավորվել է Արտաշատի Դեղձուտ գյուղում, այդ եղբոր հարսը` Մարիամ Ավետիսյանը պատմում է ինչ գիտի` Մուշից են, Գաբրիել էֆենդի Նորատունկյանը Թուրքիայում արտգործնախարար է եղել, Ազգային պատվիրակության անդամ ((Փարիզ), իսկ պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի հրաժարականից հետոՙ համակարգող. հենց նրա ապահովագրի գումարներն է հավակնում ստանալ արյունակից ընտանիքը:

Բոլոր այս պատմությունները դեռ բարոյական ու այլ փոխհատուցումների հորիզոնն են ուրվագծում. առայժմ` հատ-հատ, ապահովագրական ընկերություններն ամերիկահայ փաստաբանների ջանքերով դեռեւս վերադարձնում են հայ ժողովրդի կորուստների մի փշրանքը միայն:

Ահավասիկ` «Ազգի» խմբագրի պատմությունը: Նա ցուցակներում գտել է եւ իր հոր, եւ հորեղբոր` Նազարեթի անունը: Գիտի, որ ոչ մի ազգական չունի Նազարեթի գծով. դիմելու է` գուցե այսպես հանկարծ ու գտնի Նազարեթի ժառանգներին` իր ազգականներին: Սա եւս մի բարոյական փոխհատուցում կլինի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4