Սան Սեբաստիանի (Իսպանիա, Բասկերի երկիր) 55-րդ կինոփառատոնում սեպտեմբերի 20-29 առաջին անգամ կցուցադրվի Լոս Անջելեսում բնակվող 31-ամյա գրող-կինոբեմադրիչ Էրիկ Նազարյանի անդրանիկ ֆիլմըՙ «Տխրության ժամ»: Մուլտի-էթնիկ անսամբլային դրամա է, գործողությունների կենտրոնըՙ Լոս Անջելեսը: Նազարյանի ֆիլմն իսպանական այս կինոփառատոնում ներկայացված միակ ամերիկյան ֆիլմն է, որն ընդգրկվել է այս տարվա Սան Սեբաստիանի կինոփառատոնի «Նոր բեմադրիչներ» մրցութային ծրագրում, որի համար սահմանված է նույնանուն մրցանակ: Այս ծրագրում ընտրվել են առաջին եւ երկրորդ կարգի 16 ֆիլմեր, նկարահանված Իսպանիայում, Չինաստանում, Գերմանիայում, Կորեայում, Իրանում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իսրայելում, Ֆրանսիայում եւ այլուր:
Նազարյանը պատմում է, որ Սան Սեբաստիանի կինոփառատոնի մասին ինքն առաջին անգամ իմացել է ավագ դպրոցում կարդացած կինոամսագրից: «Դա Եվրոպայի ամենահին կինոփառատոներից է, համաշխարհային կինոժառանգությամբ հարուստ: Ինձ համար իրոք մեծ պատիվ է այնտեղ առաջին անգամ ֆիլմ ներկայացնելը»:
«Տխրության ժամում» Լոս Անջելեսում բնակվող մի քանի օտարականներ հյուսում են իրենց կորստյան ու հույսի պատմությունները, չիմանալով, որ իրենց ճակատագրերը բախվում են մեկմեկու, թվում էՙ աննշան, բայց իրականումՙ շատ ավելի խորը:
«Մեծանալով Լոս Անջելեսում, որպես հայ գաղթական միշտ զարմացել եմ, թե որքան բազմադեմ ու մեկուսի է այս քաղաքը, խիստ նման Բաբելոնի աշտարակին: Միախառնվում են բազմաթիվ լեզուներ, բայց մարդիկ կարծես միմյանց հետ չեն խոսում», ասում է է 31-ամյա կինոբեմադրիչը:
Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանում ծնողների հետ արտագաղթել է Մ. Նահանգներ: Ուսանել է Հարավային Կալիֆոռնիայի կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում, ներկայում աշխատում է 2 ֆիլմ-նախագծի վրա, որոնցից մեկը հետպատերազմյան դրամա էՙ արցախյան ազատամարտի մասին: Իր «Տխրության ժամ» ֆիլմում Էրիկ Նազարյանը բացահայտում է մեքսիկացի որմնանկարչի, լուսանկարչական ապարատ նորոգող հայի, աֆրո-ամերիկացի կիթառիստի եւ Լոս Անջելես գետի մերձակայքում բնակվող բրիտանացի թոշակառուի հարաբերությունները: Ֆիլմում հանդես են գալիս այնպիսի կինոաստղեր, ինչպես Էլիսա Միլանոն, Քլերենս Վիլյամս երրորդը, Էմիլի Ռայոզը, բրիտանացի դերասան Դերիկ Օ՚ Քոնորը, դանիացի դերասան Յորիկ վան Վագենինգենը:
Սան Սեբաստիանի կինոփառատոնից հետո «Տխրության ժամը» կցուցադրվի Լոս Անջելեսում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ