«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2007-08-22 | #151, 2007-08-23 | #152, 2007-08-24


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԲԱՐՁՐԱԿԵՏՈՒՄ Է

Օգոստոսի 20-ին Երեւանում սկսված աստղագիտական միջազգային համաժողովի` JENAM-ի շրջանակներում գումարվող գիտաժողովները աստղագիտական բազմաթիվ տաք թեմաներ են շոշափում: Արդեն կայացածների թվում են եղել «Մոլեգնող երեւույթները երիտասարդ աստղերում» թեմայով, գալակտիկաների ակտիվությանը նվիրված եւ այլ գիտաժողովներ: Հայ աստղաֆիզիկոս Արտաշես Պետրոսյանը համեմատություններ է կատարել գալակտիկաների միջուկների ակտիվությունների միջեւ` եզրակացությունն այս է, ակտիվ միջուկներ հանդիպում են ավելի մեծ գալակտիկաներում: Վասիլիս Չարմանդարիսն իր խմբի հետ ուսումնասիրություններ է կատարել ինչպես ինֆրակարմիր, այնպես էլ տեսանելի տիրույթներում, զուգահեռներ տարել երկու տիրույթների միջեւ եւ մի շարք բացահայտումներ արել:

Տիեզերաբանության խնդիրներն ուսումնասիրող գիտաժողովում պատմվել են արդիական այնպիսի գիտափորձերի մասին, ինչպիսին «Սառցե խորանարդն» ու արտագալակտիկական հետազոտություններին նվիրված «Հերմես» գիտափորձարարական ծրագրերն են, զեկուցումները նվիրված են եղել գալակտիկական կույտերին, ընդհանուր գալակտիկական դաշտում «դատարկությունների» ուսումնասիրմանը:

Մենք համագործակցում ենք JENAM-ի մամուլի կենտրոնի հետ եւ հուսով ենք այս կենտրոնի, ինչպես նաեւ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի աջակցությամբ գիտաժողովի տաք թեմաների մասին ամփոփիչ հրապարակում պատրաստել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4