«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2007-08-23 | #152, 2007-08-24 | #153, 2007-08-25


ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԹԻՎԸՆ ՓԱՈՒՆԴԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐԵՐԻՑ Է

Լավ է տեսնել սեփական աչքերով, ասենք, Գանձասարը

Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, իշխող լեյբորիստական կուսակցության անդամ Սթիվըն Փաունդը օգոստոսի 19-ից գտնվում է Հայաստանում, հանդիպել է ՀՅԴ անդամներին, եղել Արցախում, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ: Երեկ բրիտանացի պատգամավորը ՀՅԴ գրասենյակում իր տպավորություններն էր ներկայացնում լրատվամիջոցների ներկայացուցիչներին` խոսելով նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Միացյալ Թագավորությունում ծավալվող գործունեության մասին:

Անմիջապես տեղեկացնելով, որ պատրաստվում է վերադառնալ Հայաստան, բրիտանացի պատգամավորը հույս հայտնեց, որ հաջորդ անգամ կժամանի գործընկերների հետ: Ընդ որում, եթե բարոնուհի Քերոլայն Քոքսը «64 անգամ է եղել Հայաստանում, ապա ես պետք է կարողանամ Հայաստան բերել գոնե 64 պատգամավորի», նշեց պատգամավորը: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին բազմիցս հանդես եկած Սթիվըն Փաունդը փաստեց, որ Լեռնային Ղարաբաղի մասին բրիտանական խորհրդարանում քիչ գիտեն: Ու չնայած դրան Հյուսիսային Իռլանդիայի հարցի առնչությամբ բրիտանական կառավարության դիրքորոշումն ուղղակիորեն չի ազդում ղարաբաղյան հարցի հանդեպ վերաբերմունքի վրա, քանի որ դրանք նման խնդիրներ չեն:

Խոսելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ քննարկումներից` պատգամավորը նշեց, որ իր սեփական մոտեցման համաձայն, ցեղասպանության ժխտումը նույն հանցագործությունն է, ինչ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը կամ Հոլոքոսթը: Թաունդի մասնակցությամբ գործող Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավի կազմակերպությունը բավականին աշխատանք է տանում, եւ նույն համատեքստում հայ-թուրքական սահմանի բացումն էլ, ըստ պատգամավորի, կարիք ունի բրիտանական կառավարության ավելի մեծ ճնշման թուրքական կառավարության վրա:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունելու խնդրին, ապա Սթիվըն Փաունդը փոխանցեց բրիտանական արտգործնախարարների պատասխանը, թե Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել մինչեւ «ցեղասպանություն» եզրի օգտագործումը: «Ազգի» հարցին, թե արդյոք բրիտանական կառավարությունը ճանաչե՞լ է տերմինի ստեղծումից հետո տեղի ունեցած ցեղասպանությունները, Փաունդը դրական պատասխան տվեց, ավելացնելով, որ նախարարների այդօրինակ պատասխանը միայն հարցի իրավական կողմն է եւ անտեսում է խնդրի բարոյական կողմը:

«Զարմանում եմ, որ բրիտանական կառավարությունը կարող է ներողություն խնդրել 17-րդ դարում իռլանդացիներին գերելու համար, բայց վարանում է այսօրվա Թուրքիայի նկատմամբ լինել վճռական», նշեց Մեծ Բրիտանիայի օրենսդիրը, ընդգծելով, որ եթե իրեն մնար ճանաչման բանաձեւի ընդունումը, դա երեք րոպե իսկ չէր տեւի:

Արցախում եղած բրիտանացի օրենսդիրը փաստեց, որ սեփական աչքերով Ղարաբաղը տեսնելու հնարավորությունն ուղղակի անփոխարինելի միջոց է խնդրին ու երկրին ծանոթանալու համար: Մասնավորապես, Փաունդի նախնական տեղեկությունների համաձայն, Արցախում հայերն իբր ապրում են մոտ 100 տարի, մինչդեռ այցելությունը Գանձասար ու մի շարք այլ վայրեր Սթիվըն Փաունդին անժխտելի ապացույց է ներկայանում, որ հայերն արցախյան հողում ապրում են առնվազն 1000 տարի: «Այսօր ես զինված եմ այդ փաստերով եւ ինչ ձեզ համար ակնհայտ է, արտերկրում մենք պիտի ապացուցենք», համոզված է բրիտանացի պատգամավորը:

«Գուցե թե շատ սուբյեկտիվ գտնվեմ, բայց Արցախն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից է, թեեւ խիստ կարիք ունի ենթակառուցվածքների, ներդրումների», նաեւ հայերի` մի քանի լեզվի տիրապետելու առնչությամբ սեփական հիացմունքն այսպես արտահայտեց Փաունդը: Ավելին, ըստ Բրիտանիայի իշխող կուսակցության ներկայացուցչի, «Փաստ է, որ Արցախը իրականում Հայաստանի մաս է եւ ես այնտեղ չհանդիպեցի ոչ մեկին, որ կցանկանար վերադառնալ մինչպատերազմյան վիճակին»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4