«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2007-08-23 | #152, 2007-08-24 | #153, 2007-08-25


ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ

Հայտնի դարձան ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Առաջին խմբում, որտեղ ընդգրկված էին 5 թիմեր, բոլորին գերազանցեցին Ստամբուլի ֆուտբոլիստները, որոնք անցկացրած չորս մրցախաղերում էլ հաղթեցին: Վերջին տուրում կայացավ Ստամբուլ-Ստեփանակերտ բավական հետաքրքրական մրցավեճը: Այն անցավ բավական լարված ու համառ մրցապայքարում: Ստամբուլցիներին հաջողվեց հաղթել նաեւ նախնական փուլի վերջին խաղում (2-1) եւ գրավել 1-ին տեղը: Մինչ այդ, Ստամբուլի թիմը 11-2 հաշվով հաղթել էր Թբիլիսիի ֆուտբոլիստներին, 8 անպատասխան գնդակ էր խփել Ֆրանկֆուրտի թիմի դարպասը, պարտության էր մատնել նաեւ Ռոստովի թիմին (4-0):

Ստեփանակերտցիներն առաջին խմբում զբաղեցրին 2-րդ տեղը: Քառորդ եզրափակիչում նրանք կմրցեն Սպահանի թիմի հետ, իսկ Ստամբուլի թիմի մրցակիցը կլինի Երեւանը: Խմբում վատ հանդես չեկան նաեւ Դոնի Ռոստովի ֆուտբոլիստները: Նրանք 3-0 հաշվով հաղթել էին ֆրանկֆուրտցիներին եւ ոչ-ոքի ավարտել հանդիպումը Ստեփանակերտի թիմի հետ (3-3): Վերջին տուրում Դոնի Ռոստովի մրցակիցը Թբիլիսիի թիմն էր: Շատերի համար անսպասելի ռոստովցիները զիջեցին այդ մրցախաղում մրցակցին (2-5) եւ խմբում գրավեցին 4-րդ տեղըՙ չորս հանդիպումներում վաստակելով նույնքան միավոր:

2-րդ խմբից քառորդ եզրափակիչ մտան Բուենոս Այրեսի եւ Լոս Անջելեսի թիմերը, որոնք վերջին տուրում մրցեցին միմյանց հետ: Այդ պահին երկու թիմերն էլ արդեն ապահովել էին իրենց մասնակցությունը հաջորդ փուլին եւ պետք է վիճարկեին 1-2-րդ տեղերը: Հաջողությունն ուղեկցեց Բուենոս Այրեսին, որը հաղթելով 2-0 հաշվով, վաստակեց 9 միավոր ու խմբում գրավեց 1-ին տեղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4