«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2007-08-24 | #153, 2007-08-25 | #154, 2007-08-28


ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՆ` ԽՄՈՐ ՉԿԱ

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին խոսակցությունները չեն դադարում: Վերջինը դրանց մասին խոսեց Մերուժան Տեր-Գուլանյանը` ասելով մի բան, որից կարելի է կարծիք կազմել, թե «Դե ֆակտո» ամսագրի խմբագիրը հաստատ մի բան գիտի: Իսկ որ իշխանական համակարգում որեւէ մոտակա գործընթացի մասին, որեւէ փոխոխության վերաբերյալ ամենաուժեղ «նյուխ» (գուցե` տեղեկատվություն) ունեցողներից մեկը մամուլի այս հնաբնակն է, կարծում ենք, շատերն են համոզվել: Իսկ ի՞նչ էր ասում նա. որ երկու մարդ իրավունք ունեն հավակնելու հանրապետության նախագահի պաշտոնին, որոնք իրենց կյանքով վաստակել են այդ իրավունքը. «Մեկը Սերժ Սարգսյանն է, մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկուսին էլ մոտիկից ճանաչում եմ»: ՀՀԿ-ամերձ այս գործչի այս տեսակետից կարելի է հետեւություն անել, որ հանրապետական վերնախավի համար որպես երկրորդ թեկնածու ցանկալի է Տեր-Պետրոսյանը: Թե ինչու` դա այլ վերլուծության թեմա է: Ճիշտ է, Տեր-Գուլանյանը նշեց Էլի ուրիշ իրավունք ունեցողների` Վազգեն Մանուկյանի, կամ օրինակի համար` Պարույր Հայրիկյանի մասին, գտնելով, որ երկրի համար առաջին երկու թեկնածուները ճիշտ կլինեն եւ չծածկելով, որ այս երկուսից ամենամեծ շանսն ունի` Սերժ Սարգսյանը («լայնախոհ է, վրեժխնդիր չէ, հայ տղա է, Հայաստանը հագած տղա է» եւ այլն): Իսկ թե ինչո՞ վ է հարմար 10 տարի լռած, քաղաքական գործընթացներից դուրս մնացած մարդը, որի մտորումների մասին լայն հասարակությունը տեղյակ չէ, եւ նրա մոտեցումները հիշում է 10 տարի առաջվա նրա կառավարման ժամանակից` անհայտ է: Իսկ թե ի՞նչ տարբերություն կա երկու` նույն գնացքով եկած քաղաքական գործիչների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի միջեւ, որ վերջինիս առաջինին համարժեք բարձրությամբ չդնեն` անհասկանալի է: Ճիշտն ասած` Մ. Տեր-Գուլանյանի մասին այդքան չէինք խոսի, եթե նրա նման իշխանությունից իշխանություն հաջողությամբ փոխադրված մարդկանց մի հսկա բազմություն գոյություն չունենար, ում նպատակահարմար է Տեր-Պետրոսյանի անունը շոշափելը: Սա անում են մի շարք կազմակերպություններ, մի շարք լրատվամիջոցներ` ոչ թե այն պատճառով, որ հասարակության մեջ այդպիսի պահանջարկ կամ խնդիր կա, այլ ընդհակառակը, այդպես կկարողանան էլ ավելի պառակտել առանց այդ էլ թայֆաների բաժանված ընդդիմությանը, թույլ չտալով որեւէ համախմբում, որեւէ միասնական ֆորմատ, քանի որ Տեր-Պետրոսյանին չընդունող ընդդիմության բավական մեծ զանգված կա, ով անհաշտ պայքարելու է այդ թեկնածության դեմ: Ու գիտակցված կամ անգիտակցաբար` Տեր-Պետրոսյանի առաջադրման հիպոթեզը ճամփորդում է քաղաքական դաշտով` նրա կողմնակիցներին ստիպելով անիմաստ վիրավորանքներ հասցնել իրենց ընդդիմադիր գործընկերներին, հակառակորդներին` նյարդայնանալ, իսկ մեծամասնական թեկնածու ունեցող իշխանական թեւին` հաջողությամբ ներդնել ընդդիմությանը պառակտող այս մի գործիքը: Ճիշտ է, մինչեւ այն պահը, երբ Տեր- Պետրոսյանը վերջապես հայտարարի իր մտադրության մասին` վերջն առաջադրվելո՞ւ է, թե ոչ: Չնայած վերջինիս էլ մեղադրել չի լինի` նրա համար էլ դժվար է կողմնորոշվելը` իր անհամբեր եւ իրականության զգացումը կորցրած թիմակիցների համառ պնդումների, արեւմուտքի` զանազան բնույթի հորդորների եւ իշխանական թիմից եկող տարբեր իմպուլսների միջեւ: Իսկ ինչո՞վ, օրինակ, Վազգեն Մանուկյանը, որ ծառայություններ է մատուցել երկրին, Ս. Սարգսյանի կամ Տեր-Պետրոսյանի չափ իրավունք չունի առաջադրվելու: Մեր կարծիքով` նա, հակառակը, իշխանությունից բաժանվել է` չարատավորվելով եւ ժողովրդի մեջ իր անվան շուրջը բացասական իմիջ չձեւավորելով, 10 տարի եղել է քաղաքականության մեջ, եւ քաղաքական դաշտից ու հասարակությունից գաղտնիք չունի: Նույն կերպ այլ քաղաքական ուժեր եւ իշխանությունից, եւ ընդդիմությունից իրավունք ունեն եւ կարող են սեփական թեկնածուով հանդես գալ: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման խոսակցություններն առաջ ընկած փիար ակցիա են հիշեցնում` որոշակի նպատակներով, ոչ ավելին: Թեեւ Վ. Մանուկյանի պարզաբանումներն այս բոլորի մասին վերջերս մամուլում եղել են, սակայն խնդիրն օր-օրի նորանում է, այնպես որ ստիպված էինք նորից դիմել նրան. «ՀՀՇ-ի հետ բանակցություններ չկան, ես հիմա չեմ քննարկելու ուրիշի ենթադրությունները, հասարակությունով պետք է քննարկեք այդ հարցը, ոչ թե ես քննարկեմ:

Հիմա ես նստեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսե՞մ. գովազդում եք նրան` անընդհատ իրա մասին խոսելով: Ես մի անգամ ասել եմ էս վերջին շրջանում, թեկնածությունը կդնի` կխոսենք: Դեռ ընտրապայքար չկա, պետք է ընտրական կոմպանիա լինի, ինչ-որ մտքեր ասվեն, կողքը մարդիկ հավաքվեն կամ չհավաքվեն. հիմա զրոյական վիճակ է, խմորումներ կան, բայց դեռ խմոր չկա»:

Դատելով ամեն ինչից` ՀՀԿ համագումար, ՀՅԴ Գերագույն ժողով սեպտեմբերի կեսերին, որոնք պետք է լուծեն պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը, շատերը կկողմնորոշվեն սեպտեմբերի վերջին` ուշ չէ՞. «Գիտեք ինչ, անկեղծ ասած նույնիսկ անցած տարի ուշ էր, բայց ասեմ, որ կոնկրետ մի ամիս առաջ էլ ուշ չէ, հանգամանքներից է կախված: Հիմա իրավիճակն այսպիսին է` բոլորը բոլորի հետ խոսում են, բայց լուրջ պայմանավորվածություններ չկան», ասաց Վ. Մանուկյանը` մի անգամ էլ նշելով, որ ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ որեւէ կոնֆիդենցիալ բանակցություն չկա, ինչի մասին հասարակությունը տեղյակ չէ. «Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին հարցն ուղղեք հասարակությանը, որովհետեւ դա կախված է հասարակությունից եւ ոչ թե ինձանից` իմ կարծիքն այստեղ երկրորդական է», եզրափակեց Վ. Մանուկյանը:

Ի դեպ` ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, խոսելով Տեր-Պետրոսյանի շուրջը նարնջագույն բեւեռի ձեւավորման մասին` նկատել է, թե այդ մասին կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու վերաբերյալ հայտարարություն անի, իսկ մինչ այդ ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծամասնությունը ջուրը չտեսած չի բոբկանա... թիմակիցների ցանկությունը եւ ՀՀ առաջին նախագահի հաշվարկները ճիշտ չի լինի ամբողջությամբ նույնացնել:

Իսկ Շավարշ Քոչարյանի` մի փոքր ավելի վաղ արված եզրահանգմամբ` ընդդիմության մի մասի հույսը Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ իշխանական դաշտում ստեղծվող ճեղքն է:

Ինչպես տեսնում եք` Տեր-Պետրոսյանի առաջադրումը շատ շահերի է առնչվում:

Իսկ ո՞րն է նրա՛ շահը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4