Կամո Արեյանը պատմեց նոր ուսումնական տարվա հոգսերի մասին
Նոր ուսումնական տարվա նախապատրաստական խնդիրներին էր նվիրված Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանիՙ երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսը: Ըստ փոխքաղաքապետի, ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ արդեն հանձնարարական է տրված համապատասխան կազմակերպություններին դպրոցների անխափան ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման ապահովման, դպրոցների եւ դպրոցամերձ տարածքների մաքրման համար: Ճանապարհային ոստիկանությունը սահմանելու է անվտանգ երթեւեկության 10-օրյակ: Սաՙ կազմակերպչական մասով:
Ինչ վերաբերում է կրթական գործընթացին, ապա Կամո Արեյանը հայտնեց, որ այս տարի առաջին դասարան են ընդունվելու միայն 2001 թ.-ին ծնված երեխաները եւ սովորելու են 12 տարի: Ներկա պահի տվյալներով, առաջին դասարանում կսովորի 8115 երեխա, բայց նշվեց, որ վերջնական տվյալներն ստացվում են սեպտեմբերի 5-ին: Ուստի այդ թիվը կավելանա: Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ անցյալ տարի, որն անցումային էր եւ ընդունվում էին ավագ ու կրտսեր հոսքերի առաջին դասարանցիներ, երեխաների թիվը մոտ 12 հազար էր:
Ավագ դպրոցի համար անցումը 12-ամյա կրթական համակարգին տեղի կունենա 2009/10 թթ. ուսումնական տարում, իսկ այս տարի այն փորձնական ծրագրով կներդրվի 10-15 դպրոցներում: Տեղեկացվեց նաեւ, որ նոր ուսումնական տարում դպրոցներում միասնական քննություններ են անցկացվելու նաեւ օտար լեզուներից եւ մաթեմատիկայից:
Այս ուսումնական տարում դարձյալ գործելու է 6-օրյա ուսումնական շաբաթը, ինչը որոշվել է նկատի ունենալով մասնագետների կարծիքը, ուսումնական ծրագրերի խտությունն ու ծանրաբեռնվածությունը: Ներառական կրթական ծրագրում (հաշմանդամ երեխաների համար) ընդգրկվել են 9 դպրոց եւ այդտեղ սովորող 247 աշակերտ: Երեք դպրոցներ, որ նախկինում մինչ այս տարի գտնվում էին քաղաքապետարանի ենթակայության ներքո, դուրս են եկել այդ ենթակայությունից: Մասնավորապես թ. 5 դպրոցը վեր է ածվել գնահատման կենտրոնի, իսկ թ.1 եւ թ.10 դպրոցներըՙ երեխաների սոցիալական կենտրոնների:
Դպրոցներում համակարգչայնացման մակարդակն, ըստ Կամո Արեյանի, վատ չէ, բայց բավարար էլ չէ: Դրանց թիվը 1745 է, որոնք տեղադրված են 187 համակարգչային դասարաններում: Դպրոցաշինության աշխատանքներ են իրականացվում մի շարք ծրագրերով: Դրանցից խոշորները երկուսն ենՙ պետական բյուջեից հատկացված 3,7 մլրդ դրամով նորոգվում են 44 դպրոցներ եւ «Լինսի» հիմնադրամի 10 մլն դոլարովՙ 5 դպրոց: Նորոգման աշխատանքներ են կատարվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի, սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Մի խոսքով, առանց «Լինսի» հիմնադրամի, դպրոցների նորոգմանն ուղղված գումարը գերազանցում է 4,5 մլրդ դրամը:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ բոլոր դպրոցները լոկալ ջեռուցմամբ ապահովելու ծրագիր է մշակվում, որի ընդհանուր արժեքն է 1,7 մլրդ դրամ: Նրա հավաստմամբ, դասագրքային ապահովվածության առումով որեւէ խնդիր չի առաջանա: Տպագրվել են 22 անուն նոր դասագրքեր եւ ուսումնական ձեռնարկներ, որոնք բոլորը մինչ սեպտեմբերի 1-ը կուղարկվեն դպրոցներ: Իսկ երեխաների սննդով ապահովման հարցը դրված է դպրոցների տնօրենների վրա, որոնք պետք է ապահովեն օրենքով նախատեսված սննդի անվտանգության բոլոր պահանջները:
«Լինելո՞ւ են դպրոցական համազգեստներ, թե՞ ոչ» հարցին Կամո Արեյանը պատասխանեց, որ համազգեստի որեւէ պարտադրանք չկա եւ չի լինելու: Նա հայտնեց, որ կան դպրոցներ, որտեղ որոշվել է դպրոցական համազգեստ սահմանել, եւ որ այդ դպրոցներում նման որոշումը ընդունվել է դպրոցի խորհրդի, ծնողական կոմիտեի համաձայնությամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ