«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2007-08-24 | #153, 2007-08-25 | #154, 2007-08-28


ՍՈՉԻԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄԵՐՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԲԱՍԿԵՏԲՈԼՈՒՄ

Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված 10 մարզաձեւերից, թերեւս, ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում էր բասկետբոլի մրցաշարըՙ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ մրցումներն անցկացվեցին Երեւանում:

Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մրցաշարերում բավական թեժ ու համառ մրցապայքար էր ծավալվել: Տղամարդկանց մրցաշարում բոլորից հաջող հանդես եկան եւ եզրափակիչում չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Սոչիի եւ Գլենդեյլի բասկետբոլիստները: Կիսաեզրափակիչում Սոչիի բասկետբոլիստները 68-59 հաշվով պարտության էին մատնել Սիդնեյի թիմին, իսկ Գլենդեյլը 95-61 հաշվով առավելության էր հասել Ժնեւի թիմի նկատմամբ:

Եզրափակիչ խաղն էլ առանձնացավ պայքարի թեժությամբՙ հաճելի լարվածության մեջ պահելով հանդիսականներին: Սոչիի բասկետբոլիստներն իրենց կարողացան լավագույն կողմերով դրսեւորել եւ 15 միավորի առավելությամբ արժանի հաղթանակ տոնեցին (76-61): Իհարկե, հասկանալ կարելի է թիմի բասկետբոլիստներին, որոնք մեծ ոգեւորությամբ նշեցին հաղթանակը: Իսկ թիմի գլխավոր մարզիչ Ալիկ Վեհապետյանը մեր հետ ճեպազրույցում հետեւյալը նշեց. «Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Տղաներն իրենց լավագույն հատկանիշները դրսեւորեցին, աչքի ընկան մարտական բնավորությամբ ու արժանի հաղթանակ տարան: Մրցաշարն ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված, թիմերն էլ բավական բարձր խաղամակարդակ դրսեւորեցին»:

3-րդ տեղի համար մրցապայքարում եւս պայքարը բավական թեժ էր: Ամեն ինչ վճռվեց խաղավերջում: Հաջողությունն ուղեկցեց Սիդնեյի թիմին, որը 4 միավորի առավելությամբ, 62-58 հաշվով հաղթեց ժնեւցիներին: 5-րդ տեղը զբաղեցրեց Թեհրանի թիմը, որը 65-56 հաշվով առավելության հասավ Ստամբուլի բասկետբոլիստների նկատմամբ: 7-8-րդ տեղերի համար մրցավեճում Կահիրեի թիմը 74-62 հաշվով հաղթեց Ֆրեզնոյին:

Կանանց մրցապայքարում չեմպիոնի կոչմանն արժանացավ Երեւանի թիմը: Մայրաքաղաքի բասկետբոլիստուհիները հաջող անցկացրին նաեւ վճռական փուլը: Կիսաեզրափակիչում Երեւանի թիմը մեծ առավելությամբ հաղթեց ստեփանակերտցիներին (93-49), իսկ եզրափակիչում պարտության մատնեց Գլենդեյլի թիմին (90-72): 3-րդ տեղը գրավեց Թեհրանի թիմը, որը 72-65 հաշվով պարտության մատնեց Ստեփանակերտի բասկետբոլիստուհիներին: 5-րդ տեղը զբաղեցրին Գյումրիի բասկետբոլիստուհիներըՙ հաղթելով Սպահանի թիմին (80-67):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4