Երկրորդ անգամ անընդմեջ Համահայկական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հաղթող է ճանաչվում Ստեփանակերտի թիմը, որի կորիզը կազմում են «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները: Վերջիններս անցած մրցաշրջանում հանդես էին գալիս Հայաստանի առաջին խմբի մրցաշարում եւ բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր էին նվաճել: Սակայն ֆինանսական պատճառներով «Լեռնային Արցախը» չմասնակցեց բարձրագույն խմբի այս տարվա առաջնությանը:
Ինչեւէ, Ստեփանակերտի թիմը 3-0 հաշվով հաղթելով Ստամբուլի ֆուտբոլիստներին, երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց խաղերի չեմպիոն, որի առիթով շնորհավորում ենք թիմի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանին ու նրա սաներին: Միայն ափսոս, որ եզրափակիչ խաղի ընթացքում կրքերը խաղադաշտում այնքան էին լարվել, որ մի քանի դրվագներում ֆուտբոլիստների միջեւ քաշքշուկ սկսվեց եւ հարկ եղավ վիճաբանողներին բաժանել: Նման դեպքերն, իհարկե ստվեր են գցում Համահայկական խաղերի վրա եւ տխուր խորհրդածությունների առիթ տալիս:
Մեծ հաջողություն պետք է համարել Բառնաուլի թիմի նվաճած բրոնզե մեդալները: 3-րդ տեղի համար պայքարում բառնաուլցիները 3-1 հաշվով հաղթեցին Լոս Անջելեսի թիմին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ