Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 00.20-ի սահմաններում Վանաձորում սպանվել է Լոռու մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Կարուշի Ղազարյանը: Ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, նա սպանվել է աշխատանքից տուն վերադառնալիս, իր տան մոտակայքում: Նրա ուղղությամբ արձակվել է չորս կրակոց, որի հետեւանքով դատախազն ստացել է երեք միջանցիկ եւ մեկ կույր վնասվածքՙ թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակի 4 պարկուճ: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ, քննչական խումբըՙ հանրապետության գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սարգսյանի գլխավորությամբ: Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություն: Գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործՙ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են դատախազության, ոստիկանության եւ ազգային անվտանգության փորձառու աշխատակիցներ:
Օգոստոսի 27-ին վանաձորցիները վերջին հրաժեշտը տվեցին Ա. Ղազարյանին:
Ալբերտ Ղազարյանը ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ էր, մեր հանրապետության իրավական համակարգի ճանաչված եւ պրոֆեսիոնալ գործիչներից մեկը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր