«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2007-08-25 | #154, 2007-08-28 | #155, 2007-08-29


ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԴԱՐՁԱՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

Օգոստոսի 31-ին նոր կառավարության կազմը նրան կներկայացնի վարչապետ Էրդողանը

Երեկ Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսն ընտրությունների երրորդ փուլում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության թեկնածու, արտգործնախարար, փոխվարչապետ Աբդուլլահ Գյուլին ընտրեց երկրի 11-րդ նախագահ: Մինչ քվեարկության արդյունքներին անդրադառնալը նշենք, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթը, հրապարակելով օգոստոսի 30-ի «Հաղթանակի» օրվա առթիվ նախատեսվող ամենամյա ուղերձն ընտրությունների երրորդ փուլի նախօրյակին, մեկ անգամ եւս հարկ էր համարել ընդգծելու երկրի աշխարհիկ կարգերին սպառնացող, այսպես կոչված, վտանգի մասին:

Անգլիական «Ինդիփենդենթ» թերթն օգոստոսի 28-ի համարում նույնացնելով Բույուքանըթի ուղերձը մայիսի 27-ին գլխավոր շտաբի արած հուշագրի բնույթ կրող հայտարարության հետ, դա համարել է Աբդուլլահ Գյուլին հասցեագրված նախազգուշացում: «Գարդիանը» ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս նախազգուշացումը կատարվել է հենց նախագահական ընտրությունների երրորդ փուլի քվեարկության նախօրյակին: «Նյու Յորք թայմսը» գրել է, որ Բույուքանըթի ուղերձում թեեւ չկան ընտրություններին բանակի միջամտության վերաբերյալ ազդանշաններ, սակայն դրանով փորձ է արվում իշխանություններին հիշեցնել երկրում շուրջ 10 տարվա պարբերությամբ կատարված զինվորական երեք հեղաշրջումները: Ի տարբերություն դրա, «Նոր պահպանողականների» խոսափող «Վաշինգտոն փոստը» կարծիք է հայտնել, որ այս ուղերձով թուրքական բանակը հայտնել է աշխարհիկ կարգերի վտանգման դեպքում գործի անցնելու իր պատրաստակամությունը:

Բույուքանըթն օգոստոսի 27-ին հրապարակած ուղերձում, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, արտահայտվել է Թուրքիայի Հանրապետության ունիտար կառուցվածքի նկատմամբ անհանդուրժողականություն դրսեւորող անջատողականների, ինչպես նաեւ երկրի աշխարհիկ կարգերը համակարգված ձեւով թուլացնող մութ ուժերի մասին, որոնք մշակում են երկրի մասնատման եւ այս կարգերի վերացման չարանենգ ծրագրեր: Վերջում նա ավելացրել է. «Մի մոռացե՛ք, մեր մշտական ուղեցույցը լինելու է եւ մեզ մշտապես ուժ է տալու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքիՙ «Հանրապետությունն ստեղծողները պետք է ունենան նրան պաշտպանելու կարողություն» խոսքերը»:

Համենայն դեպս, նախագահական ընտրությունների երրորդ փուլի քվեարկությանը, որը նույնպես բոյկոտել էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, 550 տեղանոց Մեջլիսում մասնակցել են 448 պատգամավորներ, որոնցից 339-ը քվեարկել է Աբդուլլահ Գյուլի օգտին: Ազգայնական շարժում եւ Ձախ ժողովրդավարական կուսակցությունների թեկնածուները համապատասխանաբար ստացել են 70 եւ 13 ձայն, 24 պատգամավորներ, ըստ ամենայնի քուրդ, չեն ընտրել ոչ մի թեկնածուի, իսկ երկու ձայն ճանաչվել է անվավեր:

Քվեարկության ավարտին Մեջլիսի նիստում ընդմիջում է հայտարարվել: Մեջլիսից նախքան քվեարկության ավարտը հեռացած Գյուլը նիստերի դահլիճ է վերադարձել արդեն որպես նախագահ եւ տվել նախագահական երդումը, որի տեքստն արտահայտված է սահմանադրության 103-րդ հոդվածում: Ըստ տեքստի, նորընտիր նախագահը երդվում է հավատարիմ մնալ Քեմալ Աթաթուրքի սկզբունքներին եւ բարեփոխումներին, ինչպես նաեւ երկրի աշխարհիկ կարգերին:

Ի դեպ, երդման արարողությունը նախատեսված էր այսօր, պարզապես Ահմեդ Նեջդեթ Սեզերի խնդրանքով կատարվել է մեկ օր շուտ: Արարողությանը չեն մասնակցել բանակի ներկայացուցիչները: Դրան է հետեւել Թուրքիայի Հանրապետության օրհներգի կատարումը, որից հետո Գյուլը շնորհակալական հակիրճ ելույթ է ունեցել: Տեղեկացնելով այս ամենի մասին, «Միլլիեթը» կայքէջում նշել է, որ Գյուլն ի տարբերություն նախորդ նախագահների, այդ թվում Սեզերի, արարողությանը ֆրակի փոխարեն մասնակցել է մուգ կոստյումով: Նորընտիր նախագահի պաշտոնական առաջին արարողությունն օգոստոսի 30-ի «Հաղթանակի» օրվա հանդիսություններն են, իսկ օգոստոսի 31-ին վարչապետ Էրդողանը նախագահ Աբդուլլահ Գյուլին կներկայացնի նոր կառավարության կազմը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4