1995 թվականին ադրբեջանաբնակ Քյանգյառլուն դարձել է Նոր Մարաղա, մարաղացիներն ու մարգուշավանցիներն էլՙ նորմարաղացի: Նրանք այսօր 530-ն են, 230-ն ապրում է Մարտակերտում: ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում շատ են մեծադիր, բայց փակ ու ժանգոտած դարպասները, որոնց հետեւում ավերված տներ են ու մրգատու փարթամ այգիներ: Նոր Մարաղան ունի դպրոց, գյուղապետարան, գյուղամիջյան աղբյուրներ, բուժկետ, 4 մթերային խանութներ, էլեկտրիֆիկացված է: Գյուղն աշխարհին կապված է Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղով, հաղորդակիցՙ Հայաստանի Հանրային եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների միջոցով:
Մինչդեռ ինչպես հին, այնպես էլ Նոր Մարաղան սահմանամերձ գյուղ է, բնականաբար, ռազմավարական նշանակությամբ:
Դպրոց
- Հնցած տարի 2, 5, 4 ըմ տարալ տոն: Սվերում ըմ դպրոցում: Փոխադրվալ ըմ երրորդ դասարան:
Մանկական անմիջականությամբ պատմեց Տիգրանը, որ Արցախի Նոր Մարաղա գյուղի 54 աշակերտներից մեկն է: 1996 թվականին Թեհրանի հայոց թեմի միջնորդությամբ, տեր եւ տիկին Վարուժան եւ Ալմա Հովհաննիսյանների միջոցներով Նոր Մարաղայում կառուցված դպրոցը 11 դասասենյակ ունի, բայց արդեն չի բավարարում դասընթացի կազմակերպմանը. «Այսօր դա արդեն քիչ է, չկա դահլիճ, մարզադահլիճ, շենքային պայմանները չեն բավարարում, սա մեր դպրոցի ամենակարեւոր խնդիրն է», վստահեցրեց դպրոցի տնօրեն Լյուբա Գրիգորյանը: Դա Նոր Մարաղայի տասնամյա դպրոցի ամենակարեւոր, բայց ոչ միակ խնդիրն է, ինչպես տեղեկացանք տնօրենից, միայն այս ուսումնական տարում դպրոցը կունենա ֆիզիկայի ուսուցչուհիՙ դասավանդելու է Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած երիտասարդ մասնագետներից մեկը: Դպրոցը հաջողություններ էլ ունիՙ 2006-2007 ուսումնական տարում երկու շրջանավարտ է ունեցել, երկուսն էլ հաջողությամբ հանձնել են բուհի ընդունելության քննությունները, ռուսաց լեզվի օլիմպիադաներում էլ Նոր Մարաղայի աշակերտները մշտապես հաղթող են:
Կենցաղ
Տասներորդցի Ռեգինան բազմանդամ ընտանիքում է ապրում. «Տանը 7 շունչ ենքՙ պապիկ չունեմ արդեն, ծնողներս են տանը, երկու քույրերս ու երկու եղբայրներս: Ընտանիքը մեծ ա, ամբողջ օրը բոստան ա, տոն ա, աշխատում ընք պամիդոր ու խիյար մշակում: Որոշալ ըմ քիմիա, կենսաբանություն ըմ պարապելուՙ մանկաբարձ տեռնամ: Քղաքումն ըմ սովորելու, չեմ վախենում կարալու ըմ»:
Գյուղի երիտասարդությանը հենց այսպես համարձակ ու նպատակամղված էլ համարում են ավագները. «Մեր գյուղի ջահելը բոլ-բոլա, ըշխադող, ապրուստ ստեղծող ա, բայց դէ չարչարմունքը շատ ա: Դե ժողովուրդը անջաղ-անջաղ իրան բավարարում ա, իրենց բակում աճացնում են ու բերքը գյուղում վաճառում», պատմեց 66-ամյա Ախունդ պապը:
«63 տարեկան ըմ, կյանքիս մեծ մասը Մարաղա գյուղումն ա անց կացալ: Հարուստ գյուղ էր: Նոր Մարաղան էլ հարուստ ա, բայց դա էսօր, սկզբից տհենց չի իլյալ, վատ էինք ապրում: Բոլորս միաժամանակ չենք եկել էս գյուղը: Ամեն մարդ իրնքն իր հետի ստեղծում ա ապրում: Հող ա բեջարում ենք էնա կարում ենք ծախում ընք, կարում չենքՙ մեքենա չկա, տամ ենք խոզերին, հեյվաններին: Տրանսպորտ չկա տանենք ուրիշ տեղ ծախենք, հնարավորություն չկա, բայց բոլ-բոլ ոտում ընք: Ստեղ ամեն ինչ էլ կաՙ տանձ, խնձոր, թուզ, կարալյոկ, տկողեն, ճղոպուր, ամեն հինչ էլ կա», հպարտորեն տեղեկացրեց մարաղացի Ալբերտ Երեմյանը, միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ իրենց գյուղի համեղ պտուղներն այլ տեղերում համտեսելու հնարավորություն չունեն, իրենք էլՙ ավելի լավ ապրելու, քանի որ տեղափոխման խնդիր կա:
50-ամյա տիկին Անյան էլ, որ գյուղի մթերային 4 խանութներից մեկում է աշխատում, վաստակից չբողոքեց. «Դե յոլա ենք տանում էլի, ոչ լավ ա, ոչ վատ: Մի տղա ունեմ, մի աղջիկ, թոռներս չորսն են, բայց դե ջահելության համար մեր գյուղում ոչ մի հետաքրքրություն չկա, հագուստի մի խանութ էլ չկա: Ամեն առավոտ 3-4 երթուղային ա գնում Ստեփանակերտ: Էն էլ Մարտակերտ-Ստեփանակերտ գիծն ա, մեր գյուղինը չէ: 500 դրամ վճարում ենք, 45-60 րոպեում հասնում»:
27-ամյա Լիաննան փաստեց համագյուղացու իրավացիությունը. «Մեր զբաղմունքը աշխատանքն ա: Գազ չկա, ջուր չկա, մի աբուռով լույսից չենք օգտվումՙ թանկ ա, օջախի վրա ենք պատրաստում: Էս էլ ակումբ պիտի լիներ, բայց տարիներով կառուցում են: Հենց էս խանութների փողոցն ա մեր կինոն ու թատրոնը, ակումբը... Ջահելները հենց էս մեյդանումն ըն հավան կենում իրար»: Լիանան անկեղծ զարմանքով պատասխանեց «Բա երիտասարդները որտեղ են զբոսնում, ժամադրվում» հարցին. «Վուու, մունք իտի պեներ անում չընք, տղան քինամ ա, ասումՙ էս աղջկանը հավան ըմ կացալ, նշանվում ըն, պսակվում հատեք իտի: Էդքան էլ ուժ չկա վեր մեծ հրսանեքներ անին: Բարեկամ-հարեւաններով հվաքվում ըն, երաժիշտներին քաղաքներան վարձում, էն ամանեքը կոխ տամ ու պրծավ»: Լիանան դեռ տարիներ առաջ այդ կերպ ընտանիք է կազմել, զավակ ունեցել, բայց ինչպես ինքն է ասում. «Ամուսինս ապրուստի համար Ռուսաստան գնաց, ընտանիքս քանդվեց: Դե հիմա էլ տուն ա պետքՙ ծնողներիս հետ եմ ապրում, բայց ոչ ես, ոչ էլ պետությունը ուժ չունենք»:
Խնդիրները
Լյուբա Գրիգորյանը պատմեց. «23 տարի ապրել ենք Մեծամորում: Ծնունդով ղարաբաղցի ենք, ռադիոյով լսեցի, որ Նոր Մարաղայում ուսուցչի կարիք կա ու տեղափոխվեցինքՙ երեւի հայրենիքի կանչով: Մինչեւ այդ էլ գալիս, գնում էինք: 2000-ին, երբ եկանք, երիտասարդություն համարյա չկար: Այսօր պատկերը այլ էՙ դրականապես փոխված, իսկ թե տներ լինեն, գյուղն ավելի մեծ կլինի: Ի դեպ, առաջընթացը պարզ է նաեւ առաջինցիների թվի աճովՙ այս տարի 9 առաջինցի ունենք»:
Գյուղապետ Ռոմիկ Կարապետյանի տեղեկացմամբՙ Նոր Մարաղայի հիմնական եւ դժվար լուծելի խնդիրը բնակարանաշինությունն է. «Չնայած պետությունը լուրջ ուշադրություն է դարձնում, սակայն հնարավորությունները սահմանափակ են: Եթե տարին գոնե 10 բնակարան կառուցվի, կարելի է բավարարել բնակիչներին: Ի դեպ, ԼՂՀ նոր նախագահ Բակո Սահակյանը քարոզարշավի շրջանակներում այցելեց գյուղ եւ խոստացավ որպես վերաբնակեցված գյուղի բնակարանաշինությանը մեծ ուշադրություն դարձնել, դպրոցի հարցում օգնել: Գործարարներից էլ խոստումներ եղել են, բայց գործ չի արվել»: Մինչդեռ 2000 թվականից Նոր Մարաղայում բնակչությունն աճում է: Արդեն երեք տարի գյուղում 31 տների նորոգման ծրագիր է իրականացվում, տարին 4-5 բնակարան է կառուցվում. «Անում են այն, ինչ կարողանում են, բայց դա մեզ անհրաժեշտից շատ քիչ էՙ 300 նորմարաղացի գյուղում տուն չունենալու պատճառով ապրում է Մարտակերտում, բայց էստեղ հող մշակում, ապրուստը հոգում: Սահմանամերձ գյուղ է, ռազմավարական նշանակություն ունեցող եւ այդ պատճառով էլ պահանջում եմ ավելի մեծ ուշադրություն: Նախկին Մարաղան էլ սահմանամերձ էր, մեր ժողովուրդը սովոր ա սահմանին մոտ ապրելու: Երեւի հենց դրա համար էլ գյուղը լքելու փաստ չի գրանցվել», ասաց Նոր Մարաղայի գյուղապետ Ռոմիկ Կարապետյանը, չմոռանալով նշել, որ գյուղը չունի գործող եկեղեցի եւ հիվանդանոց, զուրկ է հեռախոսակապից ու թե բջջայինով էլ զանգելու հնարավորություն կա, ապա գյուղից կիլոմետր հեռու:
Իրադարձություն
Նոր Մարաղայի համար արդեն երկու տարի իրադարձություն են հարեւանությամբ հայտնաբերված Արցախի Տիգրանակերտի պեղումները, որոնցով ոչ միայն ոգեւորված են նորմարաղացիները, այլեւ մասնակից: Նրանցից շատերն իրենց կյանքի կարեւոր գործը հենց այդ պեղումներին մասնակցելն են համարում: Գյուղի համար պակաս իրադարձություն չէր նաեւ պեղումների ընթացքին ծանոթանալու մեկնած լրագրողներիս միքանիժամյա ներկայությունը, որ կազմակերպել էր Տիգրանակերտի պեղումները նախաձեռնող «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ